«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. - «Զարմանալի մարդիկ են այդ եվրոպացիները. հավաքվում են եւ բանաձեւ են ընդունում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները պիտի ազատ արձակեն քաղբանտարկյալներին, բացահատեն մարտի 1-ի կազմակերպիչներին, եթեր տրամադրեն «Ա1+»-ին, ապահովեն հանրահավաքների ազատությունը եւ այլն: Սահմանված ժամկետը լրանում է, եւ պարզվում է, որ քաղբանտարկյալները բանտերում են, մարտի 1-ի ոճրագործները բացահայտված չեն, հանրահավաքները արգելվում են, եթերում ոչ մի «Ա1+» էլ չկա: Եվ ի՞նչ. նստում եւ արձանագրում են, որ առաջընթացն ակնհայտ է ու անմիջապես էլ նոր ժամկետ են նշանակում: Մի խոսքով, այնպիսի տպավորություն է, թե ԵԽԽՎ համազեկուցողները կամովին ամեն ինչ անում են խաբված լինելու համար»:
«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Արեւմտյան կառավարություններն իրենց երկրներում հնարավոր բոլոր միջոցներով ձգտում են սահմանափակել ժողովրդավարությունը, միաժամանակ պահանջելով ուրիշներից վարվել ճիշտ հակառակ կերպով։ Նրանց դեմագոգիան հանրահայտ է, եւ այս առումով երբեմն գործ ես ունենում իսկական գլուխգործոցների հետ։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես այն բանից հետո, երբ 1999 թվականի մարտի 24-ին ՆԱՏՕ-ն ռմբակոծության ենթարկեց Հարավսլավիան, մեծ ժողովրդավար ու իրավապաշտպան, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը հայտնագործեց «մարդասիրական ռմբակոծություններ» տերմինը»:
Տիգրան Ավետիսյան