Մատչելիության հղումներ

Մայիսի 23-ի մամուլ


«Կապիտալ»-ը ներկայացրել է «Կասկադ ինվեստմենտս» ներդրումային ընկերության հրապարակած հերթական կանխատեսումը, ըստ որի` դրամը ողջ տարվա ընթացքում կդրսեւորի արժեւորման միտում՝ տարեվերջին հասնելով 1 դոլարի դիմաց 345 դրամի մակարդակին: Այդ կանխատեսման համար հիմք են հանդիսացել միջազգային շուկաներից գնաճային ճնշումների թուլացումը եւ Հայաստանի արտարժութային շուկայի վերլուծությունը: Մեկնաբանության մեջ նշվում է նաեւ, որ ապրիլի վերջին ֆոնդային բորսայում դոլարը գնվել է 369 դրամ փոխարժեքով, որը, սակայն, ցածր էր արտաբորսայական միջին փոխարժեքից - «Այս փաստը թույլ է տալիս մտահանգել, որ դա Կենտրոնական բանկի միջամտությունն էր, քանի որ ոչ մի ուրիշ հաստատություն չէր ցանկանա շուկայականից ցածր փոխարժեքով դոլարի վաճառք իրականացնել»:

Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ «Հրապարակ»-ին իր մեկնաբանություններն է տվել Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա ասում է. - «Մինչեւ վերջերս ամիսներ շարունակ հայտարարություններ էին արվում, պահանջ էր դրվում, որ ցրիվ չտրվեն մեր երկրի պահուստները: Կային գնահատականներ, որ այդ պահուստներն առանձին օլիգարխներին սնելու համար էին գնում: Ծախսվեց 600-700 միլիոն Հայաստանի պահուստներից, մեկ էլ եկավ մարտի 3-ը` դրամն արժեզրկվեց: Թե ինչու ծախսվեցին, թե ինչու էր այդ քաղաքականությունը վարվում, ոչ մեկը հստակ պատասխան չտվեց: Հասարակությունը հետ է նայում ու ասում` այս ինչ եք անում, դուք միայն լցնում եք այն անհատների գրպանը, որոնք ներկրմամբ են զբաղվում: Ամբողջ քաղաքականությունը նպատակաուղղված էր ինչ-որ անհատների շահերին, մինչդեռ անտեսվել էր հասարակության մի զգալի մասինը: Արդյունքում` մենք ունեցանք իմպորտի աճ եւ էքսպորտի անկում»:

«Հայոց աշխարհ»-ը անդրադառնում է համաներման` վերջին օրերս չարչրկվող խնդրին: Թերթը գրում է. - «Եթե համաներում լինի էլ, ապա բանտարկյալների ու կալանավորվածների ազատ արձակվելուց բացի, դա կարելի է գնահատել որպես ՀՀ նախագահի կողմից բարի կամքի ու մեծահոգության եւս մի դրսեւորում։ Ավելին՝ նախագահ Սերժ Սարգսյանը, եթե համաներման մասին առաջարկությամբ հանդես գա, ապա նման քայլի ամենախելամիտ մեկնաբանությունն այն կլինի, որ երկրի ղեկավարը այդպիսով հեղափոխական-առճակատումային փակուղուց ու փողոցային պայքարի հարթությունից քաղաքական նորմալ փոխհարաբերությունների դաշտ վերադառնալու հավելյալ ու վերջին շանս է ընձեռում արմատական ընդդիմությանն ու նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին»։

«Առավոտ»-ը զրուցել է Երեւանի ավագանու ընտրություններում Դաշնակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Նա ասում է. - «[Նախընտրական շրջանում] Քաղաքական բանավեճեր տեղի չունեցան, եւ դրա հիմնական մեղավորն, իհարկե, մասնակիցներն են: Ընտրապայքարն այն հստակ տրամաբանությամբ չի ընթանում, թե մենք ընդհանրապես ինչ ենք ուզում ընտրել: Մեր ժողովուրդն այդպես էլ մինչեւ հիմա լավ չի ընկալում, թե ինչ ընտրության է մասնակցում՝ զուտ տեղական ինքնակառավարման մարմնի՞, թաղապետերի ընտրության պես՝ պարզապես կատարվում է Երեւանի մասշտաբով, ինչն այդպես չէ, բայց որոշ գործիչներ հենց դա էին քարոզում: Մյուս մասն էլ սա ցանկանում էր դարձնել իշխանափոխության նախերգանք, նախագահական երկրորդ ընտրություններ, բայց լավ է՝ հետո մոտեցումներում եղան ինչ-որ փոփոխություններ»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Այժմ իշխանական բուրգը փորձ է արվում ծառայեցնել միայն մի անձի` Սերժ Սարգսյանի անձին: Ինչու է Սերժ Սարգսյանը գնում այդ քայլին, առավել եւս, որ գիտակցում է դրա հետեւանքով իրենից դժգոհների շրջանակը մեծացնելու վտանգը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի կարող այլ կերպ վարվել: Նրա իշխանության արմատը մարտի 1-ն է, իսկ դա նշանակում է, որ երբ սկսում ես ոչնչացնելով, ուրեմն պետք է մինչեւ վերջ շարունակես այդպես: Փոխադարձ շահերի վրա հիմնված քոչարյանական համակարգի տրամաբանության համար Սերժ Սարգսյանի նախագահությունն անընդունելի էր, եթե այդ նախագահությանը լիակատար աջակցություն չի ցուցաբերում Ռոբերտ Քոչարյանը: Իսկ Քոչարյանը մարտի 1 կազմակերպելով, ըստ էության, վկայեց, որ իր խնդիրը Սերժ Սարգսյանի համար նախագահի պաշտոնը որքան հնարավոր է թանկ գնով ձեռք բերելն էր, այսինքն` Սերժ Սարգսյանին պարտքի տակ թողնելը: Հետեւաբար Սերժ Սարգսյանը պարտքի տակ չմնալու մեկ տարբերակ ունի` խժռել ամեն ինչ` հասարակություն, տնտեսություն, քաղաքականություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG