Մատչելիության հղումներ

Ապրիլի 22-ի մամուլ


«Առավոտ»-ը «Կուսակցականները եւ մենք» վերնագրված խմբագրականում գրում է. - «Եթե կուսակցությունը մի թայֆա է, որը դավանում է ինչ-որ գաղափար, իսկ թայֆայից դուրս գտնվող բոլոր մարդիկ սխալ են, ապա գաղափարը կամաց-կամաց անհետանում է, եւ դրան փոխարինում է մաքուր նյութական շահը: Դա, բնականաբար, վերաբերվում է նախեւառաջ իշխող կուսակցություններին, որոնց անդամագրվում կամ «համակրում են»` միմիայն «փող շինելու» նպատակով: Այդ գաղափարազուրկ վիճակի հետեւանքով ստեղծվում են զավեշտական իրավիճակներ: Օրինակ իշխանամետ կուսակցություններից մեկի առաջնորդը դառնում է Հանրային խորհրդի (այսինքն, ըստ մտահղացման, ապաքաղաքական մարմնի) համակարգող, իսկ այդ խորհրդի կազմի մեջ մտնում են մի շարք այլ իշխանամետ կուսակցություններ»:

Նույն թերթի հետ զրուցել է մարտի 1-2- իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նա ասում է. - «Ես փաստահավաք խմբի հետ խոսում եմ մամուլի միջոցով, որովհետեւ իրենց կողմից կոնտակտի մեջ մտնելու որեւէ ցանկություն չտեսա: Եթե իմ կողմից նախաձեռնությունը շատ է լինում՝ կարող է այլ կերպ ընկալվել նրանց կամ նրանց նշանակողների կողմից: Որեւէ բան իրենցից չեմ ստացել, համագործակցության որեւէ առաջարկ չի եղել: Հրավիրել եմ մեր նիստերին՝ չեն եկել, ավելին, իրենք կարող են իրենց ուզած հարցը տալ, մենք ուղղենք հանձնաժողով եկած փոխոստիկանապետերին կամ այլոց. չի եղել նման բան: Իսկ եթե մեր հանձնաժողովին մասնակից լինեին ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, ապա իրոք վերջակետ կդրվեր այս ամենին, այդ վերջակետ դնելու ցանկությունն է, որ բացակայում է»: Լրագրողի հարցին՝ ուզում եք ասել, որ փաստահավաք խո՞ւմբը չի ուզում վերջակետ դնել, Նիկոյանը պատասխանում է. - «Աստված տա, որ փաստահավաք խումբը կարողանա վերջակետ դնել, ես դա ուզում եմ, բայց այս աշխատաոճը եւ ամեն ինչը, այս երկար ժամանակը... Աստված տա՝ ես սխալվեմ, բայց այս ամենը մտահոգություններ է առաջացնում»:

Lragir.am-ի հետ զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ասում է. - « Նրանց վերջին հայտարարության մեջ էլ նշված է, որ հիմնական դիտարկումը, հիմնական վերապահումը վերաբերում է քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներին: Համազեկուցողներն էլ են հայտարարել, որ իրենք բավարարված են այդ հոդվածների վերամշակմամբ, վերաձեւակերպմամբ, քանի որ այնտեղից հանվել է քաղաքական բաղադրիչը: Համազեկուցողները նշել են, որ Ազգային ժողովին դիտում են որպես վստահելի գործընկեր, եւ շարունակելու են աշխատանքը ԱԺ-ի հետ: Այն, ինչ պահանջվում էր ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունից, ՀՀ իշխանություններից, ՀՀ ԱԺ-ից, արդեն արվել է, եւ գնահատականը, կարծում եմ, բավարար է: ԱԺ-ն իր խնդիրը կատարել է, քրեական օրենսգրքում փոփոխություններն արել է, հիմա գնդակը իրավապահ համակարգի դաշտում է: Իրավապահ համակարգը պետք է կարողանա վերաձեւակերպված մեղադրանքը ապացուցել: Եթե իրենք իրենց ձեռքի տակ ունեն փաստեր, ապացույցներ, թող ներկայացնեն դատարանին: Կարեւորը՝ մենք կարողացանք ճիշտ լուծել այն խնդիրը, որ մեր առջեւ դրել էր ԵԽԽՎ-ն»: Քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը ասում է. - « ԵԽԽՎ-ն պահանջել է ազատ արձակել այն մարդկանց, որոնք անձամբ բռնի գործողություն չեն կատարել: Ես այս խոսքերը մեջբերում եմ հենց ԵԽԽՎ բանաձեւից»:

«Կապիտալ»-ը գրում է. - « Պետական նախընտրական արշավ կամ կառավարական նախընտրական արշավ. երկուսն էլ աբսուրդային են հնչում, բայց սա ընդունեք որպես հայաստանյան իրականության ոչ պաշտոնական ձևակերպում: Մոտ մեկ միլիարդ դրամ առավել հրատապություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով կառավարությունը ենթակառուցվածքային ծրագրի փոխարեն ուղղեց Երևանի բակային տարածքները նորոգելու, արտաքին լուսավորության ցանցն ընդլայնելու եւ քաղաքային աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները կազմակերպելու համար, ընդ որում՝ ինտենսիվ տեմպերով, սեղմ ժամկետներում, մինչեւ մայիսի 31-ը: Հավանաբար, կառավարությունն այս հատկացումներով հակաճգնաժամային խնդիրներն է կանխարգելում: Բայց այս դեպքում պետք է ենթադրել՝ խոսքը ոչ թե ֆինանսատնտեսական ճգնաժամի, այլ ներքաղաքական ճգնաժամի մասին է: Բայց արդյո՞ք առարկայական են այս ենթադրությունները և արդյո՞ք դրանք իշխանությունների ցայտնոտային իրարանցման պատճառ են: Գուցե, իսկապես, առանց այդ հրատապ աշխատանքների՝ հանրապետականի ցուցակը չստանա ընտրողների ձայների 41 տոկոսը»:

Անդրադառնալով Ղարաբաղյան բանակցությունների ինտենսիֆիկացմանը՝ «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Այս պահին իմաստ չունի հարց բարձրացնել՝ իսկ որեւէ մեկը Սերժ Սարգսյանին լիազորե՞լ է բանակցություններ վարել այդ «սկզբունքների» շուրջ, եւ ընդհանրապես՝ հասարակությունը համաձա՞յն է, որ սեղանին դրված լինի մի փաստաթուղթ, որը ենթադրում է հայկական զորքերի դուրսբերում առնվազն հինգ ազատագրված շրջաններից: Մեզ այս պահին բոլորովին այլ բան է մտահոգում. այն, որ հասարակությունը բացարձակապես անտարբեր է Ղարաբաղյան բանակցությունների նկատմամբ եւ դրանց հնարավոր հետեւանքների նկատմամբ; Ընդ որում, իշխանությունները հրճվանքով են ընդունում այդ անտարբերությունը, մինչդեռ հակառակը պիտի լիներ՝ իշխանությունները պիտի մտահոգվեին, որ հասարակությունը բացարձակապես անտարբեր է… Հասարակությունը այս իշխանությունների ոչ մի խոսքին չի հավատում, հասարակությունը գիտի, որ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, կեղծելու սովորություն ունի, հետեւաբար՝ շատ էլ լուրջ չի ընդունում բանակցությունների սեղանի շուրջ նրա տված խոստումները»:

Իսկ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Առաջիկայում շատ բան կախված է լինելու Ռուսաստանից: Վրաստանի հարցում Թուրքիայի անցյալ տարվա չեզոքությունը չպետք է փոխհատուցվի Ղարաբաղյան խնդրի շուրջ Ռուսաստանի դիրքորոշման տրանսֆորմացիայով: Եթե Ռուսաստանը տուրք տա սույնրոպեական նպատակահարմարությանը եւ փոխի հավասարամշկշիռ միջնորդի կեցվածքը, բնականաբար, կարող են առաջանալ բարդություններ թե տարածաշրջանային խնդիրների, թե Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված»: Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ Աթանեսյանը ասում է. - «Ընտրվում է համայնքի ղեկավար, որովհետեւ Երեւանը, որքան էլ մեծ, այնուամենայնիվ, համայնքն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG