Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներին հաջողվեց կրկին տապալել նախագահի ընտրությունները Մոլդովայի խորհրդարանում


Մոլդովա -- Նախագահ Վլադիմիր Վորոնինը քվեարկում է խորհրդարանում, 3-ը հունիսի, 2009 թ.
Մոլդովայի խորհրդարանը այսօր երկրորդ անգամ չկարողացավ ընտրել երկրի նախագահ. դա նշանակում է, որ դեռեւս գործող նախագահ Վորոնինը, ըստ Սահմանադրության, ստիպված է լինելու ցրել օրենսդիր մարմինը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել։

Ընտրությունները կանցկացվեն ամռանը, սակայն կոնկրետ օր դեռեւս նշանակված չէ։ Իշխող Կոմունիստական կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել էր վարչապետ Զինաիդա Գրեչանիի թեկնածությունը։ Անցկացրած փակ-գաղտնի ընտրությունների ձայների հաշվարկից հետո պարզվեց, որ այս անգամ նույնպես ստացվել է նախորդ քվեարկության պատկերը. նախագահ դառնալու համար Գրեչանիին չի բավականացրել ընդամենը մեկ ձայն։

Գրեչանիի օգտին ձայն էին տվել միայն խորհրդարանի 60 կոմունիստ անդամները: Ընդդիմությունը բոյկոտել էր ընտրությունները։

Մոլդովայի Lիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլաթը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դեռ նախօրեին հայտարարել էր. - «Մոլդովայում նախագահ չի ընտրվի ոչ մի դեպքում։ Արդյունքում կունենանք արտահերթ ընտրություններ, լեգիտիմ եւ ավելի ժողովրդավարական խորհրդարան, որը այնուհետեւ կկարողանա ընտրել նախագահ` ի շահ Մոլդովայի ժողովրդի, եւ կձեւավորի կառավարություն, որը կհարգի օրենքները եւ մարդու իրավունքները։ Ես հպարտ եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր կնախաձեռնեն արտահերթ ընտրությունների գործընթացը, քանի որ ցանկանում եմ Մոլդովայում տեսնել օրենքի, ոչ թե Վորոնինի «բարի կամքի» գերակայություն»։

Մոլդովայի խորհրդարանում ներկայացված 3 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները փաստորեն կարողացան, պատկերավոր ասած` վրեժխնդիր լինել իշխանությանը, իրենց գնահատմամբ` խորհրդարանական կեղծված ընտրությունների համար։

Քվեարկության մեկնարկից առաջ Վորոնինը 30 րոպե ընդմիջում հայտարարեց Խորհրդարանի նիստում եւ այդ ընթացքում բանակցեց ընդդիմության հետ` համոզելով քվեարկել, բայց` ապարդյուն։

Կոմունիստների գնահատմամբ «նոր ընտրությունները» տնտեսական սուղ պայմաններում նշանակում է փողերի անհարկի վատնում եւ, իրենց ձեւակերպմամբ, երկրում «գունավոր հեղաշրջման» փորձ: Չնայած այս հայտարարություններին, Կոմունիստների լիդեր Վլադիմիր Վորոնինն արդեն հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստ է ընտրություններին։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG