Մատչելիության հղումներ

Կատարվեց Մատենադարանի նոր մասնաշենքի հիմնարկեքը


Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքին իր ներդրումը կունենա հայ հայտնի գործարար, մոսկովյան «ՄոնԱրխ» կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, կարեւորելով այն փաստը, որ գիտահետազոտական ինստիտուտի նոր մասնաշենքի հիմնարկեքը կատարվում է հաստատության հիմնադրման 50-րդ տարեդարձին, ասել է. - «Սա պատահական զուգադիպություն չէ, այլ օրինաչափություն: Այն վկայում է, որ մեր մեջ կենդանի է եւ արթուն տեւողականության, շարունակականության, ժառանգականության կամքը, առանց որի ամեն մի ժողովուրդ դատապարտված է կորստյան: Այն վկայությունն է մեր ժողովրդի արարչագործ ձիրքի, կենսասիրության եւ իմաստնության»:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնավորապես, ասել է. - «Ժամանակ անց այստեղ բարձրանալու է նորակերտ համալիրը Մատենադարանի` ապահովված լավագույն պայմաններով եւ արդիական հնարավորություններով, որոնք անհրաժեշտ են ձեռագիր մատյանների, հնատիպ գրքերի, հնագույն վավերագրերի, հին եւ նոր մամուլի պահպանման եւ ուսումնասիրման համար: Իր արժեքայնությամբ ու նշանակությամբ Երեւանի Մատենադարանը դարձել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը: Մատենադարանը սրբավայր է մեր ժողովրդի համար: Արդարեւ, գիտական եւ մշակութային արժեքից բացի, Մատենադարանում պահվող ժառանգությունը ունի նաեւ հոգեսնունդ մասունքի արժեք: Մատենադարանը շարունակում է իր անփոխարինելի առաքելությունը մեր Հայրենիքի ազատ կյանքում, մեր ժողովրդի հավիտենական ընթացքի ճանապարհին»:

Արարողությանը ներկա էին նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Մայր Աթոռի միաբաններ, նոր մասնաշենքի բարերար Սերգեյ Համբարձումյանը, նախագծի հեղինակ Արթուր Մեշչյանը, Մատենադարանի գիտաշխատողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG