«Վարչական լծակ է փորձ արվում գործադրել», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Մինասյանը: - «Մեր կուսակցության ներկայացուցիչները այդ հարցը բարձրացրել են նաեւ կոալիցիոն գործընկերների մոտ: Այս երաշխիքը կարող է տալ միայն հանրապետության նախագահը` որ վարչական ռեսուրս չպետք է գործադրվի: Այսպիսի վարքագծին պետք է դեմ կանգնեն նաեւ ընտրական հանձնաժողովները: Սակայն, ինչպես շատ բաներ մեր երկրում, այնպես նաեւ այս հարցը գերագույն գլխավոր հրամանատարի վարքագծից է կախված»:
Դաշնակցական պատգամավորը հույս հայտնեց, թե Սերժ Սարգսյանը հրապարակավ կերաշխավորի, որ մարտի 31-ի ընտրություններում վարչական լծակներ չեն օգտագործվի:
«Որպեսզի մեր հանրության ներկայացուցիչները կարողանան ընտրություն կատարել իրենց կամքին համապատասխան, եւ ոչ թե արտաքին ազդեցությամբ», - եզրափակեց Մինասյանը:
Պատգամավորի մտահոգության համար հիմք են հանդիսացել ընդդիմադիր մամուլի հրապարակումները, թե մայրաքաղաքի դպրոցների տնօրենները քաղաքապետարանից հրահանգ են ստացել ներկայացնել դպրոցների աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների ու ազգականների ցուցակները, այսպես կոչված` 100 տոկոսանոց քվեներ ապահովելու նպատակով շրջանառվող թերթիկները:
Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «անհեթեթ» որակեց այդ մեղադրանքները. - «Պաշտոնապես նախ կոչ եմ արել, որ որեւէ մեկը նման բան չստորագրի, որովհետեւ դա հակաօրինական է եւ որեւէ կապ չունի Հանրապետական կուսակցության հետ: Ավելին` այդ մարդիկ, ովքեր իրականացնում են, սադրիչներ են: Իսկ բոլոր մեղադրանքների կապակցությամբ ասում եմ, որ դրանք իրականության հետ կապ չունեն, սովորական հակաքարոզչության տարրեր են»:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Անցյալ ընտրությունների փորձը ապացույցն է այն բանի, որ հենց այդ [վարչական լծակները օգտագործելու] նպատակով էլ այդ [ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված բազմաթիվ] պաշտոնյաները օգտագործվելու են»:
Անուշ Մարտիրոսյան