Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը սփյուռքահայեր գործարարներին կոչ է անում մասնակցել Հայաստանի հզորացմանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երեւանում ապրիլի 29-30-ը անցկացվող Հայ առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների ներկայացուցիչների խորհրդաժողովի մասնակիցներին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նշել է, որ յուրաքանչյուր հայի համար շատ կարեւոր է եւ պարտադիր` պարբերաբար այցելել Հայաստան, որպեսզի կարողանա անմիջականորեն տեսնել եւ զգալ իր պատմական Հայրենիքի ձեռքբերումներն ու խնդիրները: Նա ընդգծել է, որ բացի ճանաչողական այցերից` յուրաքանչյուր հայից ակնկալվում է նաեւ գործնական մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացման ընթացքին:

«Ցավոք, մեր սփյուռքահայ քույրերի եւ եղբայրների մեծ մասի մոտ թյուր կարծիք կա, որ չի կարելի Հայրենիքում բիզնես ունենալ, դրամ վաստակել: Սա շատ սխալ մոտեցում է, որովհետեւ Հայրենիքում գործարարությամբ զբաղվելը, դրամ վաստակելը ամենագործուն մասնակցությունն է Հայաստանի զարգացմանը, որովհետեւ Հայրենիքում վաստակած յուրաքանչյուր դրամից որոշակի հարկեր եք վճարում, աշխատատեղ, համախառն ներքին արդյունք եք ապահովում եւ այլն: Բացի այդ, եղած արտադրության կողքին, այսպես թե այնպես, նաեւ այլ փոքր ու միջին բիզնեսներ են զարգանում», - ասել է նախագահը, կոչ անելով հանդիպման մասնակիցներին եւ ի դեմս նրանց սփյուռքահայ բոլոր գործարարներին` մասնակցել երկրի տնտեսական հզորացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանի սփյուռքի նախարարության, Հայ - կանադական գործարար խորհրդի եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությունը` ստեղծել «Հայկական առեւտրական ցանց» ընկերակցություն: Նա հույս է հայտնել, որ այն կդառնա գործուն կառույց, ի դեմս որի` Հայաստանը կունենա վստահելի գործընկեր, որը կարող է հանդես գալ նախաձեռնություններով, ապահովել հետադարձ կապ նաեւ գործարար - պետական կառույցներ հարաբերություններում:

Հանդիպման մասնակիցները եւս կարեւորել են նախաձեռնությունը, նշելով, որ այդ ցանցը կարող է ոչ միայն Հայրենիքի, այլեւ Սփյուռքի գործարար միավորումների միջեւ ապահովել արդյունավետ կապ եւ համագործակցություն:

Նախագահը պատասխանել է նաեւ Հայաստանի տնտեսության, երկրում իրականացվող բարեփոխումների, արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG