Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը նախագահին առաջարկում է համաներում հայտարարել


Հայաստանի մարդու իրավունքների իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ուրբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է հանդես գալ համաներման մասին հայտարարությամբ:

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան պարբերաբար իրականացնելով մարդու իրավունքների ոլորտին վերաբերող վերլուծություններ եւ քաջատեղյակ լինելով հանրությանը հուզող խնդիրներին` գտնում եմ, որ հասարակական համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտի առողջացման տեսանկյունից այսօր հասունացած է համաներում հայտարարելու անհրաժեշտությունը», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում:

Արմեն Հարությունյանը նաեւ կոչ է անում քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին եւ Հանրային խորհրդին` «օգտագործել ստեղծված բացառիկ հնարավորությունը եւ նույնպես դիմել ՀՀ Նախագահին` Ազգային ժողովին համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու խնդրանքով»:

Հինգշաբթի օրը Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր այցելության ընթացքում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. - «Կոչ եմ անում քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, Հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները` համաներման անհրաժեշտության մասին ու համաներման պայմանների մասին, ներկայացնեն նախագահական նստավայր»:

Այսպիսի կոչն աննախադեպ է: Ինչո՞վ է, այդուհանդերձ, պայմանավորված նախագահի՝ նման բովանդակությամբ հայտարարությունը: Եթե նպատակը հանրության կարծիքը ճշտելն է, ապա դեռ անցյալ տարվանից թե’ քաղաքական ուժերը, թե’ իրավապաշտպան կազմակերպությունները եւ թե’ եվրոպական կառույցները համաներում իրականացնելու հորդորներ ու առաջարկներ արել են: Իսկ գուցե պատասխանատվությունը հասարակության վրա դնելու խնդի՞ր է լուծվում:

Ազգային ժողովի պատգամավոր [«Ժառանգություն»] Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հետեւյալ կերպ մեկնաբանեց. - «Համաներման հետ կապված պատասխանատվությունը, այո, առաջին հերթին, հենց ինքն է [երկրի նախագահը] կրում: Բազմիցս «Ժառանգություն»-ը բարձրացրել է այդ հարցը, բազմիցս հարցը եղել է քննարկման առարկա: Ես շատ լավ հիշում եմ, որ նա նման պատասխան տվեց. ես այդ հարցին չեմ անդրադառնա՝ քաղաքական նպատակներից ելնելով, եթե գտնեմ, որ անրաժեշտ է անդրադառնալ, այդ ժամանակ կանդրադառնամ»:

Նրա համոզմամբ, համաներում հայտարարելու լիազորությունը բացառապես նախագահ Սերժ Սարգսյանին է պատկանում , հետեւաբեր առաջարկություններ կամ պայմաններ ներկայացնելու անհրաժեշտություն չկա»:

Փոստանջյանը, այդուհանդերձ, հոդորեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ համաներման մասին առաջարկ ներկայացնել խորհրդարանին:

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ՀՀԿ-ն անպայման ներկայացնելու է առաջարկներ:

ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանեց, որ համաներում կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ Դաշնակցությունն իր «տեսակետը վաղուց է հայտնել նախագահին, եւ նոր առաջարկ ներկայացնելու անհրաժեշտություն չկա»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարցը դեռեւս չի քննարկել: Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր անձնական կարծիքը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին. - «Այդ քայլով մենք կկարողանանք իրապես հաղթահարել ներքաղաքական լարվածությունը եւ, որ շատ ավելի կարեւոր եմ համարում՝ մարտիմեկյան սինդրոմը: «Բարգավաճ Հայաստան»-ը միշտ էլ հանդես է եկել հանդուրժողականության դիրքերից, եւ, բնականաբար, մեր պոզիտիվ մոտեցումները եւ առաջարկները անպայման կներկայացնենք»:

Իր անձնական կարծիքը հայտնեց նաեւ Հանրային խորհրդի համակարգող Վազգեն Մանուկյանը. - «Ես կողմ եմ համաներմանը եւ գտնում եմ, որ համաներում պետք է: Ըստ որում՝ բավականին լայն իմաստով, բավականին շատ շերտերին հասնող համաներում»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, իրենք որեւէ առաջարկություն կամ պայման չեն ներկայացնելու:

«Մեր դիրքորոշումը մարտի 1-ից սկսած մինչեւ հիմա շարունակում է մնալ նույնը, որ որեւէ երկխոսություն այս իշխանությունների հետ՝ մինչեւ քաղբանտարկյալները ազատված չեն, հնարավոր չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG