Մատչելիության հղումներ

Ապրիլի 30-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Պետք է խոստովանել, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացը, որ առաջ են մղում Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը, թողնում է հակասական տպավորություն: Մի կողմից` թվում է, որ կա արդյունավետ գործընթաց, երբ կատարվում են ընդդիմության պահանջները Ազատության հրապարակի, մարտի 1-ի, քաղբատարկյալների ազատ արձակման վերաբերյալ: Մյուս կողմից` հավասարապես թվում է, որ այդ ամենով ընդամենը ժամանակն է անցնում եւ ձգվում է դեպի խորհրդարանի հերթական ընտրություն: Անշուշտ, Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ իր նպատակը արտահերթ ընտրությունն է, ընդ որում առաջինը` նախագահի, հետո` խորհրդարանի: Կոնգրեսը նաեւ հայտարարում է, որ «ավազակապետության կազմաքանդումը» շարունակում է մնալ իր օրակարգի առաջնային հարցը: Բայց մի բան է հայտարարելն ու դրա ուղղությամբ սեփական պատկերացումների եւ հաշվարկների վրա հենված քայլեր կատարելը, մեկ այլ բան է դրանց արդյունավետությունը»:

«Առավոտ»-ի խմբագիրը ասում է. - «Հեղափոխականների հուսալքությունն այնքան էլ հասկանալի չէ: Եթե ձեր մեջ եռում է երիտասարդ արյունը, եթե դուք ուզում եք իշխանափոխություն «հենց հիմա», ապա հրապարակավ հայտարարեք, որ Լեւոնի հետ համաձայն չեք, ստեղծեք ձեր շարժումը, գնացեք Ազատության հրապարակ, նստացույց արեք, վրաններ խփեք, թռցրեք ոստիկանների գլխարկները, գրոհեք նախագահի նստավայրը եւ այլն: Ինչո՞ւ եք ուզում, որ այդ գործողություններն իրականացվեն անպայման Կոնգրեսի կողմից: Այն, ինչ ասվում էր «երրորդ ուժայինների» հասցեին, կիրառելի է նաեւ հեղափոխակաների դեպքում: Ընդդիմության դաշտը հնարավոր չէ մոնոպոլիզացնել. դա բաց ծով է, որտեղ բոլորը կարող են լողալ` ըստ իրենց քաշի: Այո, երիտասարդության համար հրապուրիչ է «հեղափոխական ռոմանտիկան»: Բայց [...] ի՞նչ է նշանակում` հանուն սեփական ամբիցիաների, հանուն արտաքուստ վեհ, բայց իրականում` ցնորամիտ եւ ուտոպիստական գաղափարների խաթարել մարդկանց քիչ թե շատ բնականոն կյանքը, փոխել մի փտած ռեժիմը շատ ավելի հրեշավոր ռեժիմով: Քանի՞ կոպեկ արժեն այս նպատակների համար կիրառվող անձնական խիզախությունն ու ինքնազոհությունը: Ես դրա մեջ ոչ մի ռոմանտիկա չեմ տեսնում»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Հայոց աշխարհ»-ին ասում է. - «Վերջին երեք տարիների ընթացքում ներքաղաքական դաշտում առաջացել են համեմատաբար նպաստավոր պայմաններ ընդդիմադիր ուժերի համագործակցության համար: Այս իրավիճակի գլխավոր արդյունքն այն է, որ ընդդիմադիր ուժերից մեկի` ՀԱԿ-ի կեցվածքը վերջին երկու ամիսներին արմատապես փոխվեց: ՀԱԿ-ը փոխեց իր բոլոր այն չափորոշիչները, որոնցով երեք տարի շարունակ ահաբեկում էր ընդդիմադիր ճամբարը: Մինչ այս, ըստ էության, ընդդիմություն էր համարվում այն ուժը, որն ուներ հեղափոխական մոտեցումներ, բացառում էր իշխանության հետ որեւէ երկխոսություն: Քաղաքագիտական այբուբենին ծանոթ որեւէ քաղաքական գործիչ, որեւէ քաղաքական ուժ չի կարող հավակնել` միայնակ դուրս գալ ներկա ծանր իրավիճակից: Հետեւաբար ես ողջունում եմ ներքաղաքական դաշտում ընթացող ու կայանալիք յուրաքանչյուր երկխոսություն»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը համառոտ անդրադարձ է կատարում վերջին տարիների Հայաստանի տնտեսական քաղաքականության լոզունգներին: Թերթը գրում է. - «Վերջին մի քանի օրերին Հայաստանի տնտեսական կյանքում ակնհայտորեն «ներքին հեղաշրջում» է տեղի ունենում: Կամ, ավելի ճիշտ, տնտեսական քաղաքականության կտրուկ փոփոխություն: Եթե հիշում եք, իշխանության գալուն պես Սերժ Սարգսյանը մի քանի «առաջնահերթություններ» արձանագրեց` դրսի հայերին կոչ արեց բիզնես դնել Հայաստանում, սկսեցին խոսել «հայկական աշխարհի» ու զանազան քաղաքներ «համաշխարհային կենտրոններ» դարձնելու մասին, արհեստականորեն արժեւորում էին դրամը եւ դրանով իսկ ոչնչացնում հայրենական արտադրությունը եւ այլն: Ամիսներ առաջ իշխանությունները կարծես թե վերջնականապես ձեռք քաշեցին բոլոր այդ ցնդաբանություններից, ու երկար ժամանակ որեւէ մեկը «հայկական աշխարհի» կամ «միջազգային կենտրոնների» մասին չէր խոսում: Բանն այնտեղ հասավ, որ Սերժ Սարգսյանը կոչ արեց երազանքների գիրկն ընկնելու փոխարեն «թութուն ցանել» (այսինքն` զբաղվել գյուղատնտեսությամբ), ու նաեւ հայտարարեց, թե դրամի արժեւորման քաղաքականությունը տեղական արտադրողների համար վնաս է, որ դրամը պիտի կամաց-կամաց արժեզրկվի: Մի խոսքով` թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, «հայի հետին խելքը» սկսել է աշխատել Բայց [վերջերս] Կենտրոնական բանկի նախագահը հայտարարեց, թե մենք ճիշտ չենք հասկացել Սերժ Սարգսյանին, նա դրամի արժեզրկման մասին խոսում էր երկարաժամկետ հատվածի «մոմենտով», ու դա չի նշանակում, որ այս տարի դրամը արժեզրկվելու է: Այսինքն` հետո՞ ինչ, որ դա տեղական արտադրողին վնաս է, թող մի տարի «յոլա գնան»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ անցած տարվա վերջից պահպանվող ինտրիգը տրամաբանական հանգուցալուծումը կստանա առաջիկա օրերի ընթացքում։ «Գազպրոմում» ասում են, որ կողմերը գրեթե ավարտել են գործող պայմանագրի լրացումը, որով եւ ամրագրվելու է Հայաստան առաքվող գազի նոր գինը։ Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներն էլ ասում են, որ Հայաստանին գազն առաքվելու է ավելի բարձր գներով։ Մայիսի 1-ին լրանում է Հայաստան մատակարարվող գազի նոր գնի շուրջ ընթացող «Գազպրոմ» - «ՀայՌուսգազարդ» բանակցությունների վերջնաժամկետը, եւ երեկ «Գազպրոմի» մամուլի ծառայությունից «Կապիտալին» ասացին, որ կողմերն արդեն գրեթե ավարտել են գործող պայմանագրի լրացումը, որով եւ ամրագրվելու է Հայաստան առաքվող գազի նոր գինը։ Նշենք, որ «Գազպրոմը» Հայաստան առաքվող գազի գնի որոշման ժամանակ հաշվի է առել, որ 2010 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գնի մոտ 17 տոկոս բարձրացման պայմաններում բնակչության համար գազի գինը բարձրացավ 37,5 տոկոսով, իսկ ընկերությունների համար` 13 տոկոսով, ինչի արդյունքում 11,6 տոկոսով կրճատվել են «Գազպրոմից» ձեռք բերվող գազի ծավալները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG