Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական կինոպլատֆորմը սկսում է աշխատանքային փուլ


Հուլիսի 12-19-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» 6-րդ կինոփառատոնի շրջանակներում նախատեսված է Հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսը, իսկ ընտրված նախագծերը կներկայացվեն հուլիսի 14-16-ը կայանալիք «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումի ժամանակ:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսը Թուրքիայում կայացել է ապրիլի 16-ին` Ստամբուլի 28-րդ միջազգային կինոփառատոնի Meetings on the bridge («Հանդիպումներ կամրջի վրա») ծրագրի շրջանակներում: Հայաստանից շնորհանդեսին ներկա էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը եւ ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հովհաննիսյանը:

Ապրիլի 17-ին «Անադոլու Քյուլթուր» մշակութային կենտրոնում Հայ-թուրքական կինոպլատֆորմը ներկայացվել է ավելի լայն շրջանակներում, ներկա են եղել թուրք ռեժիսորներ, սցենարի հեղինակներ, պրոդյուսերներ:

Նշված հանդիպում-քննարկումների ընթացքում մշակվել է աշխատանքային մի նախագիծ Հայ-թուրքական կինոպլատֆորմի հետագա զարգացման համար: Մասնավորապես, որոշվել է առաջիկայում ամփոփել հայ-թուրքական լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի հայտագրումն ու սկսել դրանց զարգացումը: Մինչ օրս թուրքական կողմը ստացել է շուրջ 30 հայտ, իսկ հայկականը` 12, ինչը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, «փոքր թիվ չէ` հաշվի առնելով այն, որ Թուրքիայում տարեկան նկարահանվում է շուրջ 30 լիեմամետրաժ ֆիլմ, իսկ Հայաստանում` 2-3»:

Հայաստանում Հայ-թուրքական կինոպլատֆորմի համար հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ մայիսի 15-ը, ինչից հետո յուրաքանչյուր կողմից կընտրվի 5-ական նախագիծ:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում նախատեսվում է ստեղծել համատեղ կայք:

Ստամբուլում նաեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի «Ոսկե ծիրան»-ի կինոդպրոցի առաջիկա դասընթացներից մեկը վարի որեւէ թուրք կինոգործիչ:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի ձեւավորման անհրաժեշտությունը հաստատվել էր 2008 թվականի ապրիլին Ստամբուլում եւ դեկտեմբերին Երեւանում կայացած հայ-թուրքական կինոսեմինարների ժամանակ:

Միջազգային տարբեր կինոֆորումների եւ հիմնադրամների ներկայացուցիչներից մի քանիսն արդեն ցանկություն են հայտնել կինոպլատֆորմը ներկայացնել նաեւ իրենց մոտ:

2009 թվականի նոյեմբերին կայանալիք Ստամբուլի վավերագրական կինոյի փառատոնն արդեն ցանկություն է հայտնել իր ծրագրում ցուցադրել նաեւ հայկական վավերագրական ֆիլմեր, իսկ գալիք տարի ապրիլի Ստամբուլի միջազգային կինոփառատոնը կներկայացնի նաեւ հայկական ֆիլմերի առանձին ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG