Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկում է Կասպյան տարածաշրջանի էներգետիկ պաշարներին նվիրված խորհրդաժողով


Երեքշաբթի օրը Բաքվում մեկնարկում է Կասպյան տարածաշրջանի էներգետիկ պաշարներին, դրանց արդյունավետ օգտագործմանը եւ հեռանկարային ծրագրերին նվիրված միջազգային խորհրդաժողով, որին մասնակցում է շուրջ 500 պատվիրակ աշխարհի ավելի քան 30 երկրներից:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` միջոցառմանը մասնակցելու համար Ադրբեջան են ժամանելու բարձրաստիճան պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թուրքիայից եւ Ռուսաստանից:

Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում երկուշաբթի օրը արդեն Բաքու են ժամանել փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան եւ նախագահ Բարաք Օբամայի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ` նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Մորնինգսթարը կարեւորել է Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ ծրագրերը:

«Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը եւ հարեւան երկրները առավելագույնի կհասցնեն նավթի եւ գազի արտահանումը», - հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան եւ ընդգծել. - «Մենք պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին էներգակիրները միջազգային շուկա հասցնելու հարցում»:

Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ` Մորնինգսթարը նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայից նամակ է փոխանցել Իլհամ Ալիեւին: Նամակի բովանդակության մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը տեղեկություններ չի հաղորդում:

Էներգետիկ խնդիրներին նվիրված այս համաժողովին մասնակցում է նաեւ բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից մեկը` արքայազն Էնդրյուն, ով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչն է միջազգային առեւտրի եւ ներդրումների գծով:

Հաղորդվում է, որ խորհրդաժողովի առաջին օրվա ընթացքում մասնակիցները քննարկելու են Կասպյան տարածաշրջանի, մասնավորապես` Ադրբեջանի նավթագազային հանքավայրերում նոր ներդրումներ կատարելու հնարավորությունները, իսկ երկրորդ օրը հանդիպման առանցքում կլինեն տարածաշրջանի էներգակիրների տարանցման մի շարք այլընտրանքային ծրագրեր, այդ թվում` Ռուսաստանը շրջանցող Nabucco խողովակաշարի կառուցման հեռանկարը:

Խորհրդաժողովը կազմակերպվում է արդեն 16-րդ անգամ, եւ, ըստ կազմակերպիչների, մասնակից երկրների եւ միջազգային կազմակերպությունների թիվը տարեցտարի ավելանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG