Մատչելիության հղումներ

Ապրիլի 16-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը հերթական դիվանագիտական հաղթանակը տարավ, նա կարողացավ պաշտոնական այց կպցնել դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն: Եվ ահա, այդ այցի արդյունքներով, հերթական աշխարհացունց հայտարարություններն են հնչում` աշխարհացունց նախագծերի վերաբերյալ: Իրան-Հայաստան երկաթուղի, հայ-պարսկական հիդրոէլեկտրակայան` Արաքս գետի վրա: Այն, որ Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը անհեթեթություն է, ակնհայտ է ոչ միայն ֆինանսական պատճառներով: Բայց այս խնդրին առավել մանրամասն կանդրադառնանք առանձին: Արաքսի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու գաղափարը շատ ավելի հետաքրքիր է ու հեռանկարային: Բայց հայ-իրանական հերթական նախագծերի փայլի նշանակությունը հասկանալու համար եկեք մի պահ վերհիշենք, թե ինչ ճակատագրի է արժանացել այսօրինակ նախորդ նախագիծը` Իրան-Հայաստան գազամուղը: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, գազամուղը կառուցված-ավարտված է, ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ գազամուղով մեկ խորանարդ մետր գազ անգամ Հայաստան չի մտել»:

Խոսելով հայ-թուրքական բանակցությունների շուրջ պտտվող տարբեր լուրերի մասին, «Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Թերեւս արդեն ժամանակն է կենտրոնանալու տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության վրա, համաձայն որի, ենթադրվող հայ-թուրքական համաձայնագրի կետերի թվում կա նաեւ կետ վիճելի խնդիրները քննարկող կառավարական հանձնաժողովներ ստեղծելու մասին: Թեեւ այդ վիճելի խնդիրների ցանկը դեռեւս չի հրապարակվում, սակայն հայ հանրության շրջանում կասկած կա, որ նման շրջանցող ձեւակերպման տակ փորձ է արվում իրականացնել թուրքերի վաղեմի երազանքը` Ցեղասպանության խնդիրներն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Քաղաքականության եւ դիվանագիտության մեջ գոյություն ունեն ճշմարություններ, որոնք իրենց աքսիոմատիկության եւ անկասկածելիության պատճառով քննարկման ենթակա չեն: Քանզի քննարկել այն, կնշանակի կասկածի ենթարկել, որպեսզի հայտնաբերվի ճշմարտությունը: Հայերի համար նման անկասկածելի ճշմարտություն է հանդիսանում Թուրքիայի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Այն քննարկման ենթակա չէ»:

lragir.am-ը հայ-թուրքական բանակցությունների մասին գրում է. - «Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանի հաշվարկը կարող է սխալ դուրս գալ, եւ Թուրքիան կարող է փոշմանել ու հետ կանգնել պայմանավորվածությունից: Այսինքն, Սերժ Սարգսյանի խոսքից ստացվում է, որ Թուրքիան մինչեւ այժմ ոչ մի բառ չի խոսել Ղարաբաղի հակամարտությունը հայ-թուրքական բանակցության օրակարգ ներառելու եւ հարաբերության հաստատման պայման դարձնելու մասին, բայց մեկ էլ հանկարծ սկսել է խոսել դրա վերաբերյալ: Դե, իսկ Հայաստանն էլ այդ բանը չի հաշվարկել, այսինքն Հայաստանի մտքով չի անցել, որ Թուրքիան կարող է այդպիսի պայման դնել: Ով կմտածեր, որ Թուրքիան, որը մինչեւ այժմ ոչ մի բառ չէր խոսել Ղարաբաղի խնդրի եւ Հայաստանի հետ հարաբերության կարգավորման գործընթացների կապվածության մասին, մեկ էլ հանկարծ կարող է այդպիսի բան ասել: Սակայն զարմանալի է, որ այդքան լուրջ իրադարձություն հաշվարկած Հայաստանի իշխանությունը չէր հաշվարկել այն, որ Թուրքիան կարող է փոշմանել եւ Ղարաբաղի հարցը դարձնել նախապայման: Փաստորեն, Հայաստանի իշխանության հաշվարկն այնքան պարզունակ է եղել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթաց նախաձեռնելու կապակցությամբ, որ Թուրքիային բավական էր միայն «փոշմանել», ու Հայաստանի ամբողջ հաշվարկը քանդվում է, սխալ է դուրս գալիս, եւ Հայաստանին մնում է միայն հայտարարել, թե դուրս կգա բանակցությունից»:

«Հրապարակ»-ը խմբագրականում անդրադառնում է Հայաստանում մամուլի ազատության հիմնախնդրին. - «Մամուլի նկատմամբ ճնշումները որակական նոր փուլ են թեւակոխում. եթե մինչեւ օրս լրագրողներին փորձում էին ծեծել, վախեցնել, տնտեսապես ճնշել, ապա այժմ իշխանությունն ավելի խելոք ու հնարամիտ է դարձել` իր մտադրություններն իրականացնում է օրենքների միջոցով: Ասենք, մի հասարակական կազմակերպության ձեռքով փորձում են օրենսդրական փոփոխություններ անել Քաղաքացիական օրենսգրքում, որտեղ կամրագրվեն լրագրողներ դեմ նոր ճնշումների մեխանիզմները, մեծ տույժեր ու տուգանքներ, ինչը կործանարար կարող է լինել ցանկացած թերթի համար: Ըստ էության, պայքարը գնում է ընդամենը մի քանի թերթերի ու մի քանի տասնյակ լրագրողների բերանը փակելու համար: Մնացած ամբողջ լրատվական դաշտը կառավարելի է իշխանության կողմից: Չէ որ ազատ խոսքն արձակված նետի նման է, որն այլեւս բռնել հնարավոր չէ: Այն սլանում է, եւ հայտնի չէ, թե որտեղ կգտնի իր զոհին: Ինչքան էլ թիկնապահներով ու պարիսպներով պաշտպանված` սակայն իշխանությունը մեծ հաշվով անպաշտպան է եւ ցանկացած նման դիպուկահարի համար հասանելի»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ապրիլի լույս 15-ի գիշերը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերթական «փայլուն» օպերացիան է իրականացրել ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: Գիշերվա ժամը մեկի մոտակայքում խմբագրության մուտքի մոտ տեղադրվել են խոշոր եղջերավոր անասունի երկու քերթած գլուխներ: Թերթը գրում է. - «Նկատենք, որ պետության ողբերգությունը այն է, որ մեր ազգային անվտանգությունը պահպանելուն եւ սպասարկելուն կոչված կառույցը այսպիսով ցուցադրում է իր իրական մակարդակը եւ հնարավորությունների սահմանը: Այսինքն` ցավակցության արժանի ենք մենք բոլորս, բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե մենք ունենք պետություն, ունենք պետության անվտանգությունն ապահովելուն ուղղված մարմիններ»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը ասել է. - «Եթե քաղաքական ուժը իր առաջ նպատակ է դնում իրավիճակն ապակայունացնել այն աստիճան, որ իր խնդիրն ինչ-որ կերպ լուծի, այս դեպքում՝ Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնի, բնականաբար, հետեւանքները կարող են ողբերգական լինել։ Ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունը բարձր է, բայց ոչ այնքան, որ հնարավոր լինի դա ներկայացնել որպես համապետական ընտրություն եւ իշխանափոխության նոր առիթ։ Չեմ բացառում, որ այդ քաղաքական ուժը հենց այդ տրամաբանությամբ էլ իրականացնելու է իր քարոզարշավը. եթե հաղթենք ավագանու ընտրություններում, հաջորդ քայլը կլինի իշխանափոխությունը, նախագահը հրաժարական կտա, մնացած քաղաքական ուժերը կհեռանան դաշտից, եւ թավշյա իշխանափոխության պատեհ առիթ կառաջանա։ Կարծում եմ, ընդդիմության քարոզչական մարտավարության մեխը սա է լինելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG