Մատչելիության հղումներ

Մեկնարկեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջին եվրոպական շրջագայությունը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր սկսում է իր առաջին եվրոպական շրջագայությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում նա կայցելի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չեխիա, Lեհաստան եւ Թուրքիա, որտեղ կներկայացնի Վաշինգտոնի դիրքորոշումը ժամանակակից աշխարհի հրատապ խնդիրների վերաբերյալ` ֆինանսատնտեսական ճգնաժամից մինչեւ ահաբեկիչների դեմ պայքարը Աֆղանստանում եւ Պակիստանում:

Ակնկալվում է, որ Lոնդոնում` աշխարհի 20 գերտերությունների գագաթնաժողովի շրջանակներում, Օբաման կհանդիպի Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներին, ովքեր վերջին ամիսներին հետեւողականորեն հայտարարում են դոլարի գերակայությանը վերջ տալու եւ նոր համաշխարհային արժույթ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Տնտեսական ճգնաժամի շուրջ դժվարին քննարկում է սպասվում նաեւ բուն գագաթնաժողովի ընթացքում: Լոնդոն կատարելիք այցի նախօրեին Financial Times-ին տված հարցազրույցում Օբաման ասել է, թե համաշխարհային տնտեսության շուրջ 85 տոկոսը տնօրինող երկրները պետք է «համախմբվեն եւ միասնական քաղաքականություն որդեգրեն այն քայլերի շուրջ, որոնք կարող են խթանել առեւտուրն ու տնտեսության զարգացումը»:

Շաբաթվա վերջին Օբաման կմեկնի Ստրասբուրգ, որտեղ մեկնարկելու է ՆԱՏՕ-ի հիմնադրման 60-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը: Հանդիպման օրակարգում հիմնականում աֆղանական պատերազմն է, որտեղ հաղթանակելու համար, Օբամայի համոզմամբ, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է միավորվեն:

«Այժմ խաղասեղանին է դրված ոչ միայն Միացյալ Նահանգների անվտանգությունը, այլեւ այն գաղափարը, որ ազատ ժողովուրդները կարող են միավորվել համընդհանուր անվտանգության շուրջ: Սա էր 60 տարի առաջ ՆԱՏՕ-ն հիմնադրելու պատճառը, եւ սա պետք է լինի մեր նպատակը այսօր», - անցած շաբաթ հայտարարել է Բարաք Օբաման:

Եվրոպական դաշնակիցների հետ քննարկումները ԱՄՆ-ի նախագահը կշարունակի Պրահայում, որտեղ նախատեսված է ԱՄՆ - Եվրամիություն գագաթնաժողովը: Ակնկալվում է, որ այստեղ ուշադրության կենտրոնում կլինի Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու` ամերիկյան նախորդ վարչակազմի ծրագիրը:

Շրջագայության ավարտին Օբաման կայցելի Թուրիքա, որտեղ կներկայացնի Վաշինգտոնի նոր վարչակազմի քաղաքականությունը մահմեդական աշխարհի նկատմամբ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG