Մատչելիության հղումներ

Մայիսի 1-ի մամուլ


«Առավոտ» թերթին տված հարցազրույցում Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը նշում է. - «Դեռ ամիսներ առաջ իմ մոտ ցանկություն էր առաջացել թողնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հիմա չբացեմ փակագծերը, բայց, կարծում եմ, ամիսներ առաջ բառերի մեջ ամեն ինչ ասված է: Եվ երբ Դաշնակցությունը նման որոշում կայացրեց, եւ մենք դիմում ներկայացրեցինք հրաժարականի մասին, կարծում եմ` իմ ընկերները, իմ շրջապատը, բոլորն ակնհայտ իմ դեմքին տեսնում էին այն ուրախությունը, որ ապրում էի այդ վայրկյաններին: Բայց դրանից հետո, քննարկումների արդյունքում, կայացվեց այլ որոշում: Որպես դաշնակցական, հավատարիմ մնալով կանոնադրությանը, հավատարիմ մնալով գաղափարներին, իսկ եթե դրան գումարենք նաեւ` որպես զինվորական, ով իր կյանքի վերջին 17-19 տարիները ապրել է հենց այն շրջանակներում, երբ հրամաններն անվերապահորեն կատարվում են եւ հետո միայն քննարկվում, ես առաջնորդվել եմ հենց այդ սկզբունքով: Բայց ես ունեմ իմ անձնական կարծիքը, այն, որ ես պետք է չաշխատեմ այդ պաշտոնում եւ պետք է այն թողնեմ»:

«Կապիտալ»-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Տիգրան Սարգսյանը քաղաքական «որոշ ուժերի», ենթադրում եմ՝ նաև ՀՅԴ-ին, մեղադրեց այն բանում, թե նրանք չեն ուզում, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ սկսի առանց նախապայմանների։ Ընդունո՞ւմ եք մեղադրանքը»։ Հովհաննիսյանը պատասխանում է. - «Իմ կարծիքով՝ սխալ եւ ապակողմնորոշող մեկնաբանություն հնչեցրեց վարչապետը՝ ասելով, որ հայկական հասարակությունում կան ուժեր, որոնք հակաթուրքական են, եւ որ մենք պետք է լինենք պրոհայկական։ Նախ՝ պրոհայկական լինելու համար պետք է Հայաստանի տնտեսությունը բերել այնպիսի վիճակի, որ մեզ ծնկի բերելը հեշտ չլինի։ Երկրորդ՝ Հայաստանում հակաթուրքական կազմակերպություն չկա։ Մեր հարցը թուրք ժողովրդի հետ չէ, այլ թուրքական կառավարության, որը շարունակում է օսմանյան քաղաքականությունը։ Կեղծ պրագմատիզմից ելնելով՝ շահեկանություն պետք չէ տեսնել չհիմնավորված զիջումների մեջ։ Եթե դու սկսում ես զիջումներ, քեզ մինչեւ վերջ անկյուն են մտցնում»։

Իսկ «Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։ Նա ասում է. - «Պետք է լինի իրավասությունների եւ պարտականությունների հստակ տարանջատում, Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է պայմանավորվեն, թե ով ինչի համար է պատասխանատու եւ ինչ իրավասություններ ունի։ Այն հարցերը, որ Ղարաբաղի իրավասության տակ են, չպետք է քննարկվեն Հայաստանի կողմից։ Այդ դեպքում թե՛ միջնորդները, թե՛ Ադրբեջանը ստիպված կլինեն խոսել Ղարաբաղի հետ։ Կարծում եմ, միայն մեր ներքին ռեսուրսները զորաշարժի ենթարկելու հաշվին կարելի է լուծել այս խնդիրը։ Հայաստանը եւ Ղարաբաղը երկու տարբեր պետություններ են, եւ մոտեցումները, ընկալումներն էլ կարող են տարբեր լինել։ Ավելին՝ շատ դեպքերում տարաձայնությունները կարող են նույնիսկ օգտակար լինել հայկական ընդհանուր շահի տեսանկյունից։ Ուրեմն պետք չէ խուսափել կամ վախենալ դրանից»։

«Չորրորդ իշխանություն»-ը քննարկում է նախկին ոստիականապետ Հայկ Հարությունյանի ելույթը Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստում. - «Նա եկել էր պատպանելու ինքն իրեն եւ Ռոբերտ Քոչարյանին, եւ այդպես էլ արեց: Ինքն իրեն պաշտպանելու «մասով»՝ հայտարարեց, որ մարտի 1-ին գոյություն է ունեցել շտաբ, եւ ներկաներին հասկացրեց, որ այդ շտաբը ոչ թե ոստիկանությունում է եղել, այլ նախագահի նստավայրում: Իսկ Քոչարյանին պաշտպանելու «մասով»՝ հայտարարեց, որ մարտի 1-ի ողջ օրվա ընթացքում ինքն իրադարձությունների վերաբերյալ պարբերաբար զեկուցել է Սերժ Սարգսյանին: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ որպես ոստիկանապետ նա վարչապետին զեկուցելու պարտավորություն չուներ (ուժային կառույցները ուղղակի ենթարկվում են նախագահին): Խնդիրն այն է, որ դրանով Հայկ Հարությունյանը ուղղակիորեն հայտարարում է, որ մարտի 1-ի դեպքերի համար Ռոբերտ Քոչարյանի հետ հավասարապես պատասխանատու է նաեւ Սերժ Սարգսյանը: Մի խոսքով, նրա «մեսիջը» շատ հստակ էր. «պետք է ամբողջ մեղքը բարդել ընդդիմության վրա, իսկ եթե փորձեք «խաղեր տալ» եւ կուժն ու կուլան ջարդել իմ ու Քոչարյանի գլխին, ես ոչ միայն մանրամասներ կներկայացնեմ այդ դեպքերին Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցության մասին, այլեւ կհիշեմ մարտի 1-ի շտաբի ողջ կազմը, որն առայժի մոռացել եմ»:

«Տարեգիր» թերթի խմբագրականը անդրադառնում է ոստիկանության վարկանիշին. - «Քաղաքացին չի կարող հարգանք տածել իր իրավունքների վրա բռնացող իրավապահի, իր ճանապարհը փակող կարմիրբերետավորի, իրեն հոշոտելու պատրաստ ոստիկանի, իր անվտանգությանն իրական սպառնալիք ներկայացնող օրինապահի հանդեպ: Նա պարզապես ատում է նրանց, համարում է ոչ թե հասարակական կարգի պաշտպան, այլ իր իրավունքները ոտնահարող, իրեն պատժելու առիթ փնտրող վտանգավոր արարած, որի հետ գործ ունենալը հղի է ամենաանցանկալի հետեւանքներով, ընդհուպ՝ բռնության ենթարկվելը, այնուհետեւ՝ դիմադրություն ցույց տալու շինծու մեղադրանքով դատապարտվելը… Պատրանքը, թե ոստիկանությունը մի օր շուռ կգա եւ կկանգնի ժողովրդի կողքին, այդպես էլ իրականություն չի դառնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG