Մեքսիկա -- Մեքսիկական բանակի զինծառայողները գրիպից պաշտպանվելու դիմակներ են բաժանում անցորդներին, Մեխիկոյում, 24-ը ապրիլի, 2009թ.
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոզի գրիպի վարակի տարածման վտանգը գնահատել է 4-րդ աստիճանի` ինչը ընդամենը 2 աստիճանով է պակաս լիակատար համաճարակի դեպքում սահմանվող 6-րդ աստիճանից: Կազմակերպության մասնագետները հաստատել են, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը Հայաստանում խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվել, իրավիճակը հանգիստ է, սահմանային բոլոր անցակետերում, օդնավակայանում սահմանված է խիստ հսկողություն:
Մեքսիկայում բռնկված խոզի գրիպի համաճարակի զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 150-ի։ ԱՄՆ-ում հայտնաբերվել է գրիպի մի քանի տասնյակ դեպք, զոհեր չկան։ Եվրոպայում առաջին դեպքը գրանցվել է Իսպանիայում: Շոտլանդիայի առողջապահության նախարարությունը հաստատել է խոզի գրիպով վարակի 2 դեպքերի մասին հաղորդագրությունները: