Կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամութի կարծիքով` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը կնպաստի Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ու հակամարտության կողմերի առաջընթացին` նպատակին շուտափույթ հասնելու համար:
«Հայաստանը եւ Թուրքիան մի շարք չլուծված խնդիրներ ունեն, որոնք բացարձակապես կապ չունեն Lեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը կարող են կարեւոր ու դրական իրադարձություն լինել ամբողջ տարածաշրջանի համար, ու վաղ թե ուշ տարածաշրջանի բոլոր երկրները դրանից օգուտ կունենան», - ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է բրիտանական կազմակերպության ղեկավարը: Նա նշել է, որ Թուրքիան չի կարող լիարժեքորեն նպաստել Lեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մինչեւ դիվանագիտական հարաբերություններ չունենա Հայաստանի հետ:
Դենիս Սամութի կարծիքով` Կովկասում կայունության ու համագործակցության Թուրքիայի նախաձեռնությունը չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ պաշտոնական Անկարան նորմալ դիվանագիտական հարաբերություններ չունի տարածաշրջանի երկրներից մեկի հետ:
Բացի այդ, գտնում է LINKS կազմակերպության ղեկավարը, սահմանի բացումը Հայաստանին մանեւրելու հնարավորություն կտա եւ կնվազեցնի երկրի կախվածությունը Ռուսաստանից:
Դենիս Սամութը Ադրբեջանի քաղաքագետներին կոչ է անում հայ - թուրքական սահմանի բացմանը վերաբերել` հաշվի առնելով այսօրվա իրողությունները:
Մյուս կողմից, նա գտնում է, որ հայ որոշ մասնագետներ եւս հեռու են իրականությունից: «Նրանք գտնում են, որ Հայաստանը կարող է քաղաքական ու տնտեսական նորմալ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ առանց Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում առաջընթացի: Դա տրամաբանական չէ», - ընդգծել է բրիտանական կազմակերպության ղեկավարը:
Հրաչ Մելքումյան, Պրահա