Մատչելիության հղումներ

«Հայ - թուրքական եւ Ղարաբաղի հարցերում իշխանության բնական դաշնակիցը պետք է լինի Կոնգրեսը»


Թուրքիայի հետ երկկողմ բանակցություններ վարելու պատրաստակամությունը, ընդհանուր առմամբ, քաղաքական ճիշտ մոտեցում է, ինչը, թեեւ տարբեր գործնական արդյունքներով, այս կամ այն կերպ ձգտել են կյանքի կոչել Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը:

Միաժամանակ, նա կարծում է, որ այս ուղղությամբ տեղի ունեցող վերջին զարգացումները գնահատելը դեռեւս վաղ է, քանի որ բացակայում են կոնկրետ, գործնական արդյունքները:

Այս պարագայում, ըստ Ժիրայր Լիպարիտյանի, ոգեւորիչ ու լավատեսական հայտարարությունները, որոնք երբեմն նաեւ թուրքական կողմից են հնչում, այնքան էլ էական չեն:

«Մենք այս տասնըքանի տարվա ընթացքին ունեցել ենք այդպիսի ելեւէջներ, ուր հաճախ լավատեսությունը գագաթնակետին էր հասնում, նույնիսկ եվրոպական, ամերիկյան դիվանագետները սկսում էին խոսել, որ` հա, անմիջապես մի բան ստացվելու է, բայց այդ փորձը մեզ մի բան պիտի ասի, որ լավատեսությունը կարելի է ունենալ հոգեբանորեն, բայց դիվանագիտորեն պետք է գործել իրապաշտորեն», - ընդգծեց նա:

Իբրեւ հայ - թուրքական բանակցություներում երբեւէ արձանագրված գործնական արդյունքի օրինակ` Ժիրայր Լիպարիտյանը հիշեցրեց Հայաստանի համար շատ ծանր շրջանը` 1992-93 թվականները, երբ գրեթե լիակատար շրջափակման պայմաններում հաջողվեց Թուրքիայի տարածքով խիստ կենսական հացահատիկի որոշ խմբաքանակներ ներկրել Հայաստան:

«Բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսվել են 1992-ի ամռանը, բավական առաջացել էին մինչեւ 1993-ի ապրիլ, որի ընթացքում նաեւ մենք կարողացանք ապահովել եվրոպական ցորենի փոխադրումը Հայաստան, երբ Աբխազիայի պատերազմը պրոբլեմներ էր ստեղծում` այդ ցորենը Ռուսաստանով, Վրաստանով բերելու այստեղ: Թուրքիայի տարածքով եկավ մոտ 52 հազար տոննա ցորեն», - ասաց Լիպարիտյանը:

Ինչ վերաբերում է հայ - թուրքական բանակցությունների ներկայիս ընթացքին, ապա, նրա խոսքերով, դրանք բնութագրվում են առնվազն հայկական կողմից պաշտոնական տեղեկատվության լիակատար բացակայությամբ, ինչն էլ ամենատարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Առավել վիճահարույցը, ըստ Լիպարիտյանի, բանակցությունների օրակարգ մտած նոր տարրի` պատմաբանների հանձնաժողովի ստեղծման պարագան է, ինչն իսկապես անհասկանալի է:

Չնայած այդ հանգամանքին, Հայաստանի նախագահի նախկին խորհրդականի կարծիքով, մի բան, այնուամենայնիվ, պարզ է. Շվեյցարիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններն ու, մասնավորապես, քաղաքագիտական շրջանակներում լայնորեն քննարկվող ճանապարհային քարտեզի կենսակոչումը անքակտելորեն կապված են Ղարաբաղյան հարցի հետ:

«Փաստորեն, այդ կապակցությունը մնացել է, թեեւ այն, ինչ գիտենք վերջին roadmap-ի (ճանապարհային քարտեզ) կապակցությամբ, այնտեղ չի հիշվում: Այսինքն` այնտեղ չլինելը չի նշանակում, որ Թուրքիան չկա: Ու հետո հաստատվեց, որ Ղարաբաղի հարցին կապակցությունը չի կորսվել», - ընդգծեց Ժիրայր Լիպարիտյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադրությանը` Լիպարիտյանը միայն տարակուսանք հայտնեց, որ իշխանությունների ներքին քաղաքականությունը «հակառակ» է նրանց վարած արտաքին քաղաքականությանը:

«Այսինքն` այդ երկու [Ղարաբաղյան կարգավորման եւ հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման] գործերը հաջողեցնելու իրենց ամենաբնական դաշնակիցը պիտի լինի [Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային] կոնգրեսը: Քաղաքական ուժերից այսօր ո՞վ է, որ կարող է նման քաղաքականության զորավիգ կանգնել», - պարզաբանեց Հայաստանի նախագահի նախկին խորհրդականը:

«Արտաքին քաղաքականություն ենք փորձում հաջողեցնել այն պայմաններում, երբ ճնշում ենք այն քաղաքական ուժը կամ ուժերը, որոնք կարող են զորավիգ կանգնել ներքին կարգով: Այս հակասությունը ես չեմ հասկանում», - շեշտեց Ժիրայր Լիպարիտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG