Մատչելիության հղումներ

Մայիսի 6-ի մամուլ


«Ազգ»-ի մեկնաբանը փորձում է պատասխանել այն հարցին, թե արդյոք քաղաքապետի ընտրությունները քաղաքական են. - «Իշխանական մեր աղբյուրների տրամաբանությամբ` Հայաստանի նախագահը հավանաբար այն պաշտոններում, որտեղ հնարավոր է, կդանդաղի նշանակումներ անելուց մի շատ պարզ պատճառով. քաղաքային ավագանու ընտրություններում, այնուամենայնիվ, պատկերը պարզվելու է։ Այս առումով այն վեճը, թե քաղաքակա՞ն են արդյոք քաղաքապետի ընտրությունները, թե՞ պարզապես մենեջեր են ընտրում, անկախ, որ հենց օրենքով է ստացել իր պատասխանը, այն է` համամասնական ցուցակներով ընտրությունն արդեն քաղաքական է, մի շատ պարզ տեխնիկական պատասխան ունի։ Եթե ավագանու ընտրություններում տոկոսային այն պատկերը չստացվի, ինչ խորհրդարանական ընտրություններում էր, եւ, ասենք, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կամ ընդդիմությունն էականորեն ավելին ստանան, ակամա արդեն այլ պատկեր ենք ունենալու։ Երկրի նախագահն էլ չի կարողանա չնկատելու տալ այդ արդյունքները, ուրեմն եւ, անկախ ամեն ինչից, դրանք քաղաքական ուժերի պատկեր են գծելու»։

«Հայոց Աշխարհ»-ին իր մեկնաբանություններն է տվել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը. - «Բոլորովին համաձայն չեմ կտրուկ գնահատականներին, որ մամուլում հնչեցվում են Հայաստանի իշխանությունների, նրանց պատասխանատվության կանչելու, լիազորությունները սահմանափակելու հետ կապված։ Այդ գնահատականները խիստ չափազանցված են, անգամ արտառոց։ Հայաստանի առաջին նախագահը դիմել է Ղարաբաղի ժողովրդին, թե՝ դուք ըմբոստացեք, մենք կպաշտպանենք ձեր շահերը, ես էլ ասել եմ, որ դա իրավիճակի ոչ համարժեք ընկալում է. ոչ մի ղարաբաղցի չի պատրաստվում դիմել նրա օգնությանը, որովհետեւ Ղարաբաղում լավ գիտեն՝ ինչ տարբերակ էր պաշտպանում նա 1997-ին, եւ ինչու ստիպված եղավ հրաժարական տալ։ Իհարկե, լավ կլիներ, որ փաստացի իրավիճակը միջազգայնորեն ճանաչվեր, այսինքն` Ղարաբաղի անկախությունը՝ փաստացի սահմաններում, ավելացրած Ադրբեջանի կողմից բռնագրավված Գետաշենը եւ Շահումյանը։ Շա՛տ լավ կլիներ։ Բայց մի բան է այդ մասին ասել որպես վերլուծաբան, քաղաքական գործիչ, պարզապես հայ մարդ, այլ բան է՝ այդ դիրքորոշումը պնդել որպես բանակցային կողմ»։

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Դուք ծախում եք Ղարաբաղը եւ ուրանում եք ցեղասպանությունը»: Նման մեղադրանք վերջին 18 տարիների ընթացքում Հայաստանի ցանկացած ընդդիմություն հնչեցրել է ցանկացած իշխանության հասցեին: Իրականությունն, իմ կարծիքով, այն է, որ բոլորս՝ թե քաղաքական մարդիկ եւ թե մենք՝ սովորական քաղաքացիներս, ունենք այդ հարցերի շուրջ մեր կասկածներն ու մտահոգությունները: Իմ անձնական տպավորությամբ՝ այսօր Հայաստանը գտնվում է 10 անգամ ավելի վատ պայմաններում, քան 1997-ին, եւ լուծումները, որոնք մեզ առաջարկվում են, նույնպես 10 անգամ ավելի անբարենպաստ են: Բայց եթե Ղարաբաղի հարցը, ինչ-որ հրաշքով, սառեցվի, ասենք՝ եւս 10 տարով, ապա մենք կունենանք 100 անգամ ավելի վատ վիճակ: Բայց մտահոգությունները, եթե անկեղծ են, պետք է արտահայտվեն զուսպ ու չափավոր ձեւով: Օրինակ, երբ ղարաբաղյան մի շարք հ/կ-ներ հանդես են գալիս խրոխտ հայտարարություններով, կամ որոշ գործիչներ առաջարկում են զրկել Հայաստանին Լեռնային Ղարաբաղը ներկայացնելու լիազորությունից, դա հենց այդ «պերճախոսությունների» շարքից է: Ենթադրենք՝ «զրկում են», եւ ենթադրենք՝ ՀՀ իշխանություններն այլեւս չեն բանակցում հարեւան երկրի ղեկավարների հետ: Պե՞տք է արդյոք բացատրել, թե ինչի է դա հանգեցնելու»:

«Հայկական ժամանակ»-ը իր մեկնաբանությամբ է ներկայացնում ընթացող դատավարությունները. - «Ընդհանրապես ոնց է ընդունված. վկաները ներկայանում են դատարան, ցուցմունքներ տալիս, պատասխանում կողմերի հարցերին: Այդ ցուցմունքները, հարցերը, պատասխանները արձանագրվում են, եւ դատարանը, դրանց վրա հիմնվելով, անում է համապատասխան եզրակացություններ: Եվ ահա, թվում է, թե հայտնի վկաները եկել են, ցուցմունքներ են տվել, պատասխանել են կողմերի հարցերին, այդ ամենն արձանագրվել է եւ անցել դատարանի տրամադրության տակ: Սա նշանակում է, որ այլեւս դատարանը պետք է գնահատական տա այդ ցուցմունքներին: Բայց այստեղ դատախազությունը հաղորդագրություն է տարածում: Իսկ դուք հարցրիք՝ ինչի՞ մասին այդ հաղորդագրությունը, ի՞նչ է ասվում այդ հաղորդագրության մեջ: Իսկ հաղորդագրությունը այն մասին է, թե դատարանում ցուցմունք տված վկաները ինչ ի նկատի ունեին, երբ տալիս էին այս կամ այն ցուցմունքը: Պարզ է, չէ՞: Դատարանը, դատավարության մասնակիցները, մամուլը, հանրությունը ի վիճակի չեն ինքնուրույն ընկալել, թե ինչ ի նկատի ուներ վկան, երբ ասում էր, թե ինքը ե՜ւ մասնակցել է մարտի 1-ի հանրահավաքին, ե՜ւ չի մասնակցել: Եվ ահա բոլոր այն «գեղցիների» համար, ովքեր այս ամենը կարող են եւ չհասկանալ, դատախազությունը պարզաբանում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG