Մատչելիության հղումներ

Մոլդովայի խորհրդարանը կընտրի երկրի նոր նախագահին


Մոլդովայի վարչապետ եւ նախագահի թեկնածու Զինաիդա Գրեչանի
Մոլդովայի վարչապետ եւ նախագահի թեկնածու Զինաիդա Գրեչանի

Չորեքշաբթի օրը Մոլդովայի խորհրդարանը կընտրի երկրի նոր նախագահին: Իշխող կոմունիստները այս պաշտոնում առաջադրել են գործող վարչապետ Զինաիդա Գրեչանիի թեկնածությունը:

Մոլդովացի կոմունիստները հետխորհրդային տարածքում աննախադեպ քաղաքական փոխատեղման են ուզում գնալ` վարչապետին առաջադրում են նախագահի պաշտոնում, պաշտոնից հեռացող նախագահին խորհրդարանի խոսնակ են ընտրում, իսկ նախորդ գումարման խորհրդարանի խոսնակին գործուղում են կառավարություն`վարչապետ աշխատելու:

Երկրի ընդդիմությունը համոզված է, որ այս ամբողջ քաղաքական կոմբինացիայի նպատակը իշխանական լծակները պաշտոնը լքող նախագահ Վլադիմիր Վորոնինի ձեռքում պահելն է:

Նախագահի ընտրության համար անհրաժեշտ է առնվազն 61 պատգամավորի քվե, սակայն կոմունիստական խմբակցությունը Մոլդովայի խորհրդարանում բաղկացած է ընդամենը 60 պատգամավորից: Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը որոշել են միասնաբար բոյկոտել քվեարկությունը:

«Մեր Մոլդովա» խմբակցության ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանը հույս ունի, որ ընդդիմության շարքերում «դավաճաններ» չեն լինի:

«Եթե տիկին Գրեչանին ստանա այդ 61-րդ քվեն, այն հաստատ մեր կուսակցությունից չի լինի», - վստահեցնում է Ուրեկյանը:

Եթե Զինաիդա Գրեչանին չկարողանա հավաքել նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ 61 քվեն, Սահմանադրությունը թույլ է տալիս առաջիկա երկու շաբաթներին եւս երկու ընտրափուլ կազմակերպել: Եթե դրանք էլ անհաջողության մատնվեն, կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ըստ Lիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատի` «այս պայմաններում Մոլդովայի համար միակ ընդունելի ապագան արտահերթ ընտրություններն են»:

Մոլդովայում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սակայն, նշում են, որ կեղծիքներով ուղեկցված ապրիլյան ընտրություններից հետո երկրի ապագան առայժմ շատ անորոշ է:

Think Moldova հիմնադրամի տնօրեն, լրագրող Նատալյա Մորարը, որի նկատմամբ ապրիլի 7-ի քիշնեւյան բախումներից հետո կիրառված տնային կալանքի սանկցիան դատախազությունը նոր է վերացրել, ասում է. - «Կարծում եմ, որ մենք շատ դժվարին ու շատ կարեւոր ժամանակաշրջանի շեմին ենք: Այժմ Մոլդովան եվրոպական ուղղությամբ իրական քայլեր կատարելու հնարավորություն ունի: Միաժամանակ, մեծ է հավանականությունը, որ քայլեր կկատարվեն միանգամայն այլ ուղղությումբ, եւ մեր երկիրը Եվրոպայում մի նոր բռնապետություն կդառնա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG