Մատչելիության հղումներ

Մայիսի 20-ի մամուլ


«Առավոտ»-ին տված հարցազրույցում Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը, գնահատելով Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող գործընթացները, նշում է. - «Քանի որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի փոխվել մարտի 1-ից ի վեր, ավելին՝ այն անփոփոխ է վերջին տասնամյակների ընթացքում, կարծում եմ, որ այս ընտրություններն ավելի կխորացնեն քաղաքական ճգնաժամը: Ցավոք, այսօր ես շատ ավելի մեծ վստահությամբ կարող եմ պնդել՝ մեծ է հավանականությունը, որ նորից արյունալի բախումներ կլինեն իշխանության եւ ընդդիմության միջեւ: Ընտրությունների արդյունքները կեղծելու համար բոլոր պայմանները մնացել են նույնը: Հաշվի առնելով նաեւ իշխանության նկատմամբ ընտրողների ավելացած անվստահությունը, կարծում եմ՝ իշխանության ստանալիք քվեն բավարար չի լինի Երեւանի ավագանու ընտրություններում լուրջ առավելություն ունենալու համար: Երեւանի համար ճակատամարտ է մղվելու, որի արդյունքը կանխորոշված է սոցիոլոգիական ձեւական հարցումներով: Իշխանությունը հռչակում է, որ ՀՀԿ-ն բացառիկ առավելությամբ է հաղթելու: Չեմ կարծում. եթե հաղթի, ապա բացառապես կեղծիքների միջոցով: Այս պարագայում ընդդիմությունն իր համար պետք է ճակատագրական որոշում կայացնի: Առաջին տարբերակն այն է, որ պետք է համակերպվեն կեղծված ընտրությունների հետ, ինչը հարցականի տակ կդնի ՀԱԿ-ի հետագա գոյության հարցը եւ ուղիղ հարված կհասցնի Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական քաղաքական վարկին: Կամ՝ պետք է որոշում կայացնեն՝ հերթական անգամ անօրինականության դիմած իշխանությանը բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունից հեռացնելու համար: Եթե այդ իշխանափոխությունն անգամ տեղի ունենա բռնությունների միջոցով, ապա միջազգային կառույցները եւ օտարերկրյա պետությունները հանդուրժողաբար դա կընկալեն, ընդդիմության գործողությունները դժվար թե սուր քննադատության ենթարկվեն, դրսից հակազդեցություն ստանան»:

«Չորրորդ իշխանություն»-ը հետեւյալ կերպ է մեկնաբանում կառավարության նախաձեռնած հարկային բարեփոխումների այն դրույթը, որով, մասնավորապես, նախատեսվում է խոշոր ընկերություններում Հարկային ծառայության մշտական ներկայացուցիչ նշանակել. - «Թվում է` ամեն ինչ լավ է, խոշոր գործարարները թաքցնում են հարկերը, «քցում են» պետությանը, եւ պետությունը որոշել է մշտապես վերահսկել իրավիճակը, որպեսզի հարկային մուտքերն ապահովվեն: Բայց սա` միայ տեսականորեն: Իսկ գործնականում իշխանություններն ամենայն հավանականությամբ մտադիր են ոչ թե խոշոր բիզնեսի հարկային պարտավորությունները վերահսկել, այլ գերշահույթները: Պարզ ասած, նրանց նպատակը ոչ թե բյուջեի, այլ «օբշչակի» մուտքերի ապահովումն է: Ընդ որում, նույնիսկ դա հազիվ թե հաջողվի իրականացնել, որովհետեւ հարկայինի «մշտական ներկայացուցիչները», հասկանալի է, շատ արագ լեզու կգտնեն գործարարների հետ (բնականաբար` պատշաճ վարձատրության դիմաց): Մեզ, իհարկե, այս ամենն առանձնապես չի հետաքրքրում. Թող իրար մեջ իրենց հարցերը լուծեն: Մեզ այլ հարց է հետաքրքրում` ինչպե՞ս կանդրադառնա այդ «նոր ինստիտուտի ներդրումը» տնտեսության վրա: Եվ ընդհանրապես` համաշխարհային պատմության մեջ եղե՞լ է գոնե մի դեպք, երբ ռեկետի «խստացումը» նպաստի տնտեսության իրական ծավալների աճին»:

«Հայոց աշխարհ»-ը եւս անդրադառնում է տնտեսական իրադրությանը: Թերթի մեկնաբանը նշում է. - «Տարեսկզբին Կենտրոնական բանկը Հայաստանում կանխատեսում էր բավական բարձր տնտեսական աճ (առաջին կիսամյակում 1,5-3,5, երկրորդում՝ 4,5-7,5 տոկոս)։ Ընդամենը երկու ամիս հետո, այսպես ասած, ճշգրտված ծրագրով, այդ լավատեսությունը կտրուկ նվազեց։ ԿԲ-ն դադարեց 2009 թվականի համար տնտեսական աճ կանխատեսել։ Ավելին, Կենտրոնական դրամատան դիտարկումներով, համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ կնվազի շուրջ 3 տոկոսով։ Սակայն շատ արագ պարզվեց, որ սա էլ վերջնական ցուցանիշ չէ։ Այդ կանխատեսումն իր այժմեականությունը պահպանեց ընդամենը մեկ-մեկուկես ամիս։ Կենտրոնական բանկի վերջին գնահատումներով, տնտեսական անկման հավանականությունը գրեթե կրկնակի մեծ է՝ 5,8 տոկոս»։ «Սա արդեն նշանակում է, որ ԿԲ-ն պարզապես չի տիրապետում տնտեսական իրադրությանը։ Այլապես հազիվ թե ընդամենը չորս ամսվա ընթացքում բարձր տնտեսական աճից հետո այս անգամ «կանխատեսվեր» նույնքան բարձր տնտեսական անկում», - եզրակացնում է հոդվածագիրը:

«Ժամանակ»-ին տված հարցազրույցում հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, պատասխանելով Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ հավանական տարաձայնությունների մասին հարցին, հայտարարել է. - «Չեմ կարծում [որ լուրջ տարաձայնություններ կան], եւ Դուք դրա մեջ կհամոզվեք ընտրություններն ավարտվելուց հետո: Ուղղակի հիմա ամեն մի կուսակցություն ցանկանում է իրեն ստուգի, որքան է իր հեղինակությունն ու իմիջը հասարակության մեջ, իսկ ընտրությունների ավարտից հետո բնական է, որ իշխանական կուսակցությունները իրենց ուժերը միավորելու են եւ ընտրելու են մեկ քաղաքապետ, եւ դա բնական է, քանի որ նրանք կոալիցիայի անդամ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG