Մատչելիության հղումներ

Հաղորդագրություններ եւ փաստեր ընտրախախտումների վերաբերյալ


Երեւանի բոլոր ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել գրեթե բոլոր համայնքներում։ Այս մասին «Ազատություն» թղթակցին ասել է կազմակերպության ղեկավար Հարություն Համբարձումյանը։

«Մարդու իրավունքները Հայաստանում» հասարակական կազմակերպությունը հաղորդում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկում է անցկացնում։ Առավոտյան ժամը 8–ից 20 մեքենաներ մեկնել են քաղաքի տարբեր թաղամասեր։ Մի քանի րոպեն մեկ ներկայացվում են տեղերից ստացված խախտումներն ու ահազանգերը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/3 ընտրատեղամասում կուտակված, քվեախցիկի մոտ հավաքված մարդկանց է նկատել, ովքեր ուղղորդել են քվեարկողներին։ Այն բանից հետո, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ու «Թրանսփերենսի ինթերնեյշնալ» կազմակերպության ներկայացուցիչը հանձնաժողովի նախագահ Մարատ Ափինյաի ուշադրությունն են հրավիրել հենց այդ պահին կատարվող նմանատիպ գործողության վրա, հանձնաժողովի նախագահը սպառնացել է, որ խոսափողը կխլի ու դուրս կշպրտի։

Մալաթիա-Սեբաստիա համայնքի մեկ այլ՝ 8/27 ընտրատեղամասից դուրս էին հրավիրել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին։ Նույն ընտրատեղամասում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Հրաչ Ափինյանը լքել է տեղամասը։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին նա ասել է, թե նկատել է, որ լցոնումներ են իրականացնում, քվեարկում են առանց անձնագրերի։

Հրաչ Ափինյանի փոխանցմամբ իրեն սպառնացել են, ասելով. - «Գիշերը այստեղից կենդանի չես գնա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG