Մատչելիության հղումներ

Ֆյուլեն հանդիպել է Դաշնակցության եւ «Ժառանգության» հետ


Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ հանդիպել է Հայաստանի խորհրդարանական ընդդիմության՝ Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Դաշնակցության մամլո դիվանի հաղորդագրության համաձայն` կարծիքներ են փոխանակվել ներքաղաքական որոշ զարգացումների, ինչպես նաեւ Հայաստանի իրավական դաշտում օրենսդրական բարեփոխումների նկատմամբ` Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրամիության մոտեցումների շուրջ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` «կարեւոր չափով արծարծվել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների բովանդակությունն ու ընթացքը»:

Դաշնակցությունից հանդիպմանը մասնակցել են կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ինչպես նաեւ Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) փոխնախագահ Մարիա Թիթիզյանը:

«Ժառանգության» պատվիրակությունը գլխավորել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG