Մատչելիության հղումներ

Մայիսի 16-ի մամուլ


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող գործիչը պետք է հստակ պատկերացնի. նա ղեկավարելու է բոլորովին այլ համակարգ, որի գործառույթները գրեթե չեն համընկնելու այսօրվա քաղաքապետարանի գործառույթների հետ: Վատ չէր լինի, որ ապագա քաղաքապետը հստակ պատկերացում ունենար՝ ինչպես է ձեւավորվելու Երեւան համայնքի բյուջեն եւ ինչ մեխանիզմներով է այն ծախսվում: Ընտրարշավի մասնակիցները պետք է պատկերացում ունենան՝ ինչ իրավասություններով է օժտված Երեւանի համայնքապետը: Ի դեպ, դրանք բավականին լայն են, օրինակ՝ նա կարող է (բնականաբար, ավագանու համաձայնությամբ) ազատել տնտեսվարող սուբյեկտին որոշակի տուրքերից: Մի խոսքով, Երեւանի քաղաքապետը լուրջ, ազդեցիկ դեմք է լինելու, եւ այդ առումով երկու շաբաթից մայրաքաղաքի կառավարումը (իհարկե, եթե ավագանին ընտրվի արդար ընտրությունների միջոցով) նման կլինի եվրոպական քաղաքների կառավարմանը»:

Նույն խնդրի մասին «Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Դատելով ընտրապայքարի մասնակիցների մեծ մասի ներկայիս քննադատական պաթոսից, Երեւանն ուղղակի կործանվում է, իսկ դա նշանակում է, որ լիազորություններն ստանձնելուն պես նորընտիր երեւանապետերը, մտրակված ձիերի եռանդով պիտի գործի լծվեն։ «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, ըստ որում, այնքան մանրակրկիտ է գրված, որ թույլ է տալիս հնարավորինս պարզ պատկերացում կազմել, թե կոնկրետ ի՞նչ գործերի լծվելու մասին է խոսքը։ Իսկ ընտրաքարոզի եկող ավագանու անդամության թեկնածուներին, սիրելի երեւանցիներ, կարելի է հարցնել, թե ընտրվելու դեպքում, օրինակ, ի՞նչ լրացուցիչ պայմաններ ու կանոններ են նախատեսում սահմանել ոգելից խմիչքների եւ ծխախոտի վաճառքի վերաբերյալ։ Ավելին՝ ի՞նչ լրացուցիչ պայմաններ են դնելու սաունաների առաջ, կամ գերեզմանատների գործունեության առումով»:

Իսկ «Նովոյե Վրեմյա»-ն նկատում է. - «Հայ ազգային կոնգրեսի փոխանցմամբ ընտրարշավի գլխավոր ինտրիգը դարձավ հետեւյալ հարցը` ինչն է քաղաքապետի աշխատանքում ամենակարեւորը` քաղաքի մաքրությունն ու կարգուկանոնը, թե՞ երկրի գլխավոր պաշտոնին միտված քաղաքական ցատկահարթակի նախապատրաստումը: Միջազգային պրակտիկայում մեկը բխում է մյուսից, եւ քաղաքի ղեկավարները, որոնք բարեհաջող կերպով քաղաքապետից նստել են նախագահի աթոռին, որպես կանոն դրան հասել են իրենց ղեկավարած մայրաքաղաքների ծաղկմանը նվիրված երկարամյա աշխատանքով: Հայրենական տարբերակում ոչ միայն իրավիճակը, այլեւ շարժառիթն է այլ` նախկին նախագահը քվեարկվում է քաղաքապետ, որպեսզի նախագահական արշավում անհաջողության համար ռեւանշ վերցնի: Ընդ որում, նա չի թաքցնում, որ մտադիր է մի աթոռից մյուսին նստել առանց շեղվելու այնպիսի մանրուքների վրա, ինչպիսին քաղաքային բարեկեցությունն է, մաքրությունը եւ հարմարավետությունը, ծառեր, ծաղիկներ տնկելը եւ քաղաքային տնտեսության այլ բաղադրիչներ»:

Ընտրական գործընթացին է անդրադարձել «Ժամանակ»-ը. - «Արդյո՞ք շատ չեն իմիտացիաները մի ընտրության համար, երբ Դաշնակցությունը գործուղվում է ընդդիմություն, երբ ծեծում են ԲՀԿ-ին, երբ Ահարոն Ադիբեկյանին հրահանգում են «մերկացնել» Գագիկ Ծառուկյանի իրական կերպարն ու բացահայտել իսկական արժեքը: Եթե մի պահ ենթադրենք անգամ, որ իսկապես գործ ունենք բացառապես իմիտացիաների հետ, ապա հենց միայն այն, որ դրանք այսքան շատ են մի ընտրության շրջանակում եւ այսքան բազմավեկտոր, խոսում է իշխանության իրական խնդիրների մասին: Բայց իշխանությունը վերջին տասը տարում երբեք էլ այդպիսի խնդրի պակաս չի զգացել, եթե խոսքը հասարակության հետ ունեցած հարաբերության մասին է: Խնդիրը նոր կարող էր լինել, եթե վերաբերեր իշխանության ներսում եղած հարաբերություններին: Իսկ ավելի կոնկրետ, այդ խնդիրը կարող է լինել այն, թե հատկապես հիմնականում ո՞ւմ ջանքերի եւ դերակատարության շնորհիվ պետք է ապահովվի իշխանական հերթական վերարտադրությունը: Բանն այն է, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն մնացել են երկուսով: Դաշնակցությունը ժամանակին թռավ գնացքից` հասկանալով, որ իր ստանալիքը ավելի քիչ է լինելու, քան տալիքը, իսկ ՕԵԿ-ն էլ, ըստ էության, եղած-չեղած մի հաշիվ է, ընդամենը իշխանության հոգեզավակ եւ վերջ»:

«Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է նոր ընդդիմադիր կուսակցության` Դաշնակցության կեցվածքին. - «Մեր նորահայտ կոլեգան` ՀՅԴ-ի բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, օրերս ասաց, որ իրենք, այսինքն` Դաշնակցությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կոշտ ընդդիմություն են եղել, եւ մանրամասնեց, այն ժամանակ չլուծված հարցերը շատ էին, պատերազմ էր: Եթե այս նախադասությունը մատուցենք պատմությանը անտեղյակ մի մարդու եւ նրան բացատրենք, որ իշխանությունները, որոնց նկատմամբ կոշտ ընդդիմություն է եղել Դաշնակցությունը, ուխտադրուժ պատերազմ են սկսած եղել եղբայրական Ադրբեջանի դեմ, եւ ահա Դաշնակցությունը պայքարել է այդ անարդար եւ օկուպացիոն պատերազմը դադարեցնելու, եղբայրական ադրբեջանցի ժողովրդին հայկական բռնապետությունից փրկելու համար: Այլապես` ինչո՞վ բացատրել, որ գոյամարտի տարիներին, դեռ ոտքի չկանգնած իշխանության նկատմամբ կոշտ ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած քաղաքական ուժը այսօր Հայաստանում գործող ընդդիմությանը մեղադրում է «երկրում իրավիճակը ապակայունացնելու» փորձերի մեջ: Այլապես` ինչպե՞ս բացատրել, որ իրենց ընկերներին բանտերում թողած քաղաքական ուժը այսօր ընդդիմությանը մեղադրում է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը ձեռնտու չէ հենց իրեն` Հայ ազգային կոնգրեսին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG