Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ին տված հարցազրույցում Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) մամուլի խոսնակ Ռուզան Խաչատյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, ափսոսանք է հայտնում, որ, ի տարբերություն նորմալ ժողովրդավարական երկրների, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի, որտեղ ինքը վերջերս է եղել, եւ որտեղ ընտրակեղծիքը, լցոնումը եւ մեր հասարակությանը հայտնի կեղծիքի այլ տարատեսակները անգամ ընկալելի երեւույթներ չեն, Հայաստանում ընտրություններին մասնակցելը պատերազմ գնալու նման մի բան է դարձել: «Իսկ այն, որ Երեւանի ավագանու ընտրությունները իշխանության խնդիր են լուծում, ոչ մեկը թող չժխտի եւ չձեւացնի, թե դա ընդամենը Երեւանի քաղաքապետի ընտրություն է։ Բնավ ոչ, եւ դա շատ լավ հասկանում են նաեւ իշխանությունները, որոնք ամեն ինչ անելու են, ինչպես արեցին նախագահական ընտրությունների ժամանակ, որպեսզի չկորցնեն իշխանության այնպիսի լծակը, ինչպիսին Երեւանն է։ Իհարկե, այն կեղծիքները, որոնք արվում են երկրում համապետական ընտրությունների ժամանակ, Երեւանում անելը, առավել եւս՝ այս դեպքում, դժվար է լինելու՝ շատ պատճառներով։ Կարծում եմ, ընդդիմության հնարավորությունները՝ թույլ չտալ ընտրակեղծիքներ եւ ամրագրել սեփական հաղթանակը, շատ ավելի հավանական է այս ընտրություններում։ Ես ինքս դրանում բացարձակապես չեմ կասկածում», - ասել է Ռուզան Խաչատրյանը:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականն անդրադառնում է նույն` Երեւանի քաղաքապետի ընտրությունների թեմային. - «Չորս հիմնական գործոն` երկուսը հօգուտ իշխանությունների եւ երկուսը` հօգուտ ընդդիմության, կանխորոշելու են Երեւանի քաղաքապետի ընտրությունների ելքը: Առաջին երկվորյակ գործոնները վարչական ռեսուրսն ու ընտրակեղծիքներն են, իսկ երկրորդ երկվորյակ գործոնները` հանրահավաքային շարժումն ու քաղաքացիական բարձր ակտիվությունը: Հասկանալի է, որ առաջին զույգ գործոնը գտնվում է իշխանության եւ երկրորդը` Հայ ազգային կոնգրեսի ձեռքին, եւ կողմերից յուրաքանչյուրը հենց այդ ռեսուրսների կիրառմամբ է փորձելու հասնել ցանկալի նպատակին, ավելի ճիշտ` ցանկալի արդյունքի հասնելու է այդ ռեսուրսների արդյունավետ կիրառման պարագայում: Որ ընդդիմության հնարավորությունները այս ընտրություններում բացարձակ են, տեսանելի է անգամ անզեն աչքով: Ընդ որում` հիմա արդեն իրավիճակը բացարձակապես ուրիշ է, որովհետեւ ընթացիկ քաղաքական շրջափուլում չի գործելու «լեւոնականության-հակալեւոնականության»` շատերի կողմից թմբկահարվող գործոնը: Ըստ այդ տեսության, կա ընդդիմադիր մի հսկա ընտրազանգված, որ, ընդդիմադիր լինելով, ձայն չի տալիս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եթե անգամ այս գործոնը աշխատում էր 2008 թվականի ընտրություններին, մարտիմեկյան դասերը այլեւս չեզոքացրեցին այն, ինչի արդյունքում մարդկանց ընկալումները առավելագույնս քաղաքականացան, եւ ակնհայտ դարձավ, որ եթե ընդդիմադիր քաղաքացին ձայնի չի տալիս ընդդիմության դոմինանտ ուժին, նշանակում է` ձայն է տալիս իշխանությանը»:

«Հայոց Աշխարհ» թերթի ուշադրության կենտրոնում դարձյալ Հայ ազգային կոնգրես - «Ժառանգություն» փոխհարաբերությունների հարցն է. - «Այն ամենից հետո, ինչ Տեր-Պետրոսյանն ու յուր կոնգրեսականներն արեցին «Ժառանգության» գլխին, ընդունված է ապահարզանի հայցադիմում ներկայացնել։ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ի բազեները ամեն ինչ արեցին, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ժառանգությանը» կա՛մ անցկացնեն իրենց թրի տակով, կամ՝ վանեն հնարավորինս հեռու։ Վանեցին։ Բայց էլ ո՞ր օրվա հհշականներն են, որ դրանով գործը ավարտված համարեն։ Ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանը իր ամերիկյան միամտությամբ ամենեւին չէր կարող պատկերացնել, որ ի դեմս հհշական իր «գործընկերների», գործ ունի այն տեսակի հետ, որին եթե մատդ մեկնես՝ ձեռքդ ուսիցդ կպոկի ու կտանի։ Եվ դեռ հետո էլ կսկսի համոզել, որ այդտեղ երբեւէ ձեռք չի եղել»։

«168 ժամ»-ը շեղվում է թեմայից` նկատելով. - « Մինչ Հայաստանում բոլորը զբաղված են Երեւանի քաղաքապետի ընտրություններով, վերջին մեկ-երկու շաբաթներին, ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման` ամենեւին ոչ հայանպաստ սցենարների իրագործման մասին։ Դրանում համոզվելու համար բավական է հետեւել նույնիսկ պաշտոնական տեղեկատվությանը։ Օրինակ` ըստ ՀՀ ԱԳՆ-ի, երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների ուղերձը, որով վերջինս «վերահաստատել է պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»։ Գրեթե նույնաբովանդակ մի ուղերձ էլ շաբաթվա սկզբին Նալբանդյանին էր փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունից։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել ՀՀ-ից դուրս։ Առանձնապես «ոչինչ»։ Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում «նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների քննարկումը»։ Նա, բնականաբար, նշել է, որ դա կօգնի հաղթահարելու հայ-թուրքական հարաբերություններում առկա բոլոր բարդությունները։ «ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ, կարող են ամենակարճ ժամանակում լուծել այդ հիմնախնդիրը», - ասել է Էրդողանը։ Այդ ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հասցրել է իր ոգեւորությունն արտահայտել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ... Իսկ ՀՀ իշխանությունները ողջ թափով նախապատրաստվում են... Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Մյուս կողմից՝ բացառված չէ, որ այդ ընտրությունների հետ կապված իշխանությունների վստահությունը պայմանավորված է վերը նշված իրադարձություններով։ Այսինքն` ընտրություններում ՀՀ իշխանությունների ակնկալիքները կիրականանան, եթե իրականանան Կուշների, Քլինթոնի, Բարոզուի... Էրդողանի ակնկալիքները։ Առաջիկա օրերին հավանաբար Նալբանդյանին կհանձնվի նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձը»։


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG