Մատչելիության հղումներ

Բացասական միտումները «խորանալու են»


Բագրատ Ասատրյան
Բագրատ Ասատրյան

Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական միտումները երկրում ընթացիկ տարվա ընթացքում «խորանալու են»:

«Ցավոք, ե’ւ այսօրվա իրողությունները, ե’ւ վերջին ամիսների ընթացքում դրսեւորված միտումները ասում են, որ արդեն այս տարին կորցրած տարի է մեր համար, եւ հասկանում ենք, որ բացասական միտումները խորանալու են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ասատրյանը: - «Բոլորս գիտենք, որ մեր տնտեսության կարեւորագույն հատվածներից մեկը մասնավոր տրանսֆերտներն են: Եվ բոլորս էլ հասկանում ենք, որ այս տարվա ընթացքում մենք ունենալու ենք էական նվազում մասնավոր տրանսֆերտների, ինչի մասին վկայում են այս տարվա առաջին արդյունքները [մասնակոր տրանսֆերտների գծով]»:

Անցած շաբաթավերջին, մինչդեռ, լրագրողների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր եւ իր թիմի առաջանահերթ ամենակարեւոր խնդիրն է ամեն ինչ անել, «որպեսզի այս ճգնաժամի հետեւանքները մեր ժողովրդի համար չլինեն ավելի ծանր, քան ուրիշների համար»:


«Տարեվերջին իրոք դուք տեսաք, որ սղաճը Հայաստանում շատ ավելի ցածր էր, քան մեր հարեւան երկրներում, եւ ընդհանրապես ԱՊՀ-ի տարածքում», - հավելել էր Սերժ Սարգսյանը:

Բագրատ Ասատրյանի խոսքով, սակայն, դեռ անցյալ տարեվերջին տնտեսության բոլոր ճյուղերում անկում է արձանագրվել. - «Այդ կորը չի փոխվել նաեւ տարվա առաջին ամիսների ընթացքում: Նույն միտումները շարունակում են դրսեւորվել, որից կարող ենք եզրակացնել, որ կարելի է եզրակացնել, որ այս տարի մենք տնտեսության մեջ 10 տոկոսից բարձր անկում ենք ունենալու»:

Սերժ Սարգսյանը նույն ասուլիսում հատարարել էր, որ ֆինանսական ճգնաժամը միայն կառավարության խնդիրը չէ, եւ ուստի բոլորս պարտավոր ենք միակամ լինել, աջակցել կառավարությանը` մեղմելու հետեւանքները:

Բագրատ Ասատրյանի համոզմամբ, անհրաժեշտ է մարդկանց մեջ վերականգնել անցած տարվա հետընտրական իրադարձությունների, եւ հատկապես «Մարտի 1»-ի հետեւանքով կորցրած հավատը իշխանությունների հանդեպ. - «Հավատացեք, այդ հավատի վերականգնման արդյունքը անհամեմատ ավելի մեծ է լինելու»:

«Ճգնաժամին, վատ վիճակին դիմակայելու համար ինչ են անում նորմալ հասարակությունները. բոլոր ուժերը կենտրոնացնում են: Մի բան, որ մեզանում անհնար է: Այսօր մեր հասարակությունը կիսված է, պառակտված է», - հավելեց նա:

Նախագահ Սերժ Սարգսյանն էլ ընդունել է, որ «հասարակությունում չի տիրում համերաշխություն, այն, ինչ ես ցանկանում եմ, ինչին ես ձգտում եմ»:

«Բայց ես մտածում եմ, թե ինչ քայլեր պետք է անեմ, որպեսզի մեր հասարակությունում հանդարտություն տիրի: Եթե ես իմանայի բոլոր քայելրը, կանեի», - հավելել էր նախագահը:

Բագրատ Ասատրյանի կարծիքով էլ, առաջնահերթ է հասարակության համերաշխության խնդիրը լուծել, ինչը կնաստի նաեւ տնտեսական մարտահրավերներին դիմագրավելուն:

«Թիվ մեկ խնդիրը պետք է լինի այդ կամուրջ գցելը, վերականգնելը այդ միասնականությունը հասարակության: Դրա ձեւն էլ, ես միշտ ասել եմ` իմ ընկերներին բանտերից ազատեք», - հավելեց նա:

Վերադառնալով տնտեսական խնդիրներին` Կենտրոնական բանկի նախկին նախագահը ասաց. - «Հայտնի է, որ 2009 տնտեսական տարին մենք արդեն կորցրել ենք: Տնտեսական անկումը, ըստ իս, 10 տոկոսից ավելի մեծ է լինելու: Բայց եկեք այսօր մտածենք ինչ-որ միջոցներ, քայլեր, որ գոնե 2010 թվականին վերականգնման միտումները առաջ գան: Այսօր ես դեռ պնդում եմ, որ ոչ մի երաշխիք չկա, որ 2010-ին եւս չի շարունակվելու անկման միտումը»:

Ասատրյանը ընդունում է, որ որոշ քայլեր կառավարությունը սկսել է կատարել, բայց «ադեկվատ չեն այդ քայլերը», «համալիր միջոցներ են անհրաժեշտ»:

Նրա համոզմամբ, այս պայմաններում բյուջեի համար պատասխանատու պետք է դառնան «այն մարդիկ, որոնք այս տարիների ընթացքում հարստություն են կուտակել»:

Նրա կարծիքով, ելքերից մեկը կարող է դառնալ գույքահարկի տոկոսադրույքի բարձրացումը. - «Թող հարուստները վճարեն: Հարուստներն են, որ մեծ գույք ունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG