Մատչելիության հղումներ

Դիտորդները սպառնալիք են տեսնում ընտրությունների պատշաճ անցկացման համար


Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ մայիսի 3-6-ը նախընտրական առաքելություն իրականացրած Եվրախորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը սպառնալիքներ է տեսնում ընտրությունների պատշաճ անցկացման համար:

Երեւանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության համաձայն, երեք անդամից կազմված պատվիրակությունը՝ Կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինին (Իտալիա), Միշել Գեգանը (Ֆրանսիա) եւ Նայջըլ Մերմագենը (ՄԹ), հանդիպել է կառավարության եւ քաղաքային պաշտոնյաների, քաղաքական ֆրակցիաների մեծ մասի թեկնածուների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, տարբեր երկրների դեսպանների հետ։

«Մարդիկ, ում հետ խոսել է պատվիրակությունը, մասնավորապես ընդգծել են այս ընտրությունների նշանակությունը Հայաստանում տեղական ժողովրդավարության եւ ընդհանուր առմամբ երկրում քաղաքական իրավիճակի համար։ Կոնգրեսի պատվիրակության մոտ պատկերացում է ստեղծվել, որ սպառնալիքներ կան այս ընտրությունների պատշաճ անցկացման համար, մասնավորապես կապված ընտրողների գրանցման եւ մոբիլիզացիայի, ձայները հաշվելու եւ քարոզարշավի լրատվական օբյեկտիվության առումով», - ասված է հաղորդագրությունում: - «Պատվիրակությունն ընդհանուր տպավորություն է ստացել, որ Քաղաքապետի ինստիտուցիոնալ եւ քաղաքական դերը վտանգված է մարգինալացման իշխանությունում գտնվող քաղաքական ուժերի եւ ընդդիմության միջեւ խիստ առճակատման պատճառով»։

«Մենք մտահոգ ենք, որ Երեւանի քաղաքացիների իրական կարիքները կարող են մի կողմ մղվել այս առճակատման պատճառով», - ասել է Ֆաբիո Պելեգրինին։

«Որպես այս ընտրությունների միակ ինստիտուցիոնալ դիտորդներ, մենք այս ասպեկտները հաշվի կառնենք մեր դիտորդական առաքելության ընթացքում, որը իրականացվելու է մայիսի վերջին»,- շեշտել է Նայջըլ Մերմագենը։

«Չնայած մեր առաքելության ընթացքում բարձրաձայնված մտահոգություններին, մենք վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները կանեն առավելագույնը այս ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան պատշաճ ձևով անցկացնելու համար», - եզրափակել է Միշել Գեգանը։

Կոնգրեսը միջազգային միակ կազմակերպությունն է, որը դիտարկելու է մայիսի 31-ի ընտրությունները։
XS
SM
MD
LG