Մատչելիության հղումներ

Մայիսի 5-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ճիշտն ասած, ես ոչ մեկից չեմ լսել, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները քաղաքական չեն լինելու: Գուցե իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը նման անգրագետ միտք արտահայտել է, բայց նրան կարելի է պարզապես եւս մեկ անգամ հիշեցնել, որ 100 տոկոսանոց համամասնական (կուսակցական) ընտրությունները չեն կարող քաղաքական չլինել: Ուրիշ հարց, որ քաղաքացիների մի մասը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում, ընդդիմության հաղթանակի դեպքում, ողջ Հայաստանում արդարություն եւ ժողովրդավարություն կհաստատվի, կտիրի համընդհանուր սերն ու բարգավաճումը, ինչպես նաեւ հայանպաստ ձեւով կլուծվեն մեր հարեւանների հետ բոլոր խնդիրները: Իսկ հայաստանցիների մյուս մասին թվում է` Երեւանի քաղաքապետը պետք է գործի օրենքով իրեն վերապահված (ի դեպ, բավականին լայն ու շատ կարեւոր) լիազորությունների սահմաններում: Եվ դրանց թվում չարաբաստիկ աղբահանությունը խնդիրներից մեկն է»:

«Ազգ»-ի մեկնաբանը տարակուսանքի մեջ է. - «Հիմա ո՞վ է ո՞ւմ խաբում հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռբային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված` աշխա՞րհը մեզ, թե՞ մենք աշխարհին, համենայն դեպս, սովորական հայ քաղաքացին հենց այս կարգավիճակում էլ իրեն զգում է` որ իրեն ինչ-որ անհայտ ու անհասկանալի նպատակով շեղում են: Խորությամբ ազգի մեծ մասը չի ըմբռնում` ի՞նչ է կատարվում, ինչի՞ վրա կենտրոնացնի իր ուշադրությունը, որ հետո չափսոսա, մի քանի ուղղությամբ այնպիսի զուգահեռ պրոցեսներ են, որ օձի խելք է հարկավոր ճշմարտությունը կեղծիքից զանազանելու համար: Մյուս կողմից էլ` ճգնաժամն, այնուամենայնիվ, Հայաստան հասել է, մարդկանց ձեռքին փող չկա, ի՞նչ անեն, որ ինֆարկտ չստանան-մեռնեն ելքերը որոնելիս: Դրա պատասխանը վաղուց աշխարհը կառավարողների մակարդակով տվել է` տեսարաններ եւ հաց, որ ժողովուրդը չընդվզի»:

«Գոլոս Արմենիի»-ին ներկայացնում է այս ընտրական պայքարի առանձնահատկությունները. - «Առաջինն այնն է, որ պայքարը ընթանում է բացառապես կուսակցական համակարգով, եւ երկրի առաջատար ուժերի համար այս ընտրությունները իրենց էլեկտորատի միտումները ստուգելու հրաշալի հնարավորություն է: Երկրորդ հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ ընտրությունները սկսվել են մի ձեւաչափում, իսկ շարունակվում են փոքր-ինչ այլ ձեւաչափում: Նկատի ունենք Հայ հեղափոխական դաշնակցության աղմկոտ դուրս գալը կառավարող կոալիցիայից»:

Դաշնակցության այդ քայլի մասին նախկին դաշնակցական Վարդան Մալխասյանը «168 ժամ»-ին ասում է. - «Դաշնակցության քայլը հուշում է Սերժ Սարգսյանի մոտալուտ կործանման մասին: Եթե նրանք համոզված չլինեին, որ Սարգսյանը կործանվում է, չէին թողնի կերակրատաշտը: Շատերը, որ մեկնաբանում են, թե իրենց ծրագրային դրույթների, Հայ դատի գաղափարախոսության հետ հակասություն է եղել, դրանք հեքիաթներ են: Ես դեռեւս 10 տարի առաջ եմ համոզվել, որ ՀՅԴ վերնախավի համար իրենց ծրագիրը միջոց է իրենց նպատակներին հասնելու` հարստանալու համար: Նրանք ավելի վտանգավոր են, քան թշնամիները: Սերժ Սարգսյանի հետ միասին ջուրը գցեցին տարիների ընթացքում Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Նրանք սոցիալիստ են, բայց գործում են միշտ դրան հակառակ: Ուշադրություն դարձրեք ԱԺ-ում նրանց քվեարկություններին: Որեւէ քվեարկություն չի բխել իրենց ծրագրային հիմնադրույթներից»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը փորձում է տալ այն հարցի պատասխանը, թե ինչու սպանությունները, ավազակային հարձակումները, մահափորձերը, ընտրակեղծիքները չեն բացահայտվում. - «Կոպիտ ասած՝ պատճառը իշխանության թեւերի բաժանման բացակայությունն է: Ախր սպանությունները կատարում են հենց նրանք, ովքեր հետաքննում են այդ դեպքերը, եւ մարտի 1-ի սպանդի հետաքննությունը սրա ամենավառ ապացույցն է: Նույնը եւ լրագրողների նկատմամբ կազմակերպված հարձակումները եւ այսօրինակ մնացած բոլոր հանցանքները: Իսկ դու գնա-տարբերիր հանցագործին ոստիկանից, ոստիկանին հանցագործից: Դրանց հիմա անգամ ինքը՝ ոստիկանության պետը չի կարողանում տարբերել: Ի՞նչ իմանաս. որպես ոստիկան ներկայացողը ոստիկա՞ն է, թե՞ կիսակրիմինալ դեմք, քիլլե՞ր է, թե՞ հատուկ կարեւորագույն գործերով քննիչ: Այսպիսի օրինակ մենք տեսանք Իտալիայի դեսպանատան հարակից այգում, որտեղ թռուցիկ բաժանելուց հետո հանգստացող երիտասարդները ենթարկվեցին հարձակման: Իշխանությունը, ահա, ստիպված եղավ խոստովանել, որ հարձակվողները եղել են ոստիկաններ քաղաքացիական հագուստով, որոնք չեն ներկայացել որպես այդպիսին, ոչ մի օրինական պահանջ չեն ներկայացրել, այլ ուղղակի հարձակվել են երիտասարդների վրա»:

«Հրապարակ»-ը քննարկում է նախագահ Սերժ Սարգսյանի անցած մեկ տարին. - «Մեկ տարի առաջ այս օրերին Սերժ Սարգսյանը մտածում էր, որ դժվարն առաջին տարին է՝ այ, այս մի տարին հաղթահարեմ, հետո հեշտ կլինի: Նույն կարծիքին էին նաեւ քաղաքագետները, քաղաքական գործիչները: Նրանք կարծում էին, որ եթե իշխանությունը կարողանա մեկ տարի պահպանել իր դիրքերը, այդ ընթացքում կամրանա, եւ այլեւս աթոռները կորցնելու վտանգը կվերանա: Սակայն այսօր մենք կարող ենք արձանագրել, որ թեեւ մեկ տարին Սերժ Սարգսյանի իշխանությունը «հաջողությամբ» գլորել է, վիճակի թեթեւացում, դիրքերի կայունացում, իշխանությունը կորցնելու վտանգի հաղթահարում հնարավոր չէ արձանագրել: Այսօր՝ 2009-ի մայիսին, իրավիճակը նույնքան անկայուն է, իշխանությունը կորցնելու վտանգը նույնքան ռեալ, իսկ հասարակական դժգոհության մակարդակը նույնչափ բարձր, ինչքան 2008-ի մայիսին էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG