Մատչելիության հղումներ

«Տիտանիկ»-ի հայ ուղեւորի ծոռնուհու հարսանիքը` նավի ցուցանմուշների սրահում


Վիլլի Ստովեր. «Տիտանիկ»-ի խորտակումը
Վիլլի Ստովեր. «Տիտանիկ»-ի խորտակումը

«Տիտանիկ»-ի նավաբեկությունից փրկվածների մեջ մի հայ կար, ու նրա ծոռնուհու հարսանիքը ուրբաթ օրը կատարվելու է Միլուոքիի հանրային թանգարանի «Տիտանիկ»-ի ցուցանմուշների սրահում:

28-ամյա Մելիսա Վարդանյանը ամուսնանում է 31-ամյա Վաչե Միքայելյանի հետ: Մելիսան ասել է, որ ամուսնության հանդեսը նվիրվում է իր մեծ պապի սիրո պատմությանը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` նրա մեծ պապը Դավիթ Վարդանյանն էր: Թուրքիայի ջարդերից փախած 22-ամյա Դավիթը «Տիտանիկ»-ով ուղեւորվում էր Ամերիկա: Նա որոշել էր նոր կյանք սկսել Նոր աշխարհում ու ավելի ուշ կանչել հարսնացուին` Մարիին:

1912 թվականի ապրիլի 15-ին «Տիտանիկ»-ը, բախվելով սառցալեռանը, խորտակվեց Ատլանտյան օվկիանոսում: 1500 մարդ խեղդվեց: Դավիթը, ով լավ լողալ գիտեր, կարողացել է կառչել փրկակար նավակներից մեկի եզրին ու փրկել իր կյանքը: Կազդուրվելուց հետո նա սկսել է փնտրել հարսնացուին: Որոնումը վեց տարի շարունակվել է: Նա հայտարություններ է տվել թերթերում, հարսնացուին փնտրել է եկեղեցիներում, որբանոցներում, գրություններ է հղել, նամակներ է ուղարկել Հայաստան:

Մարին էլ կարծել է, թե Դավիթը չկա, մահացել է: Միայն վեց տարի հետո նրանք իմացել են, որ երկուսն էլ ողջ են: Իրար գտնելուց հետո էլ նրանք կարողացել են հանդիպել հինգ տարի անց միայն` 1923 թվականին, Կանադայում` Նիագարա ջրվեժի մոտ:

Ապրել են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Մեդվիլ քաղաքում: Քաղաքի բնակիչները Վարդանյանին կոչել են «Տիտանիկ Դավիթ»: Նա մահացել է 1966 թվականին:

Երբ Մելիսան ծնվել է, նրա մեծ պապն ու տատը արդեն չկային, բայց նա մեծացել է` լսելով նրանց պատմությունը: Նա ասում է, թե դա ամենամեծ սիրո պատմությունն է, որ երբեւէ ինքը լսել է:

Մելիսան չի կիսում որոշ մարդկանց կարծիքը, թե «Տիտանիկ»-ի նմուշների ցուցահանդեսում ամուսնանալը վատ նշան է: «Տիտանիկ»-ը մահվան ու աղետի նշան չէ. դա ճամփորդություն էր դեպի ավելի լավ կյանք, թեեւ լի էր մարտահրավերներով», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG