Մատչելիության հղումներ

Շփման գծում վերջին օրերին երեք հայ զինծառայողներ են զոհվել, մեկը` վիրավորվել


Լեռնային Ղարաբաղ - Հայ դիրքապահը շփման գծում, արխիվային լուսանկար
Լեռնային Ղարաբաղ - Հայ դիրքապահը շփման գծում, արխիվային լուսանկար
Երեկ ամբողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում` դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերը, ինչի հետեւանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել, հաղորդում է Ղարաբաղի Պաշտպանության բանակը:

Զոհված եւ վիրավորված զինծառայողների անունները Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրությունում հրապարակված չեն, ասված է միայն, որ նրանք բոլորը զորակոչվել են Ղարաբաղի Մարտունու շրջանի զինկոմիսարիատից:

Մեկ օր առաջ` ապրիլի 28-ին շփման գծում զոհվել էր Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանը:

«Ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ», - հաղորդում է Ղարաբաղի Պաշտպանության բանակը, որի օպերատիվ տվյալներով` «շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից սահմանահատվածի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ` արձակելով ավելի քան 2700 կրակոց»:

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել ապրիլի 27-29-ը ժամանակահատվածում. - «Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը “АК”, “СВД”, «Սև նետ», “ПК”, “ДШК”, “УТЕС” տիպի զինատեսակներից շփման գծի հարավարեւելյան, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա միայն երեք օրվա ընթացքում արձակել են շուրջ 1800 կրակոց: Հրադադարի խախտման արդյունքում դժբախտաբար ղարաբաղյան կողմն ունեցել է կորուստներ»:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է», - ասված է հաղորդագրությունում:

«Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ եւս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլեւ առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին», - հայտարարում է Ղարաբաղի Պաշտպանության բանակը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով իրավիճակին` Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը ասաց, թե «ադրբեջանական կողմի սադրանքները երբեք անպատիժ չեմ մնացել եւ այսուհետ չեն մնա»:

Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կողմից երեք հայ զինծառայողների սպանության կապակցությամբ շաբաթ օրը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը:

«Ադրբեջանի դրսեւորած այս արկածախնդիր գործելաոճի պատճառով ստեղծված իրավիճակը լրացուցիչ լարվածություն է ստեղծում՝ բացասաբար ազդելով բանակցային գործընթացի վրա», - ասված է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հայտարարությունում: - «Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է արհամարհել միջազգային տարբեր ատյաններից եւ երկրներից հնչող հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, վստահության ամրապնդման եւ միայն խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու վերաբերյալ կոչերը»:

«Այս վարքագիծն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ստեփանակերտում գործող Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ վերջերս շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվության նկատմամբ Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի մոտեցումները ոչ ադեկվատ են, եւ հարկավոր է, որ քայլերն ավելի խիստ լինեն:

«Այդ քաղաքականությունը Ադրբեջանը շարունակում է, դա նշանակում է, որ մեր քայլերը ոչ ադեկվատ են, եւ մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք բոլոր ուղղություններով, այդ թվում` պետք է այնպիսի վիճակ ստեղծվի, որ Ադրբեջանը զերծ մնա այդպիսի քայլերից: Նպատակը պիտի լինի ստիպել ադրբեջանական կողմին` չշարունակել այդ սպանությունները առաջին գծում», - նշեց Մայիլյանը:

Նա շարունակեց, թե քայլեր պետք է արվեն նաեւ դիվանագիտական ուղղությամբ, որպեսզի, օրինակ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումներն ավելի հստակ լինեն նման դեպքերի ժամանակ:

Մայիլյանի կարծիքով, վերջին շրջանում ադրբեջանական կողմը մեծացրել է ռազմական ճնշումը հայկական կողմի վրա` նպատակ ունենալով բանակցային գործընթացում առավելության հասնել. - «Սա Ադրբեջանի վերջերս որդեգրած քաղաքականության շարունակությունն է: Իրենք կիրառում են նոր բանաձեւ, որը կարելի է այսպես ձեւակերպել` «կա'մ խաղաղություն Ադրբեջանի պայմաններով, կա'մ պատերազմ»: Հիմա իրենք փորձում են այդպիսի քայլերով ճնշում գործադրել հայկական կողմերի վրա եւ միջազգային միջնորդների վրա, որ հարցը կարգավորվի իրենց կանոններով: Բայց պարզ է, որ ո'չ Ստեփանակերտը, ո'չ Երեւանը պատրաստ չեն ադրբեջանական կամ Բաքվի կանոններով խաղալ»:

Հայաստանի Ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի խոսքով` սահմանային նման միջադեպերով ադրբեջանական կողմը փորձում է հասնել երկու նպատակի:

«Առաջինը` ե'ւ դիվանագիտական բանակցությունների շրջանակում, նաեւ միջազգային հանրությանը ապացուցելու, որ Ադրբեջանը իրականում պատրաստվում է պատերազմի եւ գնում է այդ ուղղությամբ, եւ փորձել այլ բանակցային խնդիրներում մեծ դիվիդենտներ շահել: Եվ դրա հետ միասին, միգուցե եւ, բանակցային կորուստների հանդեպ խնդիրներ լուծել», - ասաց Պողոսյանը` մանրամասնելով. - «Եթե, օրինակ, Ալիեւը զգացել է, որ ինքը բանակցություններում ինչ-որ կորուստներ է ունեցել, ինքը միակ մեխանիզմը, որով փորձում է բանակցությունների այդ պայմանավորվածությունները զրոյացնել` կբերի այս տեսակի միջադեպերով... »:

«Պետք է գիտակցել նաեւ, որ մեր պատերազմը դեռ չի ավարտվել», - ընդգծեց նա:

«Ընդհանրապես, առաջին գծում ցանկացած միջադեպի հանդեպ եղել է միշտ էլ համապատասխան արձագանք: Դրանց մասին կարող է չի գրվում, միգուցե եւ իմաստ էլ չկա գրելու, բայց միշտ էլ, վստահաբար, ե'ւ դիվանագիտական աղբյուրներում են այս թեմաները արծարծվում եւ խոսվում եւ գրվում, ե'ւ, դրա հետ միասին, ռազմական դաշտում բանակը իր արձագանքը կատարել է այնպես, որ ինչ-որ չափով սանձել է, որ դա չի դարձել ամենօրյա գործընթաց», - ամփոփեց Թեւան Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG