Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Արդար ընտրությունները պետության բացարձակ շահն է»


«Մայիսի 31-ի ընտրությունները եւ ողջ նախընտրական փուլը փաստեցին, որ մենք կարողացել ենք լուծել ընտրական գործընթացներում տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրների մի ծանրակշիռ մասը եւ առաջ ենք շարժվել մյուսների լուծման ուղղությամբ», - ասված է Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձում:

Արդյունքում, ըստ նախագահի, «այս ընտրություններն իսկապես լուրջ քայլ էին առաջ»:

«Ցավոք, որոշ տեղամասերում արձանագրվել են նաեւ խախտումներ: Դրանց վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է. չի’ կարող մեկ կամ մի քանի անձանց շահը բարձր լինել պետության շահից, իսկ արդար ընտրությունները պետության բացարձակ շահն են: Դրանք պահանջում են ոչ միայն խախտումների բացառում, այլեւ հետեւողականություն խախտումների բացահայտման ու վերացման հարցում: Հետեւաբար բոլորիս պահանջն է, որ խախտման յուրաքանչյուր դեպք բացահայտվի, իսկ բոլոր մեղավորները հայտնաբերվեն ու պատասխանատվության կանչվեն օրենքի ողջ խստությամբ», - ընդգծում է Սերժ Սարգսյանը:

«Մայրաքաղաքում մենք սկիզբ ենք դնում կառավարման նոր համակարգի, որը լուրջ առաջընթաց է Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երեւանցիներին», - ասված է ուղերձում, որը տարածել են նախագահի մամլո գրասենյակից:

Նախագահը շնորհավորում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ Հայ ազգային կոնգրեսին` ընտրություններում հաջողության հասնելու համար, եւ բեղմնավոր աշխատանք մաղթում Երեւանի ավագանու կազմում:
XS
SM
MD
LG