Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա. «Ամերիկան կստանձնի աշխարհը միջուկային զենքից ազատելու գործը»


Չեխիա. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթը Պրագայի դղյակի հրապարակում
Չեխիա. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթը Պրագայի դղյակի հրապարակում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Oբաման շարունակում է իր եվրոպական այցը եւ երեկ նա Պրահայում հանդիպեց Չեխիայի նախագահի եւ այլ ղեկավարների հետ, հանդես եկավ ելույթով Պրահայի հանրահայտ դղյակի հրապարակում` շուրջ 30 հազար հավաքվածների առջեւ։

Օբամայի ելույթի գլխավոր ուղերձը վերաբերում էր միջուկային սպառազինությունների կրճատմանը եւ միջուկային փորձարկումների համապարփակ արգելմանը։ Միացյալ Նահանգների նախագահի այս ելույթից մի քանի ժամ առաջ Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային համայնքի կոչերը, արձակել էր հերթական հրթիռը. Օբամային արթնացրել էին վաղ առավոտյան ժամը 4.30-ին եւ հայտնել այդ տհաճ լուրը։ Իր ելույթում նա խստորեն դատապարտեց Հյուսիսային Կորեայի այդ որոշումը։

«Այժմ ժամանակն է ուժեղ միջազգային պատասխան տալ, եւ Հյուսիսային Կորեան պետք է իմանա, որ դեպի անվտանգություն եւ հարգանք տանող ճանապարհը երբեք չի բացվի սպառնալիքների եւ ապօրինի զենքի օգնությամբ», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը։

Նա իր ելույթում խոսեց գոյություն ունեցող միջուկային պաշարների վերացման, միջուկային զենքի տարածումը կանգնեցնելու անհրաժեշտության մասին։ ԱՄՆ-ի նախագահին հատկապես անհանգստացնում է միջուկային զենքերի պաշարները վերահսկելու խնդիրը։ Ըստ նրա, պետք է բացառել այդ զենքերի` ահաբեկիչների ձեռքը ընկնելու ցանկացած հնարավորություն, եւ Ամերիկան պատրաստվում է առաջնորդել այս ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

«Իբրեւ միջուկային զենք գործադրած միակ երկիր` Միացյալ Նահանգները բարոյական պատասխանատվություն է կրում գործի անցնելու համար։ Մենք չենք կարող հաջողության հասնել այս գործում միայնակ, բայց մենք կարող ենք առաջնորդել, մենք կարող ենք սկսել այն», - ընդգծեց Բարաք Օբաման։

Նա խոստացավ, որ Ամերիկան կստանձնի աշխարհը միջուկային զենքից ազատելու գործը։

«Այսօր ես հստակ եւ վստահաբար հայտարարում եմ առանց միջուկային զենքի աշխարհում խաղաղության եւ անվտանգության հասնելու` Ամերիկայի պարտավորության մասին», - ասաց Բարաք Օբաման բազմահազարանոց ամբոխի խանդավառ բացականչությունների ներքո։

Օբաման Պրահա է ժամանել շաբաթ երեկոյան Ստրասբուրգից, ուր նա մասնակցում էր ՆԱՏՕ-ի 60-ամյակի հոբելյանական գագաթնաժողովին։

Միացյալ Նահանգների նախագահը իր անդրօվկիանոսյան այցը սկսել է Լոնդոնից, որտեղ տեղի ունեցավ «Մեծ 20»-ի գագաթնաժողովը։

Օբաման իր եվրոպական այցելության ընթացքում գրեթե ամենուր արժանացավ ջերմ ընդունելության։ Չեխիա նրա այցը տեղի է ունենում ներքաղաքական անսովոր պայմաններում։ 11 օր առաջ կառավարությունը անվստահության քվե ստացավ խորհրդարանում եւ ստիպված էր հրաժարական տալ։ Չեխիայի կառավարությունը այժմ նախագահում է Եվրամիությունում, եւ այսօր տեղի է ունենում
Եվրամիություն - Միացյալ Նահանգներ գագաթնաժողովը։ Չեխիայի կառավարության հրաժարականը այս գագաթնաժողովը վերածեց երկկողմ հանդիպումների շարքի։ Չնայած այս ամենին, չեխերը ոգեւորված ընդունեցին Օբամային, հատկապես` երիտասարդությունը։

Չեխիայի Հանրապետությունը համաձայնել էր ամերիկյան ռադարային համակարգի տեղակայմանը իր տարածքում, սակայն այդ որոշումը միանշանակ չընդունվեց չեխերի կողմից։ Հակառադարային բողոքի ցույցեր տեղի ունեցան ԱՄՆ-ի նախագահի այցից առաջ եւ այցի ժամանակ։ Օբաման այս հարցին նույնպես անդրադարձավ` մասնավորապես, հայտարարելով. - «Եթե Իրանից եկող սպառնալիքը շարունակվի, մենք կշարունակենք իրականացնել հրթիռային պաշտպանության համակարգի ծրագիրը։ Իսկ եթե իրանական սպառնալիքը վերանա, ապա մենք անվտանգության ավելի ամուր հիմք կունենանք, եւ Եվրոպայում հրթիռային պաշտպանության համակարգի կառուցման շարժառիթը կվերանա»։

Այսօր ուշ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահը Պրահայից մեկնում է Թուրքիա, ուր մասնակցելու է «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի աշխատանքներին։ Այդ ֆորումին մասնակցելու է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG