Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը առաջադրվել է «ԱՖԿ Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում


.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջադրվել է որպես հեռահաղորդակցության ոլորտի ռուսաստանյան խոշորագույն «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Ընկերությունը հայտնի է ՄՏՍ բրենդով:

Ընկերության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում ասված է, որ տնօրենների խորհրդում առաջադրվել է ընդհանուր առմամբ 13 մարդ։ «ԱՖԿ Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի կազմը պետք է հաստատվի հունիսի 27-ին կայանալիք բաժնետերերի տարեկան ժողովում։

Տնօրենների խորհրդում առաջադրված են անկախ տնօրենների երկու թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյանը եւ 2007 թվականին «ԱՖԿ Սիստեմա»-ի կողմից գնված Shyam Telelink-ի ղեկավար Ռաջիվ Մեխրոտրան:

Ընկերության ռուսաստանյան գրասենյակի մամլո ծառայության ղեկավար Յուլիա Բելոուսը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին այս պաշտոնը առաջարկվել է, քանի որ նա ունի միջազգային համագործակցության մեծ փորձ, քաջ ծանոթ է ԱՊՀ-ի շուկային եւ վայելում է Ռուսաստանի եւ արտասահմանյան երկրների գործարար հանրության հարգանքը:

Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցություններն արդեն անցել են, եւ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընկերության մամլո ծառայության ղեկավարը, Հայաստանի նախկին նախագահը իր համաձայնությունն արդեն տվել է։

Յուլիա Բելոուսի փոխանցմամբ՝ այս պաշտոնը չի ենթադրում, որ այս կամ այն տնօրենը պարտավոր է հրաժարվել քաղաքական գործունությունից: «Այս հարցերն իրար հետ կապված չեն, նա հանգիստ կարող է զբաղվել իր քաղաքական կարիերայով», - նշեց «ԱՖԿ Սիստեմա»-ի մամլո ծառայության ղեկավարը։

Տնօրենների խորհրդի անկախ տնօրենի պաշտոնը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը ընկերության բաժնետերերից չէ:

«ԱՖԿ Սիստեմա»-ն ուղղակիորեն ներկայացված չէ Հայաստանում, սակայն փոխկապված ընկերությունների միջոցով գործունեություն Հայաստանում ծավալում է:

Բացի ՄՏՍ-ի բաժնետոմսերի 53,1 տոկոսից, «ԱՖԿ Սիստեմա»-ին է պատկանում նաեւ «Կոմստար-ՕՏՍ»-ի բաժնետոմսերի 50,9 տոկոսը: ՄՏՍ-ը եւ «Կոմստար-ՕՏՍ»-ն էլ, համապատասխանաբար, Հայաստանի երկրորդ բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմ»-ի (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ») եւ «Կոռնետ-ԱՄ» ինտերնետ պրովայդերի հիմնական բաժնետերերն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG