Մատչելիության հղումներ

Թուրք եւ ադրբեջանցի պատգամավորները քննարկում են հայ-թուրքական հարաբերությունները


Հայաստան - հայ-թուրքական սահմանը 7-ը ապրիլի, 2009 թ.
Հայաստան - հայ-թուրքական սահմանը 7-ը ապրիլի, 2009 թ.

Այսօր Բաքվում մեկնարկում է ադրբեջանցի եւ թուրք պատգամավորների համատեղ հավաքը, որի գլխավոր նպատակը հայ- թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումները քննարկելն է։

Երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության ներկայացուցիչները Բաքու չեն մեկնի։

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորներից մեկը` Մուստաֆա Կաբակչին, ադրբեջանական APA գործակալությանը բացատրել է, թե ինչու չի ցանկացել ընդունել իր ադրբեջանցի գործընկերների հրավերը. - «Որպեսզի ես մեկնեի Բաքու` կուսակցության ղեկավարած մարմինները պետք է նախապես համապատասխան որոշում կայացնեին։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարները արդեն իսկ հայ թուրքական հարաբերությունների շուրջ հանդես են եկել հստակ պարզաբանումներով»։

Ի դեպ, երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կրկին անդրադարձավ այս թեմային. - «Թուրքիայի նպատակը Կովկասում կայունության ու խաղաղության հաստատումն է։ Սա է պատճառը, որ Թուրքիան ներգրավված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրների լուծման գործում։ Այդուհանդերձ, դիվանագիտական գաղտնիության սկզբունքը ինձ թույլ չի տալիս այս մասին ավելի հստակ խոսել», - ասել է Թուրքիայի նախագահը։

Թուրքական ընդդիմությունը խիստ կասկածանքով է վերաբերվում Անկարայի եւ Երեւանի շփումներին։ Վերջին շաբաթներին ընդդիմադիր երկու առաջատար ուժերի` «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցության ու Ազգայնական շարժման համար հայ-թուրքական զարգացումները դարձան այն հարմար առիթը, որին անդրադառնալով այդ ուժերի ղեկավարները հնարավորություն են ստանում քննադատության ենթարկել նախագահ Գյուլին եւ վարչապետ Էրդողանին։

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա- Հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը երեկ Անկարայում հայտարարեց. - «Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի ադրբեջանական տարածքների կորստին եւ նոր ուժ կհաղորդի Հայաստանի զավթողական քաղաքականությանը։ Թուրքիան չպետք է թույլ տա, որ իրեն օգտագործեն ի շահ Հայաստանի։ Դա կարող է հանգեցնել Ղարաբաղի վերջնական կորստին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG