Մատչելիության հղումներ

Սաբինա Ֆրեյզեր. «Թուրքիան լրջորեն ներքաշված է այս գործընթացի մեջ»


Սաբինա Ֆրեյզերը «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում 16-ը ապրիլի, 2009
Սաբինա Ֆրեյզերը «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում 16-ը ապրիլի, 2009

Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Եվրոպայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի կարծիքով՝ երրորդ երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիային սահմանում կամ լուծում պարտադրելը ճիշտ չէ։

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ICG-ն Միացյալ Նահանգների նախագահին առաջարկում է չարտաբերել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ուղերձում, Ֆրեյզերը պատասխանեց. - «Այստեղ կարեւոր է, որ Հայաստանի իշխանությունները նախապայման չեն դնում եւ չեն ասում, որ սահմանը բացելուց առաջ Թուրքիան նախ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

«Մենք չենք կարծում, որ տարբեր երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիային սահմանում կամ լուծում պարտադրելը ճիշտ է։ Թուրքիայի իշխանությունները եւ հասարակական կարծիքը ի զորու են համապատասխան եզրակացություն անել։ Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի իշխանությունների կողմից Թուրքիայի պատմությունը մեկնաբանելու կարիքը չկա։ Այս պահին ցանկացած բանաձեւերի ընդունումը միայն բացասական արդյունք կունենա, քանի որ դրանից կուժեղանան Թուրքիայում ազգայնականների դիրքերը, որոնք, իհարկե, կտրականապես դեմ են ցեղասպանության ցանկացած ճանաչմանը», - կարծիք հայտնեց Ֆրեյզերը:

Փորձագետը, սակայն, դժվարացավ կանխատեսումներ անել հայ-թուրքական սահմանի վերաբացման ժամկետի հարցում. -
«Շատ դժվար գործ է: Անձամբ ես կցանկանայի, որ սահմանը վերաբացվեր դեռ երեկ։ Կարծում եմ, որ սահմանի բավական արագ վերաբացելու հնարավորության հարցում կողմերի դիրքորոշումները շատ մոտ են։ Այժմ որպես սահմանի վերաբացման հնարավոր ժամկետ է դիտարկվում այս տարվա հոկտեմբերը, երբ Հայաստանի նախագահը պատասխան այցով մեկնի Թուրքիա»:

Ֆրեյզերի գնահատմամբ Թուրքիան լրջորեն ներքաշված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ եւ իրապես մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում հարաբերությունների նորմալացման հարցում, - «Չմոռանանք, որ այս գործընթացը երեկ չի մեկնարկել։ Անկարայի եւ Երեւանի միջեւ բանակցությունները արդեն երկար տարիներ է, ինչ ընթանում են տարբեր ձեւաչափերով, հատկապես` գաղտնի ձեւաչափով Շվեյցարիայում։ Բանակցությունները նոր թափով վերսկսվեցին օգոստոսյան իրադարձություններից` ռուս - վրացական պատերազմից հետո: Այն ժամանակ մենք տեսանք, որ Հայաստանը լուրջ խնդիրներ ունեցավ իր ապրանքը Վրաստանով ուղարկելու եւ ստանալու հարցում։ Այնպես որ, կարծում եմ, օգոստոսյան իրադարձությունները նոր կարեւորություն եւ լիցք հաղորդեցին հայ-թուրքական բանակցություններին, եւ կողմերը այդ հարցում ցուցաբերում են հետեւողականություն»:

Սաբինա Ֆրեյզերը նաեւ նշեց, որ պաշտոնական Անկարան այսօր փորձում է Ադրբեջանի իշխանություններին եւ հասարակությանը հասցնել ուղերձը, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեպքում կտրուկ փոփոխություն կլինի, որը կխթանի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ, կարող է, ի վերջո, հանգեցնել Ադրբեջանի տարածքներից հայկական ստորաբաժանումների դուրսբերմանը:

Միջազգային ճգնաժամային խումբը իր վերջին զեկույցում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային խորհուրդ էր տվել ապրիլ քսանչորսյան իր ուղերձում չօգտագործել «ցեղասպանություն» բառը, քանի որ դա միայն կխանգարի հաշտեցման գործընթացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG