Մատչելիության հղումներ

Վախճանվել է Այդին Մորիկյանը


Երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո, կյանքի 52-րդ տարում վախճանվել է ճանաչված լրագրող, խմբագիր, հրապարակախոս Այդին Մորիկյանը:

«Ծանր կորուստ ունեցավ հայ լրագրությունը, ծանր կորուստ ունեցավ հայ մտավորականությունը, ծանր կորուստ ունեցավ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ջերմ բարեկամն էր նա, ծանր կորուստ ունեցան Հայ ազգային կոնգրեսը, նրա հարյուրավոր, հազարավոր ընկերներն ու բարեկամները, ուսանողները», - ասված է Հայ ազգային կոնգրեսի ցավակցական ուղերձում: - «Քաղաքացիական, լրագրողական ու մտավորականի քաջություն ունեցողների մեջ առաջիններից էր Այդին Մորիկյանը, որ 1988-ի Շարժման տարիներին «Ավանգարդ» թերթը հաճախակի դուրս էր բերում գրաքննության պարտադրած շրջանակներից։ Հայաստանի խորհրդարանի երկու գումարման պատգամավոր է եղել՝ 1990-1999 թվականներին։ 1990 թվականին նրան վստահվեց անկախության գործընթացի առաջին քայլերն անող Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պաշտոնաթերթի՝ «Հայաստանի Հանրապետության» գլխավոր խմբագրի պաշտոնը։ Որպես գլխավոր խմբագիր նա հրապարակել է նաեւ «Հայացք Երեւանից» ամսագիրը, «Օրրան», «Ժամանակ Երեւան» թերթերը»։

«Այդին Մորիկյանին երբեք չլքեց սկզբունքայնությունը, նախանձելի բարձր մասնագիտական մակարդակը, յուրահատուկ ու անկրկնելի ոճը։ Այդին Մորիկյանը մինչեւ վերջ մնաց որպես բարձրակարգ մտավորական, պատրաստակամ ընկեր, իր երկրին անմնացորդ նվիրված մեծատառով Քաղաքացի», - երեքշաբթի օրը տարածած ուղերձում նշել է Հայ ազգային կոնգրեսը:

Այդին Մորիկյանի մահվան կապակցությամբ չորեքշաբթի օրը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Խոր վշտով իմացա ճանաչված լրագրող եւ խմբագիր Այդին Մորիկյանի վաղաժամ մահվան լուրը: Նրա անունը սերտորեն կապված է Արցախյան շարժման, Հայոց անկախ պետականության վերականգնման եւ զարգացման հետ: Նա այն մտավորականներից էր, ովքեր առանց երկմտելու կանգնեցին ժողովրդի կողքին, ուժ ու եռանդ չխնայեցին նրա իղձերը իրականություն դարձնելու համար: Այդին Մորիկյանը հիմնադրեց եւ գլխավորեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմը, աշխատեց այլ լրատվամիջոցներում` մեծ նպաստ բերելով մեր երկրի անկախ մամուլի կայացմանը», - ասված է, մասնավորապես, վարչապետի ուղերձում, որը տարածել են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
XS
SM
MD
LG