Մատչելիության հղումներ

«Մոլդովայում կատարվածը Հայաստանին դասեր է տալիս»


Բողոքի ցույցերը Քիշնեւում
Բողոքի ցույցերը Քիշնեւում

«Մոլդովայում կատարվածը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններից առաջ Հայաստանին կարեւոր դասեր է տալիս». - այսպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Խոսում է Մոլդովան. դասեր Հայաստանի համար» վերնագրված վերլուծականում Ռիչարդ Կիրակոսյանը գրել է.

«Հայաստանում 2008 թվականի մարտին տեղի ունեցած հետընտրական ճգնաժամի ողբերգական իրադարձությունների հանգույն` Մոլդովայի խորհրդարանական ընտրություններից սկիզբ առած եւ ցուցարարների ու իշխանությունների միջեւ առճակատման վերաճած անցքերի դիտարկումը Հայաստանի համար երեք յուրահատուկ դաս է ի ցույց դնում:

Մոլդովական ճգնաժամից առաջին դասն առնչվում է նրա բնույթին: Ինչպես Հայաստանում, Մոլդովայում նույնպես ցույցերի ու բողոքների ալիքն առաջ բերեցին ապրիլի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` ներկայիս իշխող կոմունիստական կուսակցությունը` ստանալով քվեների մոտավորապես 50 տոկոսը, վերստին եկավ իշխանության: Սակայն հայաստանյան ճգնաժամի նման հիմնական խնդիրը բուն ընտրությունները չէին:

Փաստորեն` ԵԱՀԿ-ի դիտորդների գնահատականով, Մոլդովայում ընտրություններն անցել են «ընդհանուր առմամբ` բազմակարծության մթնոլորտում, ընտրողներին առաջարկելով ճշգրիտ քաղաքական տարբերակներ, եւ համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի պահանջներին»: Չնայած նույն նախնական գնահատանքի համաձայն` «հավելյալ բարեփոխումներ են հարկավոր` երաշխավորելու համար ընտրական գործընթացը, որը կձերբազատի անցանկալի վարչական միջամտությունից եւ կավելացնի հանրային վստահությունը», այնուամենայնիվ, ընտրություններն իբրեւ ձեռքբերում դիտվեցին:

Սակայն հարց է ծագում` եթե ընտրություններն իսկապես այդքան բարելավված էին, ինչո՞ւ դրանք առաջացրին շարքային մոլդովացիների հուժկու հակազդեցությունը:

Թերեւս պատճառն ընդհանուր հիասթափության զգացումն է, որին ավելացան եւս մի քանի գործոններ. բարեփոխումների դանդաղ ընթացքը, կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը պետության կողմից, հասարակ քաղաքացիների կյանքում իրական փոփոխության ու բարեփոխումների նկատմամբ լավատեսության բացակայությունը: Ցավոք, այս գործոններից յուրաքանչյուրն այժմ բնորոշ է հայաստանյան քաղաքականությունը: Ավելին` իրավիճակը մեզանում առավել փխրուն է, քանի որ երկիրը տառապում է ակնհայտ «վստահության ճգնաժամից», եւ կառավարությունը տակավին խնդիր ունի օրինականության հաստատման, որի բացակայությունը թելադրված է չլուծված ներքաղաքական փակուղով:

Երկրորդ` Մոլդովայի ճգնաժամի աղբյուրներն ի հայտ են բերում փակ քաղաքական եւ տնտեսական համակարգի բնական վտանգը, եւ այս համակարգը, ինչպես Հայաստանում, սահմանափակ տիրույթներ ու առավել պակաս համբերություն է տրամադրում այլախոհության կամ ընդդիմության կամարտահայտման համար: Փակ քաղաքական համակարգում, որտեղ ցանկացած առողջ տարակարծություն կամ կառուցողական ընդդիմություն դիտվում է որպես ուղղակի սպառնալիք պետական ուժին եւ իշխանությանը, պահանջները դառնում են առավել արմատական` տեղի տալով բռնարարքների ու անհնազանդության անօրինական գործողությունների, ինչպիսիք տեսանք Մոլդովայի պետական իշխանության խորհրդանիշերի` Խորհրդարանի եւ Նախագահական նստավայրի վրա հարձակումների ու ավերածությունների տեսքով:

Այս առումով հատկանշական է այն խղճուկ պետական իրավիճակը, որը թույլ չի տալիս հասարակության ներսում կուտակված եռանդը եւ ջանքերն ուղղորդել դեպի քաղաքական ակտիվության հարթություն` նախքան ընտրությունները, ինչն էլ խոչընդոտում է երկրում ունենալ ճկուն եւ գործունյա ժողովրդավարական քաղաքական գործընթացներ:

Հայաստանն իր երրորդ դասը պետք է քաղի Մոլդովայում առկա հիմնական տարանջատումներից, որոնք սաստկացրին քաղաքական ճգնաժամը` այն վերափոխելով բացահայտ առճակատման: Մոլդովայի համար այս տարանջատումն ունի թե՛ ժողովրդագրական եւ թե՛ աշխարհագրական համատեքստ, որը պայմանավորված է մի կողմից մայրաքաղաքում կենտրոնացած առավելապես երիտասարդ ու արեւմտամետ հանրության առկայությամբ, մյուս կողմից` գյուղական առավելապես պակաս ուսում ստացած ռուսամետ զանգվածով, որն ավելի քիչ կապեր եւ էլ ավելի քիչ հետաքրքրություն ունի Եվրոպայի նկատմամբ: Հայաստանը նույնպես ունի նմանատիպ տարանջատումներ, ընդ որում` մեր պարագայում ունեցվածքի ու եկամտի տարբերությունն առավել մեծ եւ առավել ակնառու է:

Այսպիսով` Մոլդովայի ճգնաժամից Հայաստանի համար կան մի քանի կարեւոր նկատառումներ: Սակայն ամենանշանակալից դիտանկյունը Մոլդովայից եկող պարզ եւ ամփոփ նախազգուշացումն է, ըստ որի` եթե մայիսի 31-ի ընտրություններն իրապես ազատ ու արդար չլինեն, եթե փակ տնտեսական համակարգը դարձյալ իրենից վանի ուժեղ, կառուցողական ընդդիմությանը եւ եթե չլուծվի հայ հասարակության մեջ տնալով ընդլայնվող սոցիալ-տնտեսական տարանջատումների խնդիրը, ապա Հայաստանը լավագույն դեպքում պետք է պատրաստ լինի Մոլդովայի ճգնաժամի կրկնությանը կամ վատատույն դեպքում` 2008 թվականի մարտի 1-ի նման մեկ այլ առճակատման: Կտեսնենք, թե դիպաշարերից որն ի հայտ կտա, սակայն մի բան պարզ է` Հայաստանը կարող է կանգնել եւս մեկ դժվար փորձության առջեւ, որը կկանխորոշի նրա ապագան` որպես ժողովրդավարական եւ պլյուրալիստական երկիր»:

Վերը շարադրված տեսակետները հեղինակինն են եւ պարտադիր չէ, որ համընկնեն «Ազատություն» ռադիոկայանի տեսակետներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG