Մատչելիության հղումներ

«Հայ ժողովրդին օգնելը ԱՄՆ-ի համար մնում է բարձր առաջնահերթություն»


Օբամայի վարչակազմի ներկայացրած հայտում 2010 ֆինանսական տարում Հայաստանի համար պահանջվող գումարը` 30 միլիոն դոլար, 25 տոկոսով ավելի է 2009 ֆինանսական տարում Հայաստանի համար Բուշի վարչակազմի պահանջած գումարից, - ընդգծել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը` արձագանքելով Հայաստանին ցուցաբերվող ամերիկյան օժանդակության մասին մի շարք հրապարակումների:

Հիշեցնելով, որ 2009 թվականի համար Բուշի վարչակազմը պահանջել էր 24 միլիոն դոլար, իսկ Կոնգրեսը այդ գումարը կրկնապատկեց, դեսպանը նշում է. - «Հայաստանին 2010 ֆինանսական տարում հատկացվելիք օժանդակության փաստացի ծավալների մասին Կոնգրեսը դեռ որոշում չի ընդունել»:

«Ինչ վերաբերում է ֆինանսավորման տրամադրմանը Լեռնային Ղարաբաղին, ապա բյուջետային հայտ Կոնգրեսին երբեւէ չի ներկայացվում, քանի որ բյուջետային գործընթացում այդպիսի մեխանիզմ նախատեսված չէ: Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրման հարցը կարգավորվում է ավելի ուշ` Կոնգրեսի ու Վարչակազմի միջեւ բյուջեի բանակցման ընթացքում», - ասված է դեսպան Յովանովիչի հաղորդագրությունում, որը երեքշաբթի օրը տարածել է Միացյալ Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ռազմական օժանդակության վերաբերյալ Մարի Յովանովիչը նշում է. - «Վարչակազմի 2010 ֆինանսական տարվա համար ներկայացրած հայտով Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման շրջանակում Հայաստանի համար պահանջվել է նույնքան գումար, որքան 2009 ֆինանսական տարվա համար: Նվազում չի եղել: Ադրբեջանի հետ կապված ավելացումը պայմանավորված է խաղաղապահ ու ռազմածովային անվտանգության ասպարեզում ԱՄՆ-ի գերակայությունների հետ, մասնավորապես` Կասպից ծովում տարածման եւ թմրադեղերի անօրինական փոխադրումների դեմ պայքարի հետ»:

Դեսպանը վստահեցնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի համար պահանջվող օժանդակության ծավալները «մանրակրկիտ քննության են առնված ու կշռադատված, որպեսզի բացասաբար չանդրադառնան տարածաշրջանում ռազմական հավասարակշռվածության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա»:

Մարի Յովանովիչը հիշեցնում է, որ 1988 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել է ավելի քան 2 միլիարդ դոլարի մարդասիրական օգնության ու զարգացման օժանդակություն, որն ուղղվել է Հայաստանի տնտեսական, սոցիալական ու կառավարման ոլորտներին, եւ հավաստիացնում է. - «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ իր վաղեմի գործընկերությանը: Հայ ժողովրդին օգնելն եղել եւ մնում է բարձր առաջնահերթության խնդիր»:

2010 թվականի պետբյուջեի նախագծում, որը Բարաք Օբամայի վարչակազմը ներկայացրել է անցած շաբաթ, Հայաստանի համար առաջարկվում է 30 միլիոն դոլարի օգնություն` 2009 թվականի 48 միլիոնի փոխարեն, Ադրբեջանի համար` 22.12 միլիոն` 2009-ի 18 միլիոնի փոխարեն:

Վարչակազմը առաջարկում է նաեւ Ադրբեջանին հատկացնել 4 միլիոն դոլարի, Հայաստանին` 3 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն, իսկ ռազմական ուսուցման եւ վարժանքների համար Հայաստանին տրամադրել Ադրբեջանին հատկացվելիք 900 հազար դոլարի ուղիղ կեսը, մինչդեռ 2001 թվականին Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրներին հավասարաչափ ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG