Մատչելիության հղումներ

«Օբամաչափ». «Նախագահը չի կատարել հայերին տված խոստումը»


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման հարյուր օրվա նախաշեմին վերլուծաբանները գնահատում են նրա կատարած աշխատանքը: St. Petersburg Times պարբերականի նախաձեռնած PolitiFact ծրագրով փորձագետները հարցումներ են անցկացրել եւ վերլուծություններ պատրաստել Օբամայի կատարած եւ չկատարած խոստումների մասին:

Ըստ այդ «օբամաչափի» (The Obameter)` նախագահը նախընտրական 514 խոստումներից այսօրվա դրությամբ 27-ը կատարել է, 6-ը` խախտել, 7-ի առնչությամբ փոխզիջումային որոշում կայացրել, խոստումներից 3-ը «առկախված» վիճակում են, իսկ 63-ի կատարումը ընթացքի մեջ է:

Newsweek հանդեսի մեկնաբան Քեթի Քոնոլին այսպես է գնահատում այդ վիճակագրությունը. - «Ընդհանուր առմամբ, նախագահ Օբաման ավելի հակված է կատարել, այլ ոչ թե դրժել խոստումները»:

Եվ այնուամենայնիվ, ինչպես ընդգծում է հեղինակավոր հանդեսի մեկնաբանը, ԱՄՆ-ի նոր նախագահի ապրիլքսանչորսյան առաջին ուղերձը ամերիկահայերը հիասթափությամբ են ընդունել:

Քեթի Քոնոլին հիշեցնում է, որ սենատորի պաշտոնում Բարաք Օբաման քննադատել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին «ցեղասպանություն» հասկացությունն օգտագործած դեսպան Ջոն Էվանսին Հայաստանից ետ կանչելու որոշման համար:

«Այսօր էլ Թուրքիան հրաժարվում է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում մոտ մեկեւկես միլիոն հայերի սպանդը ճանաչել որպես «ցեղասպանություն»: Պետդեպարտամենտի աշխատակիցներին հրահանգել են այդ սպանությունները բնութագրելիս խուսափել «genocide» տերմինից», - գրել է Newsweek-ի մեկնաբանը եւ մեջբերել մի հատված 2006 թվականին պետքարտուղար Ռայսին Օբամայի հասցեագրած նամակից. - «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ոչ թե անձնական կարծիք է, ոչ թե տեսակետ կամ մերկապարանոց մեղադրանք, այլ պատմական բազում վկայություններով հիմնավորված փաստ»:

2008 թվականի հունվարի 8-ին նախագահության թեկնածու Օբամայի քարոզարշավի կայքէջում տեղադրված էր այս հայտարարությունը. - «Ես, ինչպես եւ ամերիկայահերը, որոնցից շատերը ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, սկզբունքորեն նվիրված եմ ցեղասպանությունը ճանաչելու եւ դրան վերջ տալու գաղափարին: Դրա առաջին քայլը համաշխարհային պատմության ընթացքում ցեղասպանության ողբերգական իրողությունները ճանաչելն է: Որպես Միացյալ Նահանգների սենատոր, ես կանգնած եմ ամերիկահայ համայնքի կողքին` պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Քեթի Քոնոլին գրում է, որ 2009-ի ապրիլի 24-ին նախագահը հրապարակեց հայտարարություն, որում բացակայում էր «genocide» հասկացությունը, ուստի PolitiFact-ն այն գնահատում է որպես տրված խոստման դրժում: Այնուամենայնիվ, Օբամայի ուղերձում ասված էր. - «Ես մշտապես հայտնել եմ 1915 թվականի մասին իմ սեփական տեսակետը, եւ այն չի փոխվել: Իմ նպատակն է` հասնել փաստերի ամբողջական, ազնիվ եւ արդար ճանաչման»:

Newsweek-ը նշում է, որ ուղերձում նախագահն օգտագործել է «Մեծ Եղեռն» (Meds Yeghern) հայերեն բառակապակցությունը, որով հայերը բնութագրել են ողբերգությունը նախքան «ցեղասպանություն» (genocide) բառի ստեղծումը:

Քեթի Քոնոլիի կարծիքով` թեպետ ուղերձում ընտրված տարբերակը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն համարելու համոզման «ազնիվ» դրսեւորում չէր, այնուամենայնիվ` հստակ քայլ էր այդ ուղղությամբ:

«Ուրեմն, ի՞նչ էր դա` խոստման դրժո՞ւմ, փոխզիջո՞ւմ», - հարց է տալիս Newsweek-ի մեկնաբանն ու նշում, որ ըստ ամերիկայահերի, Օբաման հայ - թուրքական հարաբերությունների բարելավման պատրվակով իր ուղերձում չէր օգտագործել «ցեղասպանություն» հասկացությունը:

«Հայերի համոզմամբ` նույնիսկ այն դեպքում, երբ Օբաման ասում է, թե իր տեսակետը չի փոխել (իսկ նախկինում նա հստակ ճանաչել է ցեղասպանությունը եւ խոստացել է դա անել նախագահ ընտրվելու դեպքում), միեւնույն է, Meds Yeghern-ը, այսպես ասած, «հաշիվ չէ»: Այդ տերմինը չի նշանակում «ցեղասպանության» ճանաչում: Հայերին անհրաժեշտ է այն միակ բառը` «genocide», որով կարելի է բնութագրել այդ վայրագությունները», - գրել է Քեթի Քոնոլին եւ հանգել հետեւյալ եզրակացությանը. - «Եվ այսպես, ես համաձայն եմ PolitiFact-ի հետ եւ համարում եմ, որ դա դրժված խոստում էր, սակայն այն դեռ հնարավոր է կատարել ապագայում: Պարզվում է, խոստումներ կատարելը դյուրին գործ չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG