Մատչելիության հղումներ

Մարտի 31-ի մամուլ


«Չորրորդ իշխանություն»-ը ներկայացնում է մարտի 1-ի հանցագործության չբացահայտման պատճառները. - «Հարց է ծագում` արդյո՞ք քաղբանտարկյալներին ազատ արձակել-չարձակելը որեւէ կապ ունի մարտի 1-ի ոճրագործների բացահայտման հետ։ Մարտի 1-ի դեպքում իշխանությունները գնացել են քննությունը սխալ ուղղությամբ տանելու ճանապարհով, բայց այդ «օպերացիան» ձախողվել է։ Հիմա իրավիճակը փոխվել է. ո’չ Ռոբերտ Քոչարյանն է նախագահ, ո’չ Հայկ Հարությունյանն է ոստիկանապետ։ Մնում է, որ Գորիկ Հակոբյանն ու Աղվան Հովսեփյանն էլ զրկվեն իրենց պաշտոններից, եւ արդեն հնարավոր կլինի նորմալ նախաքննություն սկսել։ Հակառակ դեպքում շատ տարօրինակ իրավիճակ կստեղծվի։ Քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, ու հանկարծ կպարզվի, որ Երեւանի կենտրոնում 10 մարդ է սպանվել, իսկ մեղավորներ չկան։ Այսինքն` կստացվի, որ զինված ուժերի ստորաբաժանումները առանց որեւէ հրամանի «ինքնաբուխ» մտել են քաղաք, ինչ-որ անհայտ ոստիկաններ «ինքնաբուխ» կրակեել են ցուցարարների վրա, ինչ-որ կարմիր բերետավորներ «ինքնաբուխ» սկսել են ձերբակալել մարդկանց եւ այլն»։

«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - “Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, Տեր-Պետրոսյանի շրջապատն անում է ամեն ինչ, որպեսզի իրավիճակը հասցնի եռման բարձրագույն կետին` ղեկավարվելով այն վտանգավոր մտայնությամբ, թե այս կամ այն կերպ 2008 թվականի մարտյան սցենարի կրկնությունը անհնար կդարձնի իշխանության` կերակրատաշտի մոտ մնալը։Այսինքն` գալիք ընտրությունների ֆորմատում փողոցային ընդդիմության խնդիրը կլինի փորձել իշխանություններին ստիպել, որ գնան ծայրահեղ քայլերի։ Հասկանալով այս ամենը` Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին լվաց ձեռքերը, որպեսզի խուսափի այս փորձին ամենափոքր առնչություն ունենալուց։ Իր կողմից իշխանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները` իրավիճակի ապակայունացման որեւէ փորձ կանխարգելելու համար։ Եթե կոալիցիայի կուսակցությունները պատրաստվում են ավագանու ընտրություններին, ապա լեւոնական կոնգրեսը պատրաստվում է մարտի 1-ի երկրորդ փուլին։

Նույն թեմային է անդրադառնում «Հայոց Աշխարհ»-ը` գրելով. - «Ինչո՞ւ «Ժառանգությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը այդպես էլ լեզու չգտան Երեւանի ավագանու ընտրությանը միասնական քաղաքապետացուով հանդես գալու հարցում... «Ժառանգություն»-ՀԱԿ ձախողված բանակցությունների կողմերը, ինչ խոսք, տարբեր նպատակներ էին հետապնդում։ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ինչպես միշտ, հանդես էին գալիս «ով մեզ հետ չէ, տականք է» հին հհշական սկզբունքի շրջանակում։ «Ժառանգությունն» ավելի համեստ էր իր հավակնություններում՝ պատրաստ էր բավարարվել Երեւանի ավագանու կազմում սեփական խմբակցություն ունենալու տարբերակով, եւ իր ընտրացուցակի «մրցունակությանը» վստահ լինելու դեպքում, անշուշտ, կմասնակցեր ընտրություններին՝ առանց դույզն-ինչ անհանգստանալու, թե դրանով կարող է խփել «ընդդիմության» գործին։ Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալու դեպքում «ժառանգությունն» անխուսափելի կդարձներ հետընտրական առճակատումը՝ քարտ բլանշ տալով լեւոնականներին, ինչպես դա տեղի ունեցավ նախագահական ընտրություններում։ Խորհրդարանական ընդդիմությունը գուցե նաեւ սա հասկանալով՝ անվերապահ աջակցություն չհայտնեց ՀԱԿ-ի թեկնածուին»։

«Ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «Մարդկությունը տակավին չի հնարել իշխանափոխության ավելի կատարյալ մեխանիզմ, քան՝ ընտրություններն են։ Սա միակ ձեւն է, երբ փոփոխության սուբյեկտը ոչ թե մարդկանց սահմանափակ խումբ է, այլ՝ հասարակությունը, հետեւաբար՝ նույն այդ փոփոխությունը ծառայելու է ոչ թե ինչ-որ կլանի, այլ՝ հանրային շահերին։ Եվ պետք է գոհունակությամբ արձանագրել, որ այսօրվա ընդդիմությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, զերծ է հեղափոխական բարդույթներից ու իշխանության տարատեսակ բռնություններին պատասխանում է բացառապես քաղաքական քայլերով։ Նման վարքագիծը նյարդայնացնում է վարչախմբին, նշանակում է՝ իր մեջ հաղթելու, վիճակ փոխելու ռեսուրս է պարունակում։ Բոլոր ավտորիտար ռեժիմներն ընտրություններից վախենում են։ Այդպես է նաեւ Հայաստանում։ Սերժ Սարգսյանի իշխանության միակ հույսը կարող է լինել հասարակության պասիվությունը։ Արդ, եթե մեր հասարակությունը ակտիվորեն մասնակցի ընտրություններին, իշխանության վիճակն անհուսալի է, մանավանդ որ՝ ընդդիմադիր դաշտը մաքրված է ականներից։ Ընդհանրապես՝ պետք է գերակայի հասարակական այն գիտակցությունը, որ ցանկացած ընտրություն մոտեցնում է ավտորիտարիզմի վախճանը։ Դա է նաեւ Երեւանի քաղաքապետի միջնորդավորված ընտրության խորհուրդը»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «Յոթի գործով» անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին, ով գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում, առայսօր չեն թույլատրում տեսակցել իր հարազատների հետ։ Երեկ հայտնի է դարձել, որ Շանթ Հարությունյանի կինը` Ռուզան Բադալյանը, իր ամուսնուն տեսակցելու խնդրով դիմել է «Յոթի գործը» քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Առայսօր որեւէ տեղեկություն չկա, թե ինչպես է այժմ իրեն զգում Շանթ Հարությունյանը։ Երեկ այդպես էլ չի հաջողվել զրուցել հոգեբուժարանի տնօրեն, ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի հետ։ Առողջապահության նախարարությունից միայն փոխանցել են, որ Շանթ Հարությունյանի առողջական վիճակի մասին տեղեկատվություն կլինի հինեշաբթի կամ ուրբաթ օրը` փորձաքննության ավարտից հետո»։ Երեկ թերթի հետ զրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի կինն ասել է, թե հոգեբուժարանից իրենց ասում են միայն, որ Շանթն իրեն լավ է զգում։ «Բայց եթե մենք նրան չենք տեսնում, մենք ինչպե՞ս իմանաք, թե նա իրականում ինչպես է», - ասում էր Ռուզաննա Բադալյանը։ Նա շարունակում է պնդել, որ Շանթ Հարությունյանը հոգեբանական ոչ մի խնդիր չունի։ «Նրան հրահրել են, որպեսզի ագրեսիա դրսեւորի», - ասում է Ռուզաննա Բադալյանը։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG