Մատչելիության հղումներ

Հունիսի 3-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Այն, որ ընդդիմությունը մեծամասնություն չստանալու դեպքում չի մասնակցի Երեւանի ավագանու աշխատանքներին միանգամայն սպասելի էր, եւ որպես մարտավարական քայլ, ունի իր դրական ու բացասական կողմերը: Սկսենք դրանից: Նախ` մեծ «դուռը շրխկացնելու» արտաքին էֆեկտը. Վստահ եմ, որ ընդդիմության շարքային կողմնակիցներն այդ որոշումն ընդունեցին մեծ ոգեւորությամբ: Կոնգրեսն իր երկրպագուներին ցույց տվեց, որ տրամադրված է անզիջում պայքարի, իսկ դա Հայաստանում բարձր է գնահատվում: Էական է նաեւ, որ իշխանության քարոզչությունը հնարավորություն չի ունենա ասելու` «եթե ավագանին ոչ լեգիտիմ եք համարում, ինչո՞ւ եք գնում այնտեղ աշխատելու», «այդքան խոսեցիք-խոսեցիք, հետո իշխանության հետ բարիշեցիք» եւ այլն: Մյուս կողմից` մանդատներից հրաժարվելը կբերի նույնքան ակներեւ բացասական հետեւանքների», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը` նշելով, - «Երեւանցիների համար, այնուամենայնիվ, կարեւոր է, որ քաղաքային իշխանությունը գոնե ինչ-որ չափով վերահսկելի լինի, որ, օրինակ, կաշառքով շինթուլտվություններ չտրվեն, որ ծառերի փոխարեն նոր «օբյեկտներ» չսարքվեն եւ այլն: Կոնգրեսն իր խմբակցությամբ, իհարկե, չեր կարողանա կանխել այդ ապօրինությունները, բայց ուժեղ լծակներ կունենար` դրանք բարձրաձայնելու ավագանու նիստերում: Ի վերջո, ցանկացած ընդդիմություն [ոչ միայն Հայաստանում] կանգնած է ընտրության առաջ` լինել միայն փողոցո՞ւմ` մշտապես կանգնելով մարգինալացման վտանգի առաջ, թե՞ այս կամ այն ձեւով առնչվել համակարգի հետ, ընդունելով, որ մեր դեպքում այն ծայրաստիճան աղտոտված է: Այդ հարցը միանշանակ պատասխան չունի»:

«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «Այն, ինչ ընդունված է անվանել «արմատականություն», հենց այստեղից է ծնվում, երբ քաղաքացին չգիտի, թե ինչ պետք է անել, երբ իրեն նվաստացնում են, չգիտի, թե ինչ պետք է անել, երբ իրեն ունեզրկում են, իրավունքը ոտնահարում են, երբ իրեն բռնության են ենթարկում: Ահա անպատասխան հարցերը. հանրային դեպրեսիան եւ նվաստացումը կուտակում են այն էներգիան, որ ի վերջո բերում է անկանխատեսելի գործընթացների: Եվ ահա, ընտրությունները, որպես կանոն, անպատասխան հարցերի պատասխանը տալու համար են, իսկ Հայաստանում ընտրական ինստիտուտը հենց այս պատճառով է մեռած, որ ոչ թե պատասխանում է հարցերին, այլ նորանոր ու ավելի մռայլ հարցեր է առաջացնում, ավելի է ահագնացնում նախկինում կուտակված հարցերի գարշահոտությունը: Ուրեմն՝ կարող ենք արձանագրել, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները մեզ ոչ միայն չմոտեցրեց ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը, այլ ավելի խորացրեց այն: Ավելի ակնհայտ դարձրեց, որ իշխանությունը բացարձակապես մտահոգ չէ այդ ճգնաժամի հաղթահարմամբ եւ ընդհակառակը՝ այդ ճգնաժամը համարում է իր գոյության միակ երաշխիք: Իսկ սա նշանակում է, որ ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը, գործը շարունակում է մնալ ընդդիմության ուսերին»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը փորձել է մեկնաբանել Հայ ազգային կոնգրեսի որոշումը Երեւանի ավագանու տեղերից հրաժարվելու մասին. - «Սա նրանց մարտավարությունն է։ Գուցե հավաքվել են ու նման որոշում են կայացրել՝ մտածելով, թե քաղաքական պայքարը այլ ձեւերով է պետք շարունակել։ Չեմ կարող պնդել, թե ՀԱԿ-ը պատրաստ չէ Երեւանի ավագանու կազմում աշխատելուն կամ ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում պետք է քաղաքական նույն դիրքորոշումը դրսեւորեին ու պնդեին, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Սակայն ցանկանում եմ արձանագրել, որ մայիսի 31-ի երեկոյան 20։00-ից մի քանի րոպե անց, երբ քվեարկությունը նոր միայն ավարտվել էր, ու քվեները դեռ չէին հաշվարկվել, արմատական ընդդիմության որոշ ակտիվիստներ ու նրանց սպասարկող լրագրողները տարբեր ձեւերով տարփողում էին, զանգահարում այս ու այն տեղեր ու պնդում, թե հաղթել է ՀԱԿ-ը»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Լավ, ենթադրենք՝ Հայաստանում կա ինչ-որ թայֆա, որը կարողացել է ահաբեկել բնակչությանը, ընտրակաշառք բաժանել, «կարուսել ֆռցնել» եւ այլն, ու արդյունքում՝ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ է նշանակել Գագիկ Բեգլարյանին: Բայց բոլորն էլ հասկանում են, որ սա ընդամենը կրիմինալի ժամանակավոր հաղթանակ է, եւ վաղ թե ուշ հաղթելու է քաղաքական մտածողությունը: ՀՀԿ-ն 47 տոկոս ձա՞յն է հավաքել: Խնդիր չկա: Բայց ՀՀԿ-ին իբր ձայն տվածներից քանի՞սն են հայտարարել, թե այդ կուսակցությանն են ընտրում, որովհետեւ հավատում են «Տարոնականությանը», մանկուց ազգային-պահպանողականներ են եւ այլն: Չկա այդպիսի բան: Լավագույն դեպքում մարդիկ հավանում են իրենց բակերի ասֆալտապատումը, վերցնում են առաջարկված 5 կամ 10 հազար դրամը եւ ընտրում են Գագիկ Բեգլարյանին»:

«Ժամանակ» թերթի հետ զրույցում Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը երեկ ասել է. - «Մենք` ես եւ Սեդա Սաֆարյանը, ամեն օր գնում ենք աշխատանքի, ուսումնասիրում ենք որոշ բաներ, սպասում ենք մեր կոլեգաների գալուն, սակայն օրվա վերջում արձանագրում ենք, որ իրենք չեն եկել, եւ շարունակում ենք մեր գործունեությունը, մինչեւ իրենք կբարեհաճեն վերադառնալ: Որովհետեւ իրենք, այնուամենայնիվ, անփոփոխելի են»: Քոչարյանը չցանկացավ մեկնաբանել իրեն հասցեագրված մեղադրանքները` կապված անտանելի մթնոլորտ ստեղծելու հետ` նկատելով. - «Մթնոլորտը եղել է խիստ աշխատանքային: Էդ ո՞նց ստացվեց, որ մթնոլորտը դարձավ անտանելի միայն այն ժամանակ, երբ Խումբը Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որից հետո մեր կոլեգաները մեկնեցին արձակուրդ, եւ արձակուրդից գալուց հետո միայն պարզվեց, որ մթնոլորտն այլեւս տանելի չէ իրենց համար: Այդ մթնոլորտի մասին գուցե խոսեին արձակուրդից առաջ: Եվ մի բան էլ, անտանելի մթնոլորտում չէր կարող ծնվել այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին Համլետ Թադեւոսյանի վերաբերյալ փաստաթուղթն է»: Իսկ այն, որ Խմբի երկու անդամները չեն ստորագրել այդ փաստաթղթի տակ, «դա իրենց պրոբլեմն է, քանի որ այդ փաստաթուղթը երկար ժամանակ քննարկվել է եւ Խմբի ղեկավարի ստորագրությամբ ուղարկվել է ԱԺ հանձնաժողով, ինչից հետո սկսվել են գործընթացներ, որոնք անհնար են դարձնում Խմբի գործունեությունը` մյուս զոհերի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG