Մատչելիության հղումներ

Հայաստանը փորձում է լրացուցիչ միջոցներ հայթայթել` սոցիալական լարվածությունը մեղմելու համար


Հայաստանի կառավարությունը երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու համար լրացուցիչ միջոցների հայթայթման հարցով բանակցություններ է վարում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:

Ինչպես հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, բանակցությունները վարվում են ոչ միայն Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ. - «Ասիական զարգացման բանկը, ՄԱԿ-ը, հնարավոր է նաեւ այլ կազմակերպություններ: Բանակցային որոշակի գործընթաց արդեն անցել ենք: Կա պատրաստակամության, կան ծրագրեր, որոնք ընդհանուր հավանություն ստացել են նախնական: Պարզապես որոշակի հարցեր կան, որոնք հավելյալ քննարկումների կարիք ունեն»:

Նախարարի խոսքով, երեկվանից ուժի մեջ մտած գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների թանկացման հետեւանքները հատկապես սոցիալապես անապահով խավերի համար մեղմելուն ուղղված քայլերը ի սկզբանե նախատեսված են եղել 2009 թվականի պետբյուջեում. - «Այլ խնդիր, որ ծառայությունների սակագների բարձրացման արդյունքում նաեւ գնաճ ունենք այսօր եւ կանխատեսվող ապագայում եւս գնաճային միտումները կլինեն Հայաստանի Հանրապետությունում: Այս պահի դրությամբ, փորձում ենք ապահովել պետության ստանձնած պարտավորությունները սոցիալական ծախսերի եւ ծրագրերի գծով: Լրացուցիչ ծրագրերի առնչությամբ ներկայումս մշակումները ընթացքի մեջ են»:

Հարցին, թե որքանով է համաչափ կենսաթոշակների բարձրացումը սակագների թանկացմանը, Համբարձումյանը արձագանքեց. - «Գնահատման խնդիր է... Բարձրացումները կենսաթոշակների պարագայում եղել է միջինը ավելի քան 13 տոկոսով, ընտանեկան նպաստի համակարգում եւ պետական նպաստների գծով` շուրջ 18 տոկոսի չափով: Ասել, որ դա լիովին կոմպենսացնում է այս բարձրացումները, չի կարելի, բայց, մեծի մասամբ որ կոմպենսացնում է, ակնհայտ է»:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով, սակայն, քաղաքացիների գնողունակությունը չի բարձրանում, եւ աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն ինդեքսավորվում գների թանկացմանը համընթաց: Իսկ սա, ըստ Արմեն Պողոսյանի, նաեւ Հայաստանի կայուն զարգացման ծրագրի (նախկին Աղքատության հաղթահարման ռազմավարության) հիմնական պահանջներից մեկն է:

«Այնտեղ ամրաgրված էր. gները եւ սակաgները կունենան կայուն վարքաgիծ` տարեկան 3 տոկոսից ոչ ավելի: Հիմա 3 տոկոս հասկանալի է... բայց 40 տոկոսով թանկացավ gազը», - հավելեց Պողոսյանը:

«Բարgավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի համոզմամբ, ռազմավարական նշանակության ապրանքների թանկացումը օբյեկտիվ պատճառներ ունի, ուստի բնակչությունը պետք է ըմբռնումով մոտենա. - «Բոլորը պետք է սպառեն եւ օգտվեն ռեսուրսներից այն ծավալներով, որոնց համար ի զորու են իրենք վճարելու»:

Անցած երեքշաբթի Կենտրոնական բանկը հրապարակեց իր նոր դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որում կանխատեսում էր Համախառն ներքին արդյունքի շուրջ 3 տոկոս նվազում:

«Հավատում եմ կամ չեմ հավատում այդ կանխատեսումներին, չեմ կարող ասել, քանի որ կներկայանամ սխալ կանխագուշակողի դերում: Բոլոր դեպքերում պետք է սպասել նման սցենարի, ինչպիսին Կենտրոնական բանկն է կանխատեսել», - այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բոստանջյանը:

Հարցին, թե հնարավոր համարում է պետբյուջեի ծախսային մասին կրճատումը, պատգամավորը պատասխանեց. - «Այո, նախատեսում եմ: Որքան էլ որ գործադիր իշխանությունը հակված լինի դա այդպես չանվանել: Հիմա մենք վերաբաշխումներ անվան տակ, եռամսյակային համամասնություններ անվան տակ, կարելի է հումորով ասել, որ ապակողմնորոշիչ քայլ ենք կատարում, բայց իրականում սա ոչ այլ ինչ է, քան ծախսերի կրճատում, որը օտար լեզվով կոչվում է սեկվեստ»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG