Մատչելիության հղումներ

Հայ - թուրքական հարցում Թուրքիայի մոտեցումը «համապարփակ» է


Ալի Բաբաջանը Պրահայում, 21 ապրիլի, 2009
Ալի Բաբաջանը Պրահայում, 21 ապրիլի, 2009

«Մենք Հայաստանի հետ բանակցություններում բավական մեծ առաջընթաց ենք արձանագրել», - այսօր Պրահայում Թուրքիա - Եվրամիության «եռյակ» բանակցություններից հետո հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կոնկրետ ե՞րբ է բացվելու Եվրոպայի վերջին փակ սահմանը, Թուրքիայի արտգործնախարարը հստակ չպատասխանեց, փոխարենը` հայ - թուրքական հաշտեցումը կրկին շաղկապեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ:

«Կովկասում բազմաթիվ խնդիրներ կան` Հարավային Օսիա, Աբխազիա, Ղարաբաղյան հակամարտություն: Թուրքիան, մի կողմից, շարունակում է բանակցությունները Հայաստանի հետ` հարաբերությունները լիարժեք կարգավորելու ուղղությամբ, մյուս կողմից` աջակցում է այդ հակամարտությունների կարգավորմանը: Հենց այդ նպատակով մենք նախաձեռնել ենք Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմը` հինգ երկրների մասնակցությամբ: Երեկ տեղի է ունեցել այդ պլատֆորմի փոխարտգործնախարարների հերթական` երրորդ հանդիպումը», - ասաց Ալի Բաբաջանը եւ ընդգծեց. - «Թուրքիան հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը համապարփակ կերպով է մոտենում` ձգտելով կայունություն եւ անվտանգություն հաստատել տարածաշրջանում»:

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը, իր հերթին, հայտարարեց, որ Եվրամիությունը քաջալերում է Հայաստանին եւ Թուրքիային` հաղթահարել հարաբերություններում մնացած վերջին խոչընդոտները, օգտվել տասնամյակներով շարունակվող այս տարաձայնությունը լուծելու հնարավորությունից եւ հարաբերությունների նոր դարաշրջան սկսել:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի խոսքերով՝ դա կլինի ամենակարեւոր քայլը Հարավային Կովկասի հետագա կայունության եւ բարգավաճման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG