Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի նոր շենքում առաջին խմբագրական ժողովը նախագահեց Վացլավ Հավելը


Այսօր կայացավ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաջին խմբագրական ժողովը ռադիոկայանի նոր շենքում, որը նախագահեց Չեխիայի նախկին ղեկավար Վացլավ Հավելը:

Ժողովը, որին մասնակցում էին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ծառայությունների ղեկավարները, բացեց ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը, ով ողջունեց Չեխիայի նախկին նախագահին` բարձր գնահատելով նրա դերը ժողովրդավարության տարածման եւ հատկապես «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանի` Մյունխենից Պրահա տեղափոխման գործում:

Ընթերցվեցին մի շարք երկրների ներկայիս եւ նախկին ղեկավարների, պետական եւ քաղաքական գործիչների, այդ թվում` Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի ուղերձները «Ազատություն» ռադիոկայանին եւ Վացլավ Հավելին:

Դիմելով ժողովի մասնակիցներին` Չեխիայի նախկին նախագահը, մասնավորապես, հայտարարեց. - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաջին խնդիրը սեփական ինքնության ուժեղացումն է, այն է` տարածել ազատ, անկախ տեղեկատվություն եւ մեկնաբանություններ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ` անկախ իշխանական որեւէ ազդեցությունից: Սա է ռադիոկայանի գոյության իմաստը, դա է, որ բնորոշ է նրան գոյության տասնյակ տարիների ընթացքում, եւ, անշուշտ, շարունակում է մնալ նրա գլխավոր խնդիրը ապագայի համար»:

«Ռադիոկայանի մեկ այլ խնդիրն է կրթել ժողովրդավար քաղաքական գործիչների ոչ միայն նոր ժողովրդավարական երկրներում, այլեւ քաղաքական գործիչների ընդհանրապես, քանզի կրկին եւ կրկին մենք ականատես ենք լինում, թե ինչպես հին ժողովրդավարական երկրների քաղաքական գործիչները խուսափում են ավտորիտար կամ բացահայտ ամբողջատիրական երկրների իրենց գործընկերների հետ առավել կարեւոր հարցերի մասին շիտակորեն խոսելուց` ելնելով տնտեսական շահերից, կամ էլ քաղաքական պատճառներով», - ընդգծեց Վացլավ Հավելը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG