Մատչելիության հղումներ

Ապրիլի 15-ի մամուլ


«Քարոզչական առասպել» վերնագրված խմբագրականում «Առավոտ»-ը գրում է. - «Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը պատրաստ է ցանկացած երկրում ընդդիմության ցանկացած ակտիվությանը կպցնել «գունավոր հեղափոխություն» պիտակը` դրանից բխող բոլոր «սարսափելի» բացահայտումներով` միջազգային դավադրություն, Սորոսի ֆոնդ, աշխարհի ուժային կենտրոններում մշակվող «տեխնոլոգիաներ» եւ այլն։ Վերջերս ՌԴ պրոպագանդան այդ տեսակի «մութ ուժերի» դավադրություն է բացահայտել նաեւ Մոլդովայում։ Ռուսների համար միակ բացառությունը այս օրերին Թբիլիսիում անցկացվող ընդդիմության ցույցերն են, այստեղ ըստ նրանց, արտահայտվում է ժողովրդի իրական ցասումը բռնապետ եւ հակազգային իշխանությունների դեմ, իսկ ահա մնացած տեղերում` Բելգրադից սկսած Քիշենեւով վերջացրած, զուտ «տեխնոլոգիաներ են»։ Դրանք Արեւմուտքում մշակում են չարամիտ «քեռիները», որոնք ցանկանում են այդ երկրների ղեկին դնել իրենց խամաճիկներին»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը իր վերջին ասուլիսում հայ ժողովրդին ավետեց, որ եթե անգամ պարզվի, որ այս ընթացում Թուրքիան Հայաստանին կրուտիտ է արել, ինչպես ամենավերջին վինտիկի, հոգ չէ, որովհետեւ այս իրավիճակից մենք ուժեղացած դուրս կգանք: Սրան ձայնակցեցին կոալիցիոն ուժերը, թե բա հա` ամբողջ աշխարհը կիմանա, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Փաստորեն, մինչեւ այսօր աշխարհը այդ մասին չգիտեր, փաստորեն, աշխարհը գլխի էր չէր ընկել, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը առաջին հերթին վնասում է Հայաստանին` նրան դարձնելով երկու դարպասով հայաթ: Փաստորեն. աշխարհին թվում էր, թե այդ Հայաստանն է Թուրքիային շրջափակման ենթարկել, ու այս «նորությունը» դառնալու է միջազգային լրահոսի թիվ մեկ լուրը, թե բա` իմացիր, ալամ մարդկություն, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանի ապաշրջափակել Թուրքիային, բայց այդ անշնորհակալ Թուրքիան չօգտվեց այդ ոսկե հնարավորությունից, եւ Հայաստանը տարավ հերթական դիվանագիտական հաղթանակը, հերթական անգամ ուժեղացավ, որովհետեւ ահա շնչահեղձ է անում Թուրքիային` վերջինիս տհաս քաղաքականության արդյունքում»:

«Հայոց Աշխարհ»-ը տեղեկացնում է, որ Հանրապետական կուսակցություն ճշգրտել է, թե ինչ կարգախոսով է մասնակցելու մայիսի 31-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին: ՀՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ թերթին տեղեկացրել է, - «Նկատի առնելով առաջիկա ընտրությունների համայնքային բնույթը, Հանրապետական կուսակցությունը կառաջնորդվի «Քեզ համար, Երեւան» կարգախոսով: Այս ընտրությունները համապետական չեն, ուստի մասնակից քաղաքական ուժերը պետք է ընտրողին ներկայանան Երեւանի հիմնախնդիրները լուծելու եւ երեւանցիների սոցիալ-կենցաղային պահանջները բավարարելու, մայրաքաղաքը զարգացնելու ծրագրերով։ Ամեն ինչ պետք է արվի ոչ թե ընդդեմ, այլ հանուն Երեւանի ու երեւանցիների»։

«Հրապարակ»-ի խմբագրականն ասում է. - «Եթե որեւէ մեկը կարծում է, թե Երեւանի քաղաքապետի ընտրությունները ընթանալու են արդարության դրոշի ներքո, ապա նա տառապում է վառ արտահայտված քաղաքական կուրությումբ: Հիվանդություն, որի ամենասուր փուլը վրա է հասնում փայփայած երազանքները ջարդուփշուր լինելուն պես եւ ավարտվում անձի կատարյալ կազմալուծմամբ: «Հայկական ընտրություններ» կոչվող ողբերգության անվերջ թվացող սելիալի այս մասն էլ նախորդների պես նույն ելքն է ունենալու` բռնություն, կեղծիք, անմեղների հալածանք: Միակ սփոփանքը կլինի այն, որ հարվածից կխուսափի հայ բազմաչարչար գավառը»:

«Ազգ»-ը հիշեցնում է. - «Հիշո՞ւմ եք` ինչպես Սերժ Սարգսյանը եկավ ՀՀԿ խորհուրդ եւ ասաց` Տիգրան Սարգսյանին եւ Գագիկ Բեգլարյանին տեր եմ, ում դուր չի գալիս` իր գործն է: Հենց այդպես վարվեց նաեւ կառավարության եւ վարչապետի պարագայում մի անգամ եւս, վերջին ասուլիսում. կառավարությանն ու Տիգրան Սարգսյանին պաշտպանում է, դատական համակարգի մասին նույն կարծիքի է, ինչ հանրությունը: Մարտի 1-ի հետեւանքներն, այո, դեռ չեն վերացել, բայց դրա համար բոլորը պետք է ջանան: Տեսնես մի բան գիտի՞: Օրինակ` մի երկու ամիս առաջ լուրեր կային, թե երբ ինչ-որ շրջանակում քննարկվել է, թե արդյոք, ՀԱԿ-ը կարո՞ղ է այսպես կոչված «փրկության կառավարություն» ձեւավորել, դե ենթադրվում է, որ մարտի 1-ին Տեր-Պետրոսյանի արտաբերած «փրկության կառավարության» ակնարկը այս` անհայտ է որտե՞ղ եւ ի՞նչ մակարդակով քննարկման արդյունքում է արտաբերվել: ՀԱԿ-ն այդպես էլ իր միջից վարչապետացու չէր կարողացել գտնել-առաջարկել, իսկ քննարկողներն ասել են` վարչապետացու էլ չունեք, բա էլ ի՞նչ եք խոսում»:

lragir.am-ը նույնպես անդրադառնում է նախագահի մամլո ասուլիսին. - « Նախագահի պաշտոնում իր աշխատանքի մեկ տարվա ամփոփման կապակցությամբ տված ասուլիսի ընթացքում խոսելով «չհասկացվածության» պատը քանդելու մասին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքն ամեն ինչ արել է այդ ուղղությամբ, համենայն դեպս արել է այն, ինչ գիտեր եւ կարող էր: Սակայն թերեւս այս պարագայում կարեւորն այն չէ, թե ինչ է արել Սարգսյանը պատը քանդելու ուղղությամբ: Խնդիրն այն է, թե ինչ է արել Սերժ Սարգսյանը, որ այդ պատը չձեւավորվի: Սա է, որ հասարակության համար թերեւս մնում է անհայտ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն առայժմ այդպես էլ չի խոսել այդ պատի ձեւավորման գործում իր մասնակցության աստիճանի մասին: Հետեւաբար այդ առումով ամենից էական հարցը, որ պետք է տալ Սերժ Սարգսյանին, դա այն է, թե օրինակ ինչ էր անում Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի 1-ին: Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը, որպեսզի տեղի չունենար մարտի 1-ի ողբերգությունը: Արդյո՞ք նա մասնակցել է իշխանության գործողությունների վերաբերյալ որոշումների կայացմանը, արդյո՞ք նա ունեցել է իշխանության որեւէ որոշման կապակցությամբ առարկություն, արդյո՞ք նա փորձել է անձամբ կոնտակտի մեջ մտնել ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը մարտի 1-ին, որ իրադարձությունների այդօրինակ ընթացքը կանխվի եւ իր նախագահությունը «չպսակվի» արյունով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG