Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները նամակ են հղել Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներին


Ամերիկացի չորս կոնգրեսականներ երկուշաբթի օրը նամակ են հղել Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանին եւ եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին` պատրաստակամություն հայտնելով օժանդակել երկու հարեւան երկրների հաշտեցմանը եւ նրանց միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

Նամակի հեղինակները, որոնք բոլորը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կուսակիցներն են, կարեւորում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վստահության եւ համագործակցության հաստատումը` «բժշկելու բաց վերքերը, դարմանելու կոտրված սրտերը եւ ավելի լավ ապագա ստեղծելու երկու պետությունների եւ ժողովուրդների համար»:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ուեքսլերը, ուժային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Այք Սքելթոնը, Պենտագոնի հետ սերտ կապեր ունեցող կոնգրեսական Ջոն Մերթան եւ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) համանախագահ Էլսի Հասթինգսը իրենց նամակում նշում են. - «Որպես Կոնգրեսի անդամներ` մենք համակարծիք ենք, որ հայ - թուրքական տեւական մերձեցումը պետք է առաջնայնություն լինի Միացյալ Նահանգների համար: Մենք պատրաստ ենք օժանդակել ձեր ժողովուրդների ջանքերին` կարգավորելու հարաբերությունները եւ ավելի լավ ապագա կառուցելու հայերի եւ թուրքերի սերունդների համար»:

«Այս գործընթացը դժվարին է եւ երբեմն` ցավագին, սակայն շարունակում ենք հուսալ, որ երկկողմանի ներգրավվածության շարունակականությունը կհանգեցնի դրական ճեղքման, որը մեկընդմիշտ կփոխի տարածաշրջանի դինամիկան եւ Հայաստանի ու Թուրքիայի համար նոր հնարավորությունների ու ավելի պայծառ ապագայի դուռ կբացի», - շեշտում են ամերիկացի կոնգրեսականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG