Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի դիտորդները երեւանյան ընտրությունները կդիտարկեն մայիսի 27-ից հունիսի 1-ը


Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանություններից կոնգրեսը դիտարկելու է առաջին մունիցիպալ ընտրությունները Երեւանում մայիսի 27-ից հունիսի 1-ը։

Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության համաձայն` Կոնգրեսի 9-հոգանոց պատվիրակությունը գլխավորելու է Նայջել Մերմագենը (Միացյալ Թագավորություն)։ Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության շրջանակներում պատվիրակությունը նաեւ կներառի Եվրամիության տարածաշրջանների կոմիտեի երեք անդամների։

Նախքան ընտրությունների օրը պատվիրակությունը կհանդիպի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանին։

Որպես մայիսի սկզբին Կոնգրեսի անցկացրած նախընտրական առաքելության շարունակություն` պլանավորված են հերթական հանդիպումներ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուների հետ։

Պատվիրակությունը տեղեկություններ կստանա ընտրարշավի վերջին զարգացումների մասին մասնավոր եւ պետական լրատվամիջոցներից, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Մամլո ասուլիսը նախատեսված է հունիսի 1-ին։

Մայիսի 3-6-ը իրականացրած նախընտրական առաքելության արդյունքներով տարածած հաղորդագրությունում Եվրախորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, մասնավորապես, նշել էր. - «Կոնգրեսի պատվիրակության մոտ պատկերացում է ստեղծվել, որ սպառնալիքներ կան այս ընտրությունների պատշաճ անցկացման համար, մասնավորապես կապված ընտրողների գրանցման եւ մոբիլիզացիայի, ձայները հաշվելու եւ քարոզարշավի լրատվական օբյեկտիվության առումով: Պատվիրակությունն ընդհանուր տպավորություն է ստացել, որ Քաղաքապետի ինստիտուցիոնալ եւ քաղաքական դերը վտանգված է մարգինալացման իշխանությունում գտնվող քաղաքական ուժերի եւ ընդդիմության միջեւ խիստ առճակատման պատճառով»։
XS
SM
MD
LG