Մատչելիության հղումներ

Տասնամյա վաղեմության դեպքերը` Աբդուլա Գյուլի շուրջ նոր սկանդալի պատճառ


Երկուշաբթի օրը Թուրքիայի առանձնապես ծանր հանցագործություններ քննող դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` երկրի նախագահ Աբդուլա Գյուլը պետք է դատարանի առջեւ պատասխան տա ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող հանցանքների համար:

«Թուրքիայի օրենքների եւ Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք պետք է կանգնի դատարանի առջեւ», - հայտարարել է Անկարայի դատարանը:

«Նրանք, ովքեր ուզում են անձեռնմխելիություն տրամադրել նախագահին, նախ պետք է փոփոխության ենթարկեն Սահմանադրությունը», - ասվում է դատարանի որոշման մեջ, որտեղ, ըստ թուրքական աղբյուրների, գործող նախագահ Աբդուլա Գյուլը վեց անգամ բնորոշվում է որպես «փաստաթղթերի կեղծման եւ կոռուպցիայի մեջ կասկածվող անձ»:

Այս պատմությունը սկսվում է դեռեւս 1997 թվականից, երբ Թուրքիայի սահմանադրական դատարանը բանակի ճնշումների տակ արգելեց նախկին վարչապետ Նեջմեթին Էրբաքանի «Ռիֆահ» («Բարօրություն») կուսակցությունը` պնդելով, թե այն շեղվում է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դավանած աշխարհիկ սկզբունքներից եւ հարում է իսլամիստական օրակարգին:

Դատարանի որոշմամբ` «Ռիֆահ»-ը, որի առաջնորդներից մեկն էլ ներկայիս նախագահ Գյուլն էր, պարտավոր էր պետությանը վերադարձնել բյուջեից ստացած ֆինանսական միջոցները: Կուսակցության առաջնորդներն այն ժամանակ գումարն ամբողջությամբ չվերադարձրին` պատճառաբանելով, թե արդեն ծախսել են կազմակերպչական եւ կուսակցական շինարարության նպատակներով:

Մինչդեռ ֆինանսների նախարարության ստուգումները պարզեցին, որ ղեկավարները կեղծված փաստաթղթեր են ներկայացրել ծախսումները հիմնավորելու համար եւ, ըստ էության, բյուջեից շորթել են շուրջ մեկ տրիլիոն լիրա:

Կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Էրբաքանը այս գործով դատապարտվեց շուրջ երկուսուկես տարվա ազատազրկման, զրկվեց պետության կողմից տրամադրվող թոշակից ու ունեցվածքից, մինչդեռ Գյուլը այդպես էլ դատարանի առջեւ չկանգնեց, նախ` պատգամավոր, ապա` նախագահ լինելու պատճառով:

Նախագահական վերջին` 2007 թվականի ընտրություններից հետո այս պատմության շուրջ կրքերը կրկին սկսեցին թեժանալ: Սակայն դատախազությունը որոշեց, որ նախագահը չի կարող դատարանի առջեւ կանգնել, եւ կասեցրեց գործի քննությունը:

Անկարայի առանձնապես ծանր հանցագործություններ քննող դատարանը, մինչդեռ, երկուշաբթի օրը վերանայեց դատախազության այդ որոշումը:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը շարունակում է պնդել, թե Սահմանադրության համաձայն` նախագահը դատական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն դավաճանության մեղադրանքով:

Վերջնական խոսքը կասի Վերաքննիչ դատարանը, եթե նախագահը առաջիկա օրերին բողոքարկի Անկարայի դատարանի որոշումը:

Ըստ փորձագետների` այս միջադեպը կարող է է’լ ավելի սրել իշխող` իսլամիստական արմատներ ունեցող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ու աշխարհիկ վերնախավի միջեւ առկա տարաձայնությունները:

Երկու օր առաջ աշխարհիկ կարգերի հետեւորդները մայրաքաղաք Անկարայում բողոքի բազմամարդ ցույց անցկացրին եւ պահանջեցին վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը` պնդելով, թե նա խախտում է Աթաթուրքի դավանած աշխարհիկ սկզբունքները: Ավելի քան 20 հազար մարդ փողոց դուրս եկավ Թուրքիայի դրոշներով եւ «Աշխարհիկ թուրքիան կմնա աշխարհիկ» կարգախոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG