Մատչելիության հղումներ

Եվրամիությունը տվեց Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկը


Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 7 մայիսի, 2009
Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 7 մայիսի, 2009
Հինգշաբթի օրը Պրահայում կայացավ Արեւելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը:

Համաժողովի լիագումար նիստին մասնակցում էին ծրագրին մաս կազմող հետխորհրդային վեց պետություններից չորսի` Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահները: Մոլդովան եւ Բելառուսը ներկայացված էին փոխվարչապետների մակարդակով:

Նիստում ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով, մասնավորապես, ասաց. - «Այս օրը նշանակալից է Հայաստանի ժողովրդի, կարծում եմ նաեւ Արեւելյան գործընկերության մեջ ներառված մյուս երկրների համար: Անկախ նրանից, թե
ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան` ունենք անցնելու մեծ ճանապարհ: Եվ ես ուզում եմ Հայաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական հանձնաժողովին, Միության անդամ-պետություններին` այդ ճանապարհը միասին հաղթահարելու հրավերի համար: Սա տեսլականի վրա հիմնված քայլ էր, ապագային միտված որոշում: Մենք հասկանում ենք, որ դա հեշտ որոշում չէր Եվրամիության համար, հատկապես` գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Եվ, այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերությունը խիզախ նախաձեռնություն է: Այն երկուստեք պարտավորեցնող է, բայցեւ երկուստեք շահավետ: Մենք մտնում ենք այս գործընթացի մեջ մեր շուկաները փոխադարձաբար ավելի մատչելի դարձնելու, մեր քաղաքացիների եւ հասարակությունների միջեւ երկխոսությունը խթանելու, ապագան համատեղ կերտելու եւ մեր մշակույթները փոխհարստացնելու ձգտմամբ: Եվ ես հավատում եմ, որ դա մեզ հաջողվելու է»:

«Մեր օրերում «Եվրոպա» հասկացությունը դարձել է հանդուրժողականության, կառուցողական մոտեցման, խաղաղ լուծումների հոմանիշ: Մենք շատ ենք ուզում, որ Արեւելյան գործընկերությունն ուժեղացնի Եվրոպայի այդպիսի ընկալումը: Մենք ուզում ենք, որ այն հաջողությամբ պսակվի եւ ցույց տա, որ արժեքային համակարգի վրա հենված քաղաքականությունը կարող է տալ բացառիկ եւ անսպասելի արդյունք: Բայց դրան հասնելու համար պահանջվում է բոլորիս նվիրված եւ հետեւողական աշխատանքը», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

Լիագումար նիստի ավարտին տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ:

Նույն օրը ընդունվեց Արեւելյան գործընկերության հռչակագիրը, որի մասին փաստաթղթի հեղինակներից մեկը` Եվրամիության նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հայտարարել էր. - «Հռչակագրում այլ կարեւոր հարցերի հետ մեկտեղ կոչ է արվում հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները :Փաստաթղթի հեղինակները միանշանակորեն սատարում են ժողովրդավարացման, բարեփոխումներին ուղղված գործընթացները, աջակցություն են հայտնում քաղաքական համագործակցությանն ու անվտանգության խնդիրների շուրջ երկրների գործակցությանը»:

Արեւելյան գործընկերության ծրագրի իրագործմամբ Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա տարիներին սերտացնել կապերը նախկին խորհրդային վեց հանրապետությունների հետ:

Եվրամիության ղեկավարները նշում են, թե իրենց վերջնական նպատակը ծրագրի անդամ պետությունների հետ ազատ տնտեսական գոտի ստեղծելն ու վիզային հեշտացված ռեժիմ սահմանելն է:

Եվրամիության պաշտոնյաները իրենց լուրջ հաջողություններից են համարում նաեւ այն հանգամանքը, որ այս, իրենց բնորոշմամբ` ռազմավարական ծրագրում հնարավոր է եղել ընդգրկել միմյանց հետ հակամարտության մեջ գտնվող Հայաստանն ու Ադրբեջանը: Այդ մասին համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:

Հետագայում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հստակեցրեց իր մոտեցումը` ասելով. - «Սա այսօր այն տեղը չէր, որտեղ պետք էր քննարկել հակամարտությունների հարցը: Այս ձեւաչափի նպատակը ընդհանրապես հակամարտությունների լուծումը չէ: Մենք, իհարկե, միանշանակորեն աջակցելու ենք սառեցված բոլոր հակամարտությունների կարգավորմանը»:

Եվրամիության պաշտոնյաների խոսքից զգացվում է, որ այս փուլում նրանք առավել մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ծավալված երկխոսությանը:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, մասնավորապես, հայտարարեց. - «Արդեն իսկ մեծ ծավալի աշխատանք այս հարցում կատարվել է: Բայց հարկ է հասկանալ, որ սա այն խնդիրն է, որը պետք է դառնա նաեւ երկու երկրների հանրային շրջանակների քննարկման առարկա: Այժմ մենք այդ փուլում ենք, սակայն քաղաքական ուղղությունը, որ ընտրել են երկու կողմերը, շատ հստակ է: Բազմաթիվ բանակցություններ արդեն իսկ կայացել են, եւ ես հույս ունեմ, որ դրանք որոշակի արդյունքի կհանգեցնեն»:

Շվեդ դիվանագետը մեկ անգամ եւս տարածաշրջանի պետություններին կոչ արեց բացել բոլոր փակ սահմանները:

«Երբ նայում եք քարտեզին, ապա հստակ երեւում է, որ Հարավային Կովկասը բնական տարանցիկ ուղի է իրենից ներկայացնում: Բայց այսօր Հարավային Կովկասի երեք ամենաերկար սահմանագծերը փակ են: Միայն այդ անոմալիան հաղթահարելու դեպքում տարածաշրջանը կկարողանա զարգանալ: Եվ դա ձեռնտու է լինելու ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին ու Վրաստանին», - ընդգծեց Սեմնեբին:

Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ եւ շփումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքական հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ:

«Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է», - Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ֆրանսուա Ֆիյոնը:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի վարչապետին է ներկայացրել հայ - թուրքական քաղաքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Հայաստանի նախագահը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, իսկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում տեղի ունեցող բանակցային գործընթացը եւ բանակցային սեղանին առկա կարգավորման հիմնական սկզբունքները հնարավորություն են ընձեռում առաջ շարժվել: Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հակամարտության այնպիսի լուծման, որը կբերի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ֆրանսիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ֆիյոնը ողջունել եւ աջակցություն է հայտնել հայ - թուրքական քաղաքական երկխոսությանը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

Անգելա Մերկելը եւ Բենիտա Ֆեռերո-Վալդները ողջունել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG