Մատչելիության հղումներ

Փաստաբանը պնդում է, որ լրագրողը «բորբոքել է Ռուբեն Հայրապետյանին»


Ռուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյան
Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Գեւորգ Գեւորգյանը չորեքշաբթի կայացած դատական նիստում հայտարարեց, որ «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանի նպատակը ի սկզբանե եղել ոչ թե սեփական իրավունքների պաշտպանությունը, այլ Ռուբեն Հայրապետյանի անունը վարկաբեկելը եւ լրատվամիջոցներով Հայրապետյանի հասցեին արատավորող տեղեկություններ տարածելը:

Լրագրողը դատի էր տվել պատգամավորին` դատարանից պահանջելով պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին իրենից ներողություն խնդրել եւ գումարային փոխհատուցում վճարել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Փետրվարի 2-ին, երբ Բալասանյանը զանգահարել էր Հայրապետյանին հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու համար, պատգամավորը նրան անվանել էր տգետ, հետո հայհոյել, հետո էլ ավելացրել` «լավ արեցի»:

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրել է Հայրապետյանի հայհոյանքների ձայնագրությունը: Սակայն պատգամավորի պաշտպանական կողմը դատարանում այսօր պնդեց, որ Քաղաքացիական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում միայն հրապարակային վիրավորանքի համար, իսկ այս խոսակցությունը հրապարակային չի եղել: Բացի այդ լրագրողը չարաշահել է իր իրավունքները` զանգահարելու պահից սկսած չի ասել, որ ձայնագրում է եւ միայն Հայրապետյանի հարցնելուց հետո է հաստատել ձայնագրելու փաստը: Դրանից հետո պատգամավորը շարունակել էր հայհոյանքները: Սա փաստաբանը այսպես բացատրեց. - «Պատկերացրեք անձի վիճակը, երբ ոչ ոք իրավունք չունի նրան ձայնագրելու առանց իր համաձայնության, եւ դիմացինը միանշանակ պատասխանում է, որ ձայնագրում է: Այդ պարագայում առողջական խնդիրներ ունեցող եւ լարված վիճակում գտնվող մարդու մոտ, բնականաբար, առաջացել է հուզմունք»:

Հայրապետյանի պաշտպանը նաեւ լրագրողի կողմից սեփական իրավունքների չարաշահում է համարում նաեւ այն, որ Գրիշա Բալասանյանը ոչ թե անմիջապես իրավապահներին կամ դատարանին է դիմել, այլ իրեն հայհոյելու մասին տեղեկությունները լրատվամիջոցներով է տարածել: Դրա նպատակը , ըստ փաստաբանի, եղել է «ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անունը վարկաբեկելը»:

Փաստաբանը դրա ապացույցն է որակում նաեւ այն, որ հայցադիմումի հենց առաջին տողում Ռուբեն Հայրապետյանը ներկայացված է որպես Ազգային ժողովի պատգամավոր:

«Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որեւէ կերպ չի պարտավորեցնում անձին այդտեղ բացի անուն, ազգանունից, բնակության վայրից այլ տվյալներ նշել», - հայտարարեց փաստաբանը. - «Այսինքն չկա հայցվորի իրավունքի խախտում, չկա հասցված վիրավորանք, ինչը ենթակա է պաշտպանության` օրենքով սահմանված կարգով: [Լրագրողը] խախտել Հայրապետյանի իրավունքները, բորբոքել է նրան, ինչը հանգեցրել է նման ենթադրյալ արտահայտությունների»:

Ըստ Գեւորգ Գեւորգյանի` խոսակցությունը ձայնագրելով պատգամավորի «անձնական կյանքին միջամտություն է արվել»: Բալասանյանի փաստաբան Վահե Գրիգորյանը հակադարձեց այս պնդմանը. - «Այսինքն այդ հայհոյանքները, որ կան CD կրիչում, հանդիսանո՞ւմ են պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անձնական կյանքի բաղադրիչը, եւ դրանք պիտի պաշտպանվե՞ն ավելի հզոր, ավելի ամուր, քան անձի արժանապատվությո՞ւնը»:

Հայրապետյանի փաստաբանը հրաժարվեց պատասխանել այս եւ մի շարք այլ հարցերի, այդ թվում` այն հարցին, թե լրագրողի ու պատգամավորի միջեւ արդյո՞ք տեղի է ունեցել նման բովանդակությամբ խոսակցություն, եւ արդյո՞ք ձայնագրությունը համապատասխանում է այդ խոսակցության բովանդակությանը:

Գրիշա Բալասանյանը իր հայցադիմումում չի վկայակոչում Քաղաքացիական օրենսգիրքը (որով, ըստ Հայրապետյանի փաստաբանի, պատասխանատվություն է նախատեսում միայն հրապարակային վիրավորանքի համար): Լրագրողը վկայակոչում է Սահմանադրության մի շարք հոդվածներ ու Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի պահանջները:

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հերքեց դատարանում հնչած այն պնդումները, թե իրենք նպատակ ունեն Հայրապետյանին վարկաբել: Խմբագիրն ասաց` եթե նման նպատակ ունենային, դա այլ կերպ կանեին:

«Ի վերջո ԱԺ պատգամավոր է, որը օրենքի խախտումներով զբաղվում է տարբեր բիզնեսներով, բայց մենք ընդհանրապես նպատակ չունենք որեւէ մեկի անձնական կյանքի մեջ մտնելու: Մեր թերթի պատմության մեջ որեւէ նման դեպք չեք գտնի», - ասաց Բաղդասարյանը:

Այս գործով դատաքննությունը կշարունակվի մայիսի 12-ին:

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG