Մատչելիության հղումներ

Նախաքննական մարմինը «չի ընդունում» Փաստահավաք խմբի եզրակացությունը


«Նախաքննական մարմինը չի ընդունում կազմված այս փատաթուղթը, չի համարում այն կազմված ճիշտ: Գտնում եմ, որ փաստաթղթում կան շատ տվյալներ, որոնք խեղաթյուրված են», - ուրբաթ օրը ասել է մարտի 1-2- դեպքերն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստին հրավիրված քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

«Խմբի եզրակացությունում ակնհայտ գրված է, որ Փաստահավաք խումբը հանգում է եզրակացության, որ Համլետ Թադեւոսյանի մահը վրա է հասել իր մոտ գտնվող նռնակի պայթյունի հետեւանքով», - ասաց նա՝ հավելելով, որ մամուլում հրապարակված [Փաստահավաք խմբի] զեկույցում նման ակնհայտ ձեւակերպում կամ փաստի արձանագրում չկա:

Ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ Փաստահավաք խմբի երեք անդամների ստորագրությամբ զեկույցում նշված են քննչական խմբի թույլ տված օրենսդրական խախտումները, փորձագետների եւ քննիչների բացթողումներն ու թերացումները։

Քննչական խմբի ղեկավարի համար առավել անընդունելի եւ անհանգստացնող է, որ զեկույցը հրապարակվել է մամուլում, քանի որ դրա արդյունքում, Վահագն Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «հասարակական թյուր կարծիք է ձեւավորվել»։

Ինչ վերաբերում է թույլ տված բացթողումներին, ապա դրանք «չեն կարող ազդեցություն ունենալ ռադիկալ հանգամանքների պարզաբանման, տվյալ դեպքում՝ Համլետ Թադեւոսյանի մահվան կամ մյուս անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ: Եվ չկա որեւէ խախտում, որը դուրս է, ասենք, անփութության կամ ոչ պատշաճ կատարելու շրջանակից եւ իրավական արդեն ավելի լուրջ հետեւանքներ է բերում»:

Այդ դեպքում Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ի՞նչ է հաջողվել պարզել նախաքննական մարմնին։ Ժամանակավոր հանձնաժողովի անդամները կոնկրետ հարցեր հնչեցրեցին։ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հարցրեց, թե արդյո՞ք պարզվել է, թե ինչ տիպի նռնակից է զոհվել Համլետ Թադեւոսյանը, գտնվե՞լ է արդյոք նռնակը նետողը:

«Մարդը, որը նետել էր այդ նռնակը կամ պայթուցիկ նյութը, որի հետեւանքով մահացել է Համլետ Թադեւոսյանը, չի հայտնաբերվել: Նռնակը կամ պայթուցիկ սարքը, որի հետեւանքով մահացել է Համլետ Թադեւոսյանը, գործի է դրվել գործարանային արտադրության մի քանի տեսակի նռնակների համար նախատեսված պայթուցիչի միջոցով: Սակայն, հայտնաբերված բեկորները բավարար չեն եղել տալու եզրակացություն, թե դրանք նռնակի կտորներ են, թե այլ պայթուցիկ սարքի», - պատասխանեց Հարությունյանը:

Ոստիկանության փորձագիտական վարչության բաժնի պետի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն էլ պարզաբանեց, որ հայտաբերված բեկորների չափն այնքան փոքր է եղել, որ հնարավոր չի եղել պարզել պայթած նռնակի տեսակը։ Կոշիկների վրա հայտնաբերված մանր վնասվածքներից եզրակացրել են, որ «պայթյունը եղել է Համլետ Թադեւոսյանի ոտքերի մոտ»:

Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց նաեւ, որ պայթուցիկ սարքը կամ նռնակը չէր կարող Համլետ Թադեւոսյանի ձեռքերում կամ դրանց մոտ հատվածում պայթած լիներ՝ հակառակ դեպքում «ձեռքերը առնվազն պոկված կլինեին»։

Ի վերջո, Վահագն Հարությունյանը ամփոփեց. - «Համլետ Թադեւոսյանը մահացել է այլ անձի կողմից նետված նռնակի պայթյունի հետեւանքով: Տվյալ դեպքում, ըստ ոստիկանության զորքերի, նրա զինակիցների՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների շրջանից նետված նռնակի հետեւանքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG